Բայց ի՞նչ կա որ, տրամաբանության մեջ է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի”։

«Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ»,- «Ազատության» եթերում հայտարարել է Հովհաննիսյանը։

«Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում, – ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, – «դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»։

Պատգամավոր Հովհաննիսյանը ինչո՞ւ է զայրանում․ Ալիեւի պահանջը ՀՀ կառավարության քայլերի տրամաբանության մեջ է։ Եթե իշխող կուսակցության ներկայացուցիչը ասում է՝ դեռ պետք է հաշվենք Ցեղասպանության զոհերին անուն առ անուն, եթե վարչապետը ասում է, որ ինչ էլ լինի, խաղաղության է գնալու, Ալիեւն էլ պահանջելու է խաղաղության համար ճանաչել “Խոջալուի ցեղասպանությունը”։  

Բորելը հայտարարել է պաշտպանական համագործակցության համաշխարհային ցանց ստեղծելու պլանների մասին

Եվրամիությունը մտադիր է ստեղծել երրորդ երկրների հետ պաշտպանական համագործակցության ցանց և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում միանալ դրան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում բացելով Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։

«Սպառնալիքների քանակն ավելանում է: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ: Ես հենց նոր ստորագրեցի առաջին (խմբ․՝ համաձայնագրերը) Մոլդովայի և Նորվեգիայի հետ: Մենք պատրաստում ենք ևս վեցը: Եվ ես հրավիրում եմ բոլորին, ովքեր շահագրգռված են Եվրոպական Միությանը մոտենալու և մեզ հետ անվտանգության ու պաշտպանական համագործակցություն կառուցելու հարցում, քանի որ մենք ցանկանում ենք ստեղծել պաշտպանական գործընկերության ցանց ամբողջ աշխարհում», – հայտարարել է Բորելը։

Իր խոսքում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն պետք է արագ դառնա «ունակ խաղացող պաշտպանության և անվտանգության ոլորտում»։

Եղանակը Հայաստանում. որոշ վայրերում սպասվում է անձրեւ ու կարկուտ

Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։

Ինչպես հայտնում են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+20,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +24+26,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20,

Լոռի՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,

Տավուշ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+27,

Արարատ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+31,

Արմավիր՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25:

Արցախցիների ճամփորդական իրավունքը չի փոխվել, բայց դեսպանատներն իրենք են որոշում

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներ՝ հիմնականում եվրոպական, հրաժարվում են ընթացքավորել մուտքի արտոնագիր՝ վիզա տրամադրելու արցախցիների, մասնավորապես, 070 կոդով անձնագիր կրող անձանց դիմումները։ Այս մասին ահազանգել էր նաեւ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները։

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանին step1.am-ը հարցրեց՝ ո՞րն է պատճառը, որ օտարերկրյա դեսպանատները մերժում են արցախցիներին մուտքի արտոնագրեր տրամադրել, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը։

Նելլի Դավթյանի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու և իր երկրից դուրս գալու, ինչպես նաև մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները։ Եվ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ պահանջվող փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում։

«ՀՀ կառավարության 26․10․2023թ․-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1864-Ն որոշմամբ այլ պետության քաղաքացի չհանդիսացող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Նշված որոշմամբ հաստատված հավելված 1-ին կետի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստթուղթ են անձնագիրը, որի ծածկագիրը տպագրվում է բացառապես 070 կոդով և ժամանակավոր պաշտպանության (փախստական) վկայականը՝ համաձայն նմուշի։

070 ծածկագրով տրված փաստաթուղթը 26․10․2023թ․-ի թիվ 1864-Ն որոշման շրջանակներում հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ, սակայն նշված փաստաթուղթերը՝ համաձայն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում։

Ինչ վերաբերում է ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական ծառայությունների կողմից մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերին, ապա հայտնում ենք, որ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու և իր երկրից դուրս գալու, ինչպես նաև մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները, ինչով պայմանավորված՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ պահանջվող փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում»,- ասաց Նելլի Դավթյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության դիմումները արտահերթ ռեժիմով կընդունվեն

Ազգային ժողովում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել Արցախից բռնի տեղահանված 96 696 քաղաքացի, հաշվառման են կանգնել 83 942-ը։ ՀՀ քաղաքացիության համար դիմել է 2075 անձ, նրանցից արդեն իսկ քաղաքացիություն է շնորհվել 1437 անձի։ «Ես նշեմ, որ մեր հայրենակիցներն արտահերթ ռեժիմով են քաղաքացիության դիմումների մասով սպասարկվում, որովհետեւ, եթե գնանք ստանդարտ ճանապարհով, յուրաքանչյուր դիմումի կարող ենք հատկացնել շուրջ 3 ամիս ժամանակ։ Բայց այս պահի դրությամբ աշխատում ենք մեկ ամսվա ընթացքում եզրափակել այս դիմումները եւ կարողանանք ավարտական ակտերը հասցնել մեր հայրենակիցներին»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Բայց ձեր ի՞նչ գործն է

Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել թոշակառուների համար անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը, սակայն նախատեսում է նաև բովանդակային որոշակի փոփոխություններ: Այս մասին, այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականին թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ։ Վերջերս ես տեղեկանք խնդրեցի, թե ի վերջո մեր սիրելի թոշակառուներն ինչի՞ վրա են ծախսում այս գումարները: Եվ զարմանքով արձանագրեցի, որ մեծ տարբերությամբ գումարները ծախսվում են առաջին տողով ծխախոտի, երկրորդ տողով՝ բենզինի վրա: Սա մեզ առնվազն մտածելու տեղիք պետք է տա, թե ինչն է պատճառը»,–ասաց Փաշինյանը:

«Բովանդակային որոշակի փոփոխություններ պետք է անենք, որ չստացվի, թե մեր սիրելի թոշակառուներին կամ նրանց թոռնիկներին մղում ենք ավելի շատ ծխելու: Մեր նպատակադրումն այն է, որ նրանք ոչ միայն ավելի քիչ ծխեն, այլ նաև ընդհանրապես չծխեն ու առողջ ապրելակերպով ապրեն»,–ասաց Փաշինյանը:

Հայաստանում թոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճար են ստանում, սակայն ոչ ավելի, քան 5 հազար դրամը:

Փաշինյանի և Բագրատ Սրբազանի “վեճը”. ո՞վ է էլիտան Հայաստանում և ո՞ւմն է հողը

Նիկոլ Փաշինյանի և Բագրատ Սրբազանի միջև հետաքրքիր «վիճաբանություն» է, որի արմատները խորանում են հողի մեջ։ Այդ իսկական հայկական հողի, որը 100 տարի առաջ կորցրեց իր տերերին և դարձավ սակարկության առարկա քաղաքական ստահակների համար։

Երեկվանից՝ Սարդարապատից Փաշինյանը խոսում է որոշակի «էլիտար խմբերի» մասին, որոնք ցանկանում են իրենից խլել «ժողովրդի իշխանությունը»։ Պարզ չէ, թե ում նկատի ունի «էլիտաներ» ասելով, բայց «ընտրյալ» կաստային հղում անելը միայն ի ցույց է դնում Փաշինյանի լյումպեն բարդույթները։

Այսօր խորհրդարանում նա պարզաբանեց, որ «էլիտաներ» ասելով նկատի ունի առաջին հերթին կղերական իշխանությունը։ Կաթողիկոսի հետ Սարդարապատում երեկվա պատմությունը, ըստ երևույթին, պետք է ցույց տար, որ Փաշինյանը և նրա տերերը չեն ճանաչում Հայաստանում այն ​​ուժերին, որոնք իրավամբ իրենց համարում են հայոց հողի ժառանգորդն ու տերը։

Ի պատասխան՝ Բագրատ Սրբազանը Փաշինյանին համեմատեց բոլշևիկների հետ՝ հիշեցնելով, որ 1938 թվականին բոլշևիկները սպանել են կաթողիկոսին և երկու արքեպիսկոպոսներին։ Նրանք նաև եկեղեցուն զրկել են հողային իրավունքից։

Այնուամենայնիվ, ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը, երբ խոսում է վերնախավերի մասին և այն մասին, որ սխալվել է 2018 թվականին ճանաչելով այս էլիտաներին։ Նկատի ունի՞, որ 2018-ին ինքն է ցանկացել դառնալ էլիտա, բայց չի կարողացել. անգամ վարչապետի պաշտոնն ու փողը «անցաթուղթ» չեն «ընտրյալների» կաստա մտնելու համար։

Ավելի քան 100 տարի աշխարհում պայքար է ընթանում ժառանգական արիստոկրատիայի, որին մաս կազմելը որոշվում է ժառանգական կոչումներով, հողատիրությամբ և պետության մեջ դերով, և մեծ փողերով, բայց առանց արիստոկրատական ​​տիտղոսների նոր «էլիտայի» միջև:

Տիտղոսները հողի սեփականության իրավունքն են, և պատահական չէ, որ եվրոպական շատ երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, թագավորական իշխանությունը պահպանվում է. նրա հիմնական գործառույթը թագի հողի սեփականությունն ու տնօրինումն է։ Բայց նույնիսկ այն եվրոպական երկրներում, որտեղ չկա թագավորական իշխանություն, սրբորեն պահպանվում է հողի տիտղոսային և մասնավոր սեփականությունը։ Այնտեղ ոչ ոք չվերացրեց արիստոկրատիան, նույնիսկ ամենաձախ կառավարությունների օրոք՝ կոմունիստներ կամ լիբերալներ։ Հողը պետք է տեր ունենա։

100 տարի առաջ փորձ արվեց վերացնել այդ կարգերը՝ Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխությունը նպատակ ուներ ապահովելու, որ «հարուստներ» չլինեն, և տեր չլինի։ Բայց փորձը ձախողվեց, քանի որ սեփականատերերի բացակայությունը հանգեցնում է սեփականության մշտական ​​վերաբաշխման։ Եվ հիմա, նույնիսկ Ռուսաստանում, սկսվել է նոր էլիտայի ձեւավորումը։

Փաշինյանն անընդհատ հիշեցնում է, որ 400 տարի Հայաստանը չուներ պետություն, այսինքն՝ արիստոկրատիա, եւ հողին տեր կանգնելու իրավունքը վերջնականապես կորցված է։ Միևնույն ժամանակ, և՛ նա, և՛ աշխարհը գիտեն, որ ազնվականության բացակայության պայմաններում Հայ առաքելական եկեղեցին լռելյայն ճանաչվել է որպես «ազգային էլիտա» Օսմանյան կայսրությունում։ Նա դեռևս կալվածքներ ունի նախկին Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև ներկայիս Հայաստանում։

Այդ պատճառով էլ Փաշինյանը իր սլաքներն ուղղեց ՀԱԵ-ի գույքի դեմ՝ մե՛կ մեղադրելով հարկերը չվճարելու մեջ, մե՛կ հայտարարելով, որ եկեղեցու ունեցվածքը արդյունավետ չի օգտագործվում։

Հայ առաքելական եկեղեցին միջազգային ատյաններով բազմիցս ապացուցել է, որ Թուրքիան խախտում է Լոզանի պայմանագիրը և ուզում է խլել  այն, ինչ իրեն չի պատկանում։ Միջազգային հանրությունը ճանաչում է Հայ եկեղեցու իրավունքը անշարժ գույքի և հողի նկատմամբ։

Այս իրավունքը կախված չէ կաթողիկոսի անձից կամ նրանից, թե Հայաստանում ով է վարչապետը. իշխանությունը փոխարինելի է, իսկ սեփականության իրավունքը՝ ոչ։ Եվ քանի դեռ Հայաստան պետությունը չի դարձել հայկական հողերի լիիրավ տերը, նրանք լինելու են սակարկության առարկա իշխանական ստահակների և արմատազուրկ «նվաճողների» համար։

Նաիրա Հայրումյան

Բագրատ սրբազան․ այս կառավարությունը բոլշեվիկների գիծն է տանում

Այլեւս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք դեռեւս բա՞ց է իշխանության հետ հանդիպելու իր հայտարարությունը:

1938 թվականին բոլշեւիկների կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյան հայրապետին խեղդամահ արեց: Սա ուղիղ համեմատական է այս մարդկանց հետ: Սրանք  անունով էլ են դիմում: 1937-ին երկու արքեպիսկոպոսներ գնդակահարվել են պետական անվտանգության կոմիտեի նկուղներում: Սա նույն գիծն է, որ այս մարդիկ շարունակում են իրենց նախնիների գործը»,-ասաց Սրբազանը:

Այգիներն ու այգեգործությունը Ակնայից Այնթապ. Սերգեյ Ղարայան

Սերգեյ Ղարայանը Արցախի ստեղծարար երիտասարդներից է, ով մինչև 2020 թվականի ողբերգական պատերազմն Արցախում 2014-2024 թթ․ զբաղվում էր այգեգործությամբ։ Ակնայի շրջանում ընկերներով 10 հա տարածքում այգի էին հիմնել, որից 3 հա նուռ և 7 հա թուզ։

2020 թվականի հոկտեմբերի 1-ին նախատեսվում էր նռան առաջին բերքահավաքը, սակայն սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը բոլոր ծրագրերը խափանեց։ Հարցին, թե որքա՞ն է կազմում նյութական վնասը, Սերգեյը պատասխանում է․ միլիոններ, այգի հիմնելիս ծախսը չես հաշվում։ Ծախսում ես այնքան, որքան անհրաժեշտ է, բայց պատերազմից հետո փոխհատուցման ծրագրով հաշվարկածը մոտ 20 հազար ԱՄՆ դոլար է, ինչն իհարկե իրական պատկերը չէ, ավելի շատ էր։ Ընդ որում փոխհատուցման ծրագրից չեն օգտվել։

Իսկ վերջին շրջանում անց էր կացրել նաև ոռոգման համակարգը, բայց ինչպես Սերգեյն է նշում, երեք տարվա մեջ ջուր իրեն մի անգամ են տվել, մինչդեռ ջրագիծն անցնում էր հենց իրենց այգու կողքով։ Ջուրը հասանելի էր էլիտարներին, արտոնյալներին։

-Այդ դեպքում ինչպե՞ս էր լուծվում ոռոգման հարցը։

-Կարող է չհավատաք, կարող է աբսուրդ հնչել, բայց ես իմ նռան այգին ջրել եմ ավելցուկով։ Երբ ջրօգտագործողները ջուրը բաց էին թողնում իրենց դաշտերը ջրելու ու ջուրը դաշտից դուրս էր գալիս, ջրափոսեր էր առաջանում, ես տեղը ֆիքսել եմ, ու այդտեղ տրակտորով ջրահավաք փոս փորել, որտեղից ջուրը պոմպով քաշում էի ու հասցնում այգի։ Անասելի տանջանքով ենք այգին այգի սարքել, էլ դույլերով, էլ մեքենաներով ջուր հասցնելով ամառվա տապին, վերջում այդ ամենը մնաց թշնամուն։

– Իսկ 2020 թվականի պատերազմից հետո վերադառնալով Արցախ փորձել՞ եք կրկին այգեգործությամբ զբաղվել։

-Պատերազմից հետո զբաղվել եմ միայն տնկարանով, մի 400–500 հատ տնկի էր մնացել, դրանք եմ խնամել ու արդեն նոր՝ «GARAVAN» նախագծով եմ զբաղվել։ Տնկիները շատ էին ափսոս, նույնիսկ ձրի ուզում էի բաժանել, բայց ցանկացող  չկար։

Սերգեյ Ղարայանը 2023 թվականի աշնանը Արցախի էթնիկ զտումից հետո տեղափոխվել է ՀՀ և Այնթապ համայնքում կրկին զբաղվում է իր սիրելի գործով՝ այգեգործությամբ։ Ունի առանձին տնկարան, ու նորից թուզի այգի է հիմնել, որի պտուղները Արցախում չհասցրեց վայելել։ Ջաբրայան Հոլդինգսի հետ համատեղ ջերմոցային տնտեսության հիմք են դրել, որտեղ աճեցվելու են արևադարձային կուլտուրաներ։ Արցախից բերել է նաև տնկիներ, արցախյան սորտն այստեղ աճեցնելու համար։

-Արցախից բերել եմ նռան, թուզի, խաղողի ու մուշմուլայի տնկիներ։ Ճիշտ է չգիտեմ ձմռանը պայմանները ո՞նց է լինելու, բայց կարծում եմ հնարավոր կլինի այստեղ դրանք աճեցնել։ Կարևորը ջուրն է, այս պահին դեռ խնդիր չէ։

Հարցին, թե ինչու՞ հենց այգի, Սերգեյ Ղարայանը պատասխանեց․ Ինձ չեն գրավում կարճաժամկետ ծրագրերը, ասենք ջերմոցներում բանջարեղեն աճեցնել ու շատ կարճ ժամկետներում դրանք իրացնել ու եկամուտ ստանալ։ Այդ առումով, այո՛, ծառի վրա արված ներդրումը եկամուտ ապահովում է 5-10 տարի հետո, բանջարեղենի նման չէ, այգեգործությունը լրիվ ուրիշ փիլիսոփայություն է, այգի հիմնելով դու հիմնական միջոց ես ստեղծում, որը մնալու է նաև քեզանից հետո։ Եվ որ ամենակարևորն է՝ հողի արժեքն է բարձրանում։ Երրորդն էլ՝ դա իմ, այսպես ասած, հոբբին է։

Չնայած դա Սերգեյի հոբբին է, բայց աշխատանքներին ներգրավվում էին տաև տան փոքրերը։

Իսկ 2012-2016 թթ․ Սերգեյն Արցախում նաև ճագարաբուծական ֆերմա ուներ, Ստեփանակերտում ամենախոշորներից, ցավոք, դա էլ փակվեց 2016-ի պատերազմի հետևանքով։ Սերգեյի օրինակը միակն է, թե բացի ստանդարտ բանաձևային բիզես–ռիսկերից էլ ի՞նչ գլխավոր ռիսկ ուներ Արցախում ապրող ու արարող ձեռներեցը, բայց մեր նյութի հերոսը վհատվողներից չէր։

 

-Արցախ վերադարձի հույս ունի՞ Սերգեյ Ղարայանը։

-Հույս միշտ էլ կա, այս տարածաշրջանը միշտ փոփոխական է եղել, ու ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը կփոխվի հօգուտ մեզ, այստեղ խնդիրը լրիվ ուրիշ է։ Մենք պատրա՞ստ ենք այդ օրվան։ Ես չեմ տեսնում, որ մեր ժողովուրդը ինչ- որ տեսլական, նպատակ ունենա, գոնե 10 տարվա ծրագիր մշակելու և այն իրագործելու ցանկություն ունենա, մինչդեռ դա այս պահին ամենակարևորն է։ Մենք պետք է կարողանանք ինքնակազմակերպվել և յուրաքանչյուրս բացի մեր անհատական ու անձնական գործերից ունենանք նաև անելիք գալիքի համար, ինչը 5, 10, 15 տարի հետո հնարավոր կդարձնի մեր վերադարձը։

-Եթե մի երանելի օր Արցախը մերը լինի, կվերադառնաս, թե՞ այգին չի թողնի։

-Եթե հասնենք նրան, որ մերը լինի՝ կվերադառնամ, այգին էլ դժվար չէ, հետս կտանեմ։

Արմինե Հայրապետյան

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

 

Սեպտեմբերի 17-ի որոշումները կատարվում են Տավուշում․ ինչ են Պոլսում պայմանավորվել ռուսները ամերիկացիների հետ

Կիրանց

Ռուսաստանը, որը պատրաստվում է Արցախում իր հյուպատոսությունը բացել, արդեն բացահայտ հայտարարում է, որ «սահմանազատումը» Հայաստանում ուղիղ կառավարվում է Մոսկվայից։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է»։

Այն, որ Հայաստանի հողերի հանձնումը «սահմանազատման» անվան տակ՝ ռուսների հովանու ներքո է կատարվում, պարզ էր ի սկզբանե։ Արեւմտյան որոշ երկրներ, որոնք «սատարում են» այս ապօրինի գործընթացին, երեւի, կատարում են Պոլսում 2023 թ․ սեպտեմբերի 17-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-ՌԴ-Թուրքիա գաղտնաժողովի որոշումները։ Առաջին որոշումը եղել է սեպտեմբերի 19-ի ագրեսիան, ցեղասպանությունը եւ Արցախի բնիկ բնակչության արտաքսումը հազարամյա հայրենիքից։

Հիմա կոնսենսուսի անդամներն անցել են վերջին քայլերին՝ Հայաստանի եւ Վրաստանի պետականության վերացմանը եւ դրանք Կովկասյան նոր հանրապետության անվան տակ Ալիեւի տիրապետության տակ փոխանցմանը։ Լուկաշենկոն Շուշիում Ալիեւին արդեն կարգել է “Կովկասի լիդեր”։ Եւ “կարգումը” պատահական չէր Շուշիում․ ինչպես հայտնի է՝ ով տիրանում է Շուշիին, նա տիրանում է Կովկասին։ 30 տարի հայերն են տիրացել, հիմա՝ Ալիեւը։

Սակայն գործընթացի եւ այդ մարդակեր կոնսենսուսի էությունը մատնանշում են Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը եւ մի շարք այլ ուժեր։

Եվրոպական խորհրդարանի մի քանի պատգամավորներ կոչ են արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։

Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում»։

Ասվում է այն, ինչ պիտի ասի Հայաստանի խորհրդարանը։ Սակայն հայոց խորհրդարանը սեպտեմբերի 17-ի կոնսենսուսի ամենավառ կողմնակիցն ու կատարողն է։

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Պատճառները պարզաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Պարո՛ն նախարար, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել Հայաստանի Հանրապետությունում ռուսական Առաջին ալիքի հեռարձակման դադարեցման վերաբերյալ։ Խնդրում ենք պարզաբանել` որքանո՞վ է տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ հիմքով է դադարեցվել ռուսական հեռուստաընկերության հեռարձակումը։

-Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:

Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։

Խմբագրից.

Ռուսական հեռուստաալիքների փակումը և ռուսական քայքայիչ գաղափարախոսության շրջանառության դադարեցումը, իհարկե, հրամայական է։ Սակայն ռուսական ալիքների փակումը հակագաղութային ազդեցություն կունենա միայն քաղաքական քայլերի և հայկական ալիքներում նույն դիվերսիոն գաղափարախոսության կրկնօրինակման դադարեցման հետ միասին, այդ թվում՝ կեղծ արևմտամետության տեսքով։

Քաղաքացիական մակարդակում այս գաղափարախոսության հեռացումը վաղուց պահանջված է։ Դրա մասին է վկայում այն, որ, ըստ ամենայնի, ռուսական ալիքները Հայաստանում քիչ հեռուստադիտող ունեն։ Հանրությանը հասանելի հետազոտությունների արդյունքներ չկան, բայց զգացողությունն այնպիսին է, որ ռուսական ալիքները վաղուց չեն դիտվում, հատկապես, որ դրանց որակը գնալով վատանում է։ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ռուսալեզու հաղորդումներն առանձնապես չեն դիտվում։

Ես ու եղբայրս քնում էինք տախտակի վրա, մնացածները` նստած. Պատմում է Երազիկ Ավանեսյանը 

Իմ նախնիներն ապրում էին Գիշի գյուղում:Գիշին միակ գյուղն է,  որտեղ երկու գյոլ կար, որոնք անվանում էին ծով` Երե Ծովը, Ներքե Ծովը: Տատիկ-պապիկներիս գերեզմաններն այնտեղ են: Մայրս Պառավաթումբ գյուղից է: Լեգենդի համաձայն` զինվորները տատիկից հաց են ուզել, և չի տվել:  Հրամանատարը հրամայել է հող լցնել պառավի վրա ու գոյացել է թումբ: Պապիկս թիթեղագործ էր և լավ զուռնա էր նվագում: Գյուղում 3 ընկերներով խումբ էին ստեղծել և հարսանիքներին մասնակցում էին: Մեր ազգում պապիկից հետո ես եմ երաժիշտ` քանոնահար եմ:  Ամեն ամառ գյուղ էի գնում` Նանունց աղբյուրը, Վեսկե խաչը

Սովորել եմ Ստեփանակերտի  8-րդ դպրոցում: Ամենացավալին կողքիս նստող տղայի զոհվելու փաստն է` 2020 թ.: 1990-ականներին նկուղներում միասին էինք մեծացել: Մենք արդեն մի անգամ այդ պատերազմն ապրել էինք: Դպրոցի ճամփին նայում էինք երկնքին. եթե սպիտակ գիծ է, ուրեմն օդային տագնապ կհնչի: 5-6 տարեկանից սկսած` պատերազմը մեր ուղեկիցն էր:

1988թ. ջարդերը մեկնարկել են Տող գյուղից: Ադրբեջանցիները մի ամբողջ ընտանիքի են մորթել: Երկու տղա երեխաներ թաքնվել են մահճակալի տակ և ողջ մնացել: Հետագայում մորքուրն է նրանց որդեգրել: Պատերազմը սկսվել է Տող գյուղից, այդ ընտանիքի պատմությունից…

1990-ականների պատերազմը  ծանր էր, եթե այդ բառը կարող է նկարագրել մեր զգացածը… Ապրում էինք բազարի թաղում, առաջին հարկում: Բաղնիքանման գաղտնի տեղ էր: Ես ու եղբայրս, որպես տան փոքրեր, քնում էինք տախտակի վրա, մնացածները` նստած: Իմ մանկության ընկերներ Լիլիթի ու Գրիշիկի տունը ռմբակոծվում է:  Շատ երկար են փնտրում նրանց… Միայն Գրիշիկի մարմինն են գտել այգում: Ինձ համար 90-ականների ամենածանր դրվագը նրանց մահն էր: Սովն ու ցուրտը այնքան էլ չէինք զգում: Ստեփանակերտը պահում էին գյուղերը: Պատերազմի ժամանակ մարդիկ շարունակում էին զբաղվել հողագործությամբ:

2020թ. Հադրութի կորստից հետո իմ հիշողությունները թողել եմ այնտեղ: Ես իմ անցյալը ֆոտոների տեսքով թողել եմ այնտեղ: Ինչքան էլ լավ լինի, մեր ուշքն ու միտքը լինելու է մեր հողի վրա: 1990-ականներին մի պահ Ջերմուկում էինք ապրում, ու երբ հետ գնացել եմ տուն, չոքել եմ գետնից պաչել: Փոքր էի, բայց հայրենիքի հանդեպ սերը մեծ էր: Այսօր դա անհնար է, բայց հույսը կա: Ճիշտ է, հիմա բեռն ընկել է մեր երեխաների վրա… Ցավոք, մենք միասնական չենք:

2020թ. պատերազմի ընթացքում  ամուսինս վիրավորվել էր, Հադրութի մեր տուն էլ չէինք կարող վերադառնալ:  Արցախի հետ կապը միշտ պահել ենք: Շատ ծրագրեր էինք իրագործում`«Գուպար» ազգային ավանդական  խաղերը, «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիում: Մեր նպատակն էր Արցախում ունենալ մի ներդրում,  մեր մշակութային կյանքն աշխուժացնել:

Հիմա իմ տունը քարտեզով տեսնում եմ: Զորամասին մոտիկ լինելու պատճառով այն վերածվել է հյուրանոցի: Տներում ոչինչ չկա, ամբողջ գույքը որպես աղբ թափել են պատուհաններից:

Շրջափակման ընթացքում մայրս Արցախում էր: Ամեն անգամ սնվելիս մտածում էի, որ իմ եղբայրը, հարազատները  դրա կարիքն ունեն…

«Դիզակ Արտ» կենտրոնը ոտքի է կանգնել ու կարծես մեր պարտքն ենք համարել մասնակցել ցույցերին: Ամբողջ աշխարհին ուզում էինք ասել, որ երեխաները սոված են, սպասում են… Կար ժամանակ, երբ ամաչում էի խոսել տնեցիների հետ…

2023թ. սեպտեմբերի 19-ին մի ամբողջ օր հեռախոսով փորձում էի մայրիկիս տեղն իմանալ: Միայն հաջորդ օրն ենք խոսել: Հադրութը կորցնելիս այնպիսի զգացողություն էր, կարծես միակողմանի որբ ես… Արցախն ամբողջությամբ կորցնելով որբացել ենք: Հայրենիք ենք կորցրել… Մենք այն սերունդն ենք, որ տեսել է հայրենիքի կորուստ: Ներկան` ահավոր, ապագան չի երևում:

Եթե հնարավորություն լինի գնալ Արցախ, հայրիկիս գերեզման այցելելուց հետո կգնայի Հադրութի շրջանի Տյաք գյուղ: Այն ինձ համար սրբավայրի պես է:

Տաթև Ազիզյան