Մարդկային կորուստներն ամենադաժանն են․ մեզ մնում է ուժ հավաքել ու շարունակել պայքարելով ապրել

Խնապատի համայնքի ղեկավար

Տարիներ առաջ, երբ տակավին երիտասարդ Սամվել Շահրամանյանը գյուղի ջոկատի տղաների հետ կռվում էր թշնամու դեմ, պաշտպանում հայրենի Խնապատը և հաղթանակած տուն վերադառնում, մտքով անգամ չէր անցկացնում, որ մի օր անհայրենիք է մնալու։ Հայրենիքի կորստի ցավն ասես քիչ էր, 2023 թվականի սեպտեմբերի 25-ի չարաբաստիկ պայթյունին զոհ դարձան նաև իր ու քրոջ մինուճար որդիները՝ Արմանը ևԱրմենը։ Ճակատագիրն անգութ գտնվեց նաև այս գերդաստանի հանդեպ։

Պայթյունի օրը տղաներին չգտան, ծնողները հույս էին փայփայում, որ ինչ-որ մի հրաշքով կգտնվեն իրենց մինուճար որդիները։ Մեկուկես ամիս անց, նոյեմբերի կեսին ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց Արմանի մահը, իսկ Արմենի ճակատագիրն առայսօր անհայտ է։ Նա իր մոր միակ զավակն էր։

– Երբ հասկացանք, որ մեզ տեղահանում է սպասվում, սկզբից չէի ցանկանում հավատալ, հետո գիտակցեցի, որ բոլորիս գլխին վտանգ է կախված։ Ժողովուրդը խուճապի մեջ էր հայտնվել, և քանի-որ մեր գյուղն ավելի մոտ էր թշնամու դիրքերից, պետք էր ժամ առաջ դուրս գայինք։ Վախեցած բնակչությանը տարհանեցինք սեպտեմբերի 20-ին։ Մի մասը հետ եկավ, սակայն գիտակցելով լրջությունը՝ հեռացավ գյուղից ու ապաստան գտավ Ստեփանակերտի օդանավակայանում, իսկ այդտեղից էլ տեղահանվեցին Հայասատան։ Շատերը չհասցրին անգամ փաստաթղերն ու անձնական իրերը վերցնել։ Մտքովս չէր անցնում, որ կլքենք Արցախը, գաղթական դառնանք։

Համագյուղացիների հետ միասին սեպտեմբերի 25-ին մենք ևս գնացինք վառելիք հայթայթելու։ Տղաները բենզինի պահեստի վայրում էին, իսկ ես՝ Հայկազովի ճանապարհին։ Լսվեց պայթյունի ուժգին ձայն ու ամեն ինչ կորավ կրակի բոցերի մեջ։ Կատարվեց աղետալին, անդառնալին․․․

Օրեցօր ավելի է մեծանում ցավս, ոչ մի բան չի կարող համեմատվել զավակիդ կորստի հետ։ Ինչքա՜ն հույսեր էի կապում որդուս հետ, ինչքա՜ն երազանքներ ու նպատակներ ունեինք միասին։ Երկու դուստրերից հետո ծնված արու զավակս մեր ընտանիքի ամենասիրելին էր, մեր օջախի սյունն ու ծուխը վեր տանողը պետք է լիներ։

Առանց որդուս եկանք Հայաստան, ամենաթանկը թողեցինք այնտեղ, մեզ հետ բերել ենք միայն ցավ ու մորմոք։ Թեև շատ դժվար է, սակայն աշխատում եմ ամուր պահել ինձ․ չէ՞ որ կնոջս, դուստրերիս ուժ տվողը ես պետք է լինեմ, իսկ ինձ ուժ են տալիս թոռնիկներս։ Նրանց համար պետք է շարունակեմ ապրել ու վերստին ստեղծել,-ասում է Սամվել Շահրամանյանը։

Մեր զրույցի ընթացքում վերհիշում էի ոչ վաղ անցյալը։ Սամվելի որդին հաճախում էր Ասկերանի արվեստի դպրոցի Խնապատի մասնաճյուղի դհոլի բաժինը։ Ուսման առաջադեմ էր, ակտիվ ու օրինակելի սան։ Արվեստի դպրոցի հաշվետու և տոն օրերին նվիրված բոլոր համերգներին ներկա էր լինում նաև հայրը։ Բոլորիս աչքի առաջ մեծացավ Արմանը, դարձավ գեղեցիկ ու կայացած երիտասարդ։ 22-ամյա տղան ավարտել էր ԱրՊՀ-ն և արդեն աշխատում էր որպես ծրագրավորող։ Նա ընտանիքի հույսն էր և պիտի Արցախյան առաջին պատերազմում հաշմանդամ դարձած հոր, մոր ու քույրերի ապավենը լիներ․․․

Սամվել Շահրամանյանը շարունակում է ապրել խնապատցիների դարդ ու ցավերով։ Որպես համայնքի ղեկավար՝ գիտի իր համագյուղացիներից յուրաքանչյուրի բնակության վայրը, կոնտակտային տվյալները։

 

“Ճակատագրի բերումով իրարից հեռու ապրելը չի խանգարում, որ խնապատցիներս միասնական լինենք։ Մեր ցավը ընդհանուր է՝ հայրենիքի կորուստ, և հենց այդ է միավորում բոլորիս։ Ցավոք, վերջին պատերազմում Խնապատը տվեց մեկ զոհ, իսկ վառելիքի պայթյունից զոհվեց 3 մարդ։

Մարդկային կորուստներն ամենադաժանն են։ Մեզ մնում է ուժ հավաքել ու շարունակել պայքարելով ապրել”,-ասում է մեր զրուցակիցը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Կիրանցցի ժողովրդին առաջարկում են նույն բանը, ինչ արցախցիներին՝ ֆիլտրացիոն ճամբար

Կիրանց

Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ «սահմանազատումից» հետո Կիրանցի դպրոցը լինելու է «սահմանից» 100 մետր հեռավորության վրա, ասաց, որ եթե մարդիկ չեն ցանկանում ադրբեջանցի զինվորներին տեսնել դպրոցի պատուհաններից, ապա կարող են պատ կառուցել կամ տնկել ծառեր: Վարագույր կախելը, իհարկե, ավելի էժան կլինի, բայց դրանից հետո դժվար թե կիրանցցիները որոշեն իրենց երեխաներին դպրոց ուղարկել։

Արդեն բացեիբաց ասվում է, որ եթե գյուղում ապահով դպրոց չլինի, մարդիկ ստիպված կլինեն հեռանալ։ Իսկ այն բանից հետո, երբ «սահմանը» բացվի, և ադրբեջանցի իրավապահները կարողանան գնալ գյուղ, այս հողի համար պայքարողներին կսկսեն հարցեր տալ՝ պարզելու, տեղափոխե՞լ ֆիլտրացիոն ճամբար թե՞ ոչ։

Պատահական չէր, որ Կիրանցում ոստիկանական գործողությունը տեղի ունեցավ այն օրերին, երբ 1991-ին ռուսական զորքերը և ադրբեջանական ՕՄՕՆ-ն իրականացրին «Օղակ» գործողությունը Ղարաբաղում և Հայաստանի որոշ այլ շրջաններում։ Այն ժամանակ էլ մտցվեց անձնագրային ռեժիմ ու ստեղծվեցին ֆիլտրացիոն ճամբարներ։

Կրկնվում է այն, ինչ արվել է 2023 թվականին Արցախում, թեև երևի թե արցախյան «սխալները» Տավուշում չկրկնվեն. Փաշինյանի կուսակցությունը և անձամբ ինքը մեկ անգամ չէ, որ այս “սխալների” համար մեղադրել են Արցախի ժողովրդին՝ գրեթե վրդովված հայտարարելով, որ պետք չէր հեռանալ։ Իսկ երեկ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իբր 2023 թվականի օգոստոսին Արցախը հնարավորություն է ունեցել ուղիղ բանակցությունների գնալ Բաքվի հետ, և դա արցախցիների համար մնալու շանս էր։ Բայց Մոսկվայից հնչեցրած զանգը և Արցախում իշխանափոխությունը թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա, և մարդիկ լքեցին Արցախը, ասաց նա։ «Առաջին հերթին դա պետք է հասկանան մեր արցախցի եղբայրներն ու քույրերը»,- մտահոգված տոնով ասաց պատգամավորը։

Ի՞նչ պետք է պայմանավորվեին Արայիկ Հարությունյանն ու Բաքվի ներկայացուցիչները Սոֆիայում։ Արդյո՞ք այն մասին, որ արցախցիները մնան իրենց տներում, իսկ Իվանյանում ու Բարդայում կռված տղամարդկանց համար (իսկ Արցախում գրեթե բոլորը կռվել) ստեղծվեն ֆիլտրման ճամբարներ, մտցվի անձնագրային ռեժիմ, ադրբեջանական անցակետեր տեղադրվեն դպրոցների մոտ և այլն։ Կանանց էլ թույլ կտան աշխատել հյուրանոցներում և զինվորական խոհանոցներում։

Արցախցիները հիմա ոչինչ «հասկանալու» կարիք չունեն, նրանք այն ժամանակ են հասկացել, թե ինչ է իրենց սպասում․ դրա համար էլ հեռացել են։ Իսկ եթե «սխալ են հասկացել», ապա Արթուր Հովհաննիսյանն ու իր շեֆը պետք է ավելի մանրամասն բացատրեն, թե Սոֆիայում ի՞նչ պետք է առաջարկեին արցախցիներին և ինչից նրանք հրաժարվեցին։

Հիմա նույնն առաջարկվում է Տավուշին, վաղը՝ Գեղարքունիքին ու Սյունիքին։ Արցախում էլ ամեն ինչ սկսվեց շրջափակումից, իրավիճակի վատթարացմամբ, գյուղերի բաժանմամբ ու դպրոցների մոտ անցակետերի տեղադրմամբ։ Այնտեղ էլ ուզում էին ծառեր տնկել եւ խորհուրդ էին տալիս բանակցել եւ առեւտուր անել Ադրբեջանի հետ։ Ակնայից անգամ մարդասիրական օգնություն է առաջարկվել։ Տավուշցիներին նույնպես կառաջարկվի։

Մարսելից Հայաստան՝ աջակցելու Արցախի երեխաներին

Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Մասիս քաղաքում գործող խմբակները կոչված են կրթության եւ մշակույթի ճանապարհով սատարելու Արցախից տեղահանված մեր դպրոցականներին։

Մայիսի 2-ին Մասիս քաղաքի սաներին էին այցելել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Համազգայինի ճեմարանի աշակերտները, ովքեր նաև ներկայացնում են “Կիլիկիա” ազգագրական պարի համույթը։

Ջերմ հանդիպումը  կազմակերպվեց Մասիսի համայնքապետարանի դահլիճում, որին ներկա էր նաև Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։

Արցախի մեր սաները Ֆրանսիայից ժամանած իրենց հասակակիցներին ողջունեցին երգով, ասմունքով, նրանց նվիրեցին իրենց պատրաստած ձեռքի աշխատանքներից։ Ճեմարանականները նույնպես խորհրդանշական  նվերներ էին պատրաստել նրանց համար։

Հանդիպմանը միացավ նաև Մասիսի հանայնքապետ  Դավիթ Համբարձումյանը   և ողջունեց ներկաներին` նշելով, որ միշտ պատրաստ են սատարելու Արցախից բռնի տեղահանված մեր պատանիներին։

Համազգայինի սաները ջերմ շփում ունեցան իրար հետ և օրն ամբողջացավ բացօթյա շուրջպարերով։

Հերմինե Ավագյանը  նշեց, որ Համազգայինը  նախատեսում  է ապագայում մեծացնել կրթամշակութային գործունեությունը արցախցի երեխաների համար։ Այսօր նման խմբեր գործում են Աբովյանում, Գյումրիում, երկուսը՝ Մասիսում։ Մասիսում  ընդգրկված  են  30-ից ավելի երեխա:

Ալվարդ Գրիգորյան

Միրզոյանը զանգահարել է Կուլեբային, բայց Հայաստանի հետ ոչ ոք այլեւս հաշվի չի նստում

Մայիսի 2-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Միրզոյանը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը, ներառյալ «1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին նվիրվածությունը և այդ հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ-ի դիրքորոշման կարևորությունը»:

Արարատ Միրզոյանը երեկ դժգոհեց, որ Բաքուն չի ցանկանում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել Բաքվի և Երևանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստում։ Մինչդեռ այս հայտարարությամբ է, որ Փաշինյանը գոնե ինչ-որ կերպ կոծկում է ամոթը՝ Արցախի, Տավուշի գյուղերի հանձնումը և Հայաստանը վերացնելու վերջնական ակտը։

Երեկ Փաշինյանը երեք ժամ հեռուստատեսությամբ խոսեց, որ Ալիևը համաձայնել է Ալմա-Աթային, բայց Արարատ Միրզոյանը վերցրել է ու ամեն ինչ փչացրել։ Փաշինյանի կողմից խնամքով կառուցված նկարը բոլորի աչքի առաջ փլվեց, քանի որ անմիջապես հարց առաջացավ՝ եթե Ալիևը չի ընդունում Ալմա-Աթայի հռչակագիրը, ապա ինչի՞ հիման վրա են հայկական գյուղերը հանձնվում։ Եւ ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս այս գործընթացից։ Այդ իսկ պատճառով այսօր առավոտյան Փաշինյանը հատուկջոկատայիններ ուղարկեց Կիրանց և սկսեց «Օղակ» օպերացիան՝ գլուխկոտրուկը նորից հավաքելու համար։

Մոսկվան և Ալիևը չեն հիշատակում Ալմա-Աթայի հռչակագիրը, քանի որ ինչ-որ պահի դա կարող է վերագրվել Ղրիմի և Դոնբասի խնդրին, որոնք, ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, պատկանում են Ուկրաինային։ Իզուր չէ, որ Բլինքենը և ֆոն դեր Լեյենը ձևացնում են, թե իրենք միշտ հարգել են Ալմա-Աթայի հռչակագիրը:

Բայց Կիևը շահագրգռված չէ Բաքվին որևէ քայլ պարտադրել։ Նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Վլադիմիր Զելենսկին, ինչպես գիտեք, SOCAR բենզալցակայանի դիմաց լուսանկարվել է՝ դոները ձերքին։ Պաշտոնական Կիևը չի թաքցնում, որ իր իսկական ընկերներն են Էրդողանը, Ալիևը և Իսրայելը։ Իսկ Հայաստանի հետ ոչ ոք այլեւս հաշվի չի նստում՝ Ալմա-Աթայի հռչակագրով կամ առանց դրա, բոկորը կարծում են, որ Հայասըանի օրերը հաշված են։ Այդպիսին է հայ ժողովրդի ընտրությունը, ասել են Բլինքենն ու Լեյենը։

Փաշինյանը, ըստ երևույթին, բղավել է Միրզոյանի վրա և հրամայել զանգահարել Կուլեբային, որպեսզի, մերժում ստանալով նրանից, ասի, որ քանի որ «Ալմա-Աթայի հռչակագիրը» կարևոր չէ Ուկրաինայի համար, ուրեմն՝ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի քարտեզները բավական կլինի Հայաստանը քանդելու համար։ Չեք ուզում՝ դուք գիտեք։

Հավանաբար Կուլեբան Միրզոյանի հետ քննարկել է, թե SOCAR-ը Կիրանցի մոտ որտե՞ղ կարող է գազալցակայան կառուցի։ Իսկ Փաշինյանը մտածում է՝ Միրզոյանին վռնդե՞լ, թե՞ ոչ ոք չի նկատելու, որ քամին տարել է թզենու տերեւը։

Նաիրա Հայրումյան

Բայց ռուսներին ինքը բերել, դրել է մեր գլխին ու ջանին, ինքն էլ որոշել է ռուսներից ազատագրվել։ Դու ես բերել դրել

«Վախի մեջ է ապրում մեր ոստիկանությունը, ես չգիտեմ՝ ինչ հրահանգ է տրվել իրենց։ Բղավելով հարձակվել են մեզ վրա, արգելում են, որ ժողովրդի հետ գնանք հանդիպման, ժողովուրդն է որոշել գյուղից իջնել գալ հանդիպել։ Քանի որ իրենց գործերը խավարի մեջ են, այս մարդկանց էլ խավարի մասնակից են դարձրել, դրա համար վախով են ապրում»,- Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Նա հայտարարեց՝ մենք մեր սեփական երկրում ապրում ենք գերության մեջ․ «Առավոտյան տագնապի են ենթարկել մեծ ու փոքրի, տեսանյութերն էլ կա, ստում են, երբ ասում են, որ չեն հարվածել։ Եվ հիմա, երբ փորձում ենք պարզապես այցելել Կիրանց, արգելեցին։ Չեք հավատա, փոխոստիկանապետը մեքենայից իջել ու հարձակվել է մեզ վրա՝ բղավելով, թե մենք սադրում ենք։ Էդքան անադաեկվատ ու անհասկանալի մարդիկ։ Ասում եմ՝ մի պահ գնամ գյուղ, մարդկանց քաջալերեմ, մարդիկ առավոտյան ծեծ են կերել, չեն թողնում»։

Ոստկանությունը մեծ թվով զորք է տեղափոխել Տավուշ։ Բագրատ Սրբազանն ասաց, որ մի քանի մարդկանց դեմ մեծ թվով ոստիկանական զորք են կանգնեցրել, նա հարցադրում արեց՝ արդյոք թշնամու դեմ էլ այդ զորքը կկանգնեցնեն։

«Մարդն ասում է՝ պիտի ազատագրվենք, պիտի էս անենք, բայց ռուսներին ինքը բերել, դրել է մեր գլխին ու ջանին, ինքն էլ որոշել է ռուսներից ազատագրվել։ Դու ես բերել դրել էդ մարդկանց, դու քո ձեռքով։ Եթե մեզ գերության մեջ ես դրել, դու ես դրել։ Սա անհասկանալի է, ու մեզ էլ համարում է գործակալ։ Մեր երկրում հենց հիմա տեղի է ունենում տեռոր ու ահաբեկություն սեփական ժողովրդի նկատմամբ, սա է տեղի ունենում»,- ասաց նա։

Կիրանցը բլոկադայի մեջ է․ Նոյեմբերյանից էլ, Բաղանիսից էլ է ճանապարհը փակ է

Ոստիկանները շրջափակել են Կիրանց գյուղ տանող ճանապարհն ու թույլ չեն տալիս ելումուտ անել գյուղ։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին ասաց․ «Ես անտառներով եմ եկել, գյուղն այս պահին բլոկադայի մեջ է։ Միայն այս կողմից չէ, Նոյեմբերյանից էլ, Բաղանիսից էլ է ճանապարհը փակ։ Մի երեք ժամ առաջ այնտեղի ժողովուրդը զանգեցին ինձ, ասեցին՝ էնտեղի ճանապարհն էլ է փակ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի գյուղ մտնի նաեւ Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ այսօր Կիրանցի հատվածում սկսվել են ականազարծման աշխատանքներ՝ այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու նպատակով։ Իսկ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ ու մոտ 30 տղամարդու, այդ թվում՝ անչափահասների, ծեծելով բերման ենթարկել:

«Վերելք». Բիզնեսն առաջ տանելու ևս մեկ հնարավորություն

«Վերելք» ծրագիրը Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ իր գործունեությունը սկսել է ծավալել դեռևս 2021թ Արցախում:

«Ծրագրի նպատակն էր պատերազմից հետո ֆինանսավորել Արցախում երիտասարդների փոքր բիզնեսները և կայուն ձևով առաջ տանել: Նույն ծրագիրն իրականացվում էր նաև Սյունիքում: Բռնի տեղահանումից հետո իրավիճակը տարբեր էր, մարտահրավերները տարբեր էին: Որպես Օփթիմայզ Քոնսալթինգի տնօրեն` առաջարկ ստացա ստանձնելու ծրագրի կազմակերպումը և փոփոխություններ մտցնելու ընթացակարգի մեջ: Ներկայումս արցախցի երիտասարդների հիմնական մարտահրավերը կայուն աշխատանք ունենալն է: Որոշեցինք կազմակերպել 12 դասընթացների շարք, որին մասնակցում են 21-35 տարեկան բռնի տեղահանված  համալսարանական ուսում ունեցող մեր հայրենակիցները: Մրցույթային փուլն անցնելուց հետո ամենաբարձր միավորները հավաքած մասնակիցները հնարավորություն են ունենալու ՀՕՄ-ի շնորհիվ անցնել աշխատանքի: Ծրագրի միջոցով ֆինանսավորվելու է նրանց մեկ տարվա աշխատավարձը»,-ասել է Օփթիմայզ Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հրայր Պարսումեանը:

Տաթև Ազիզյան

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն հարցեր ունեն

Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն Ազգային ժողով են հրավիրում այն բոլոր երկրների դասպաններին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ՀՀ-ում ֆինանսավորում են բարեփոխումների իրականացման ծրագրերը։

«Հրավիրում ենք փակ հանդիպման, որպեսզի նաեւ անկաշկանդ զրույց լինի եւ ուզում ենք իրենցից ստանալ շատ անկեղծ հարցի պատասխան՝ արդյոք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների ծրագրի այս վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է՝ իր բոլոր դրսեւորումներով»,- խորհրդարանում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ կարեւոր է հիմա այս հանդիպումներն ունենալ, որովհետեւ պատգամավորները միջազգային հանդիպումների ժամանակ տպավորություն են ստացել, որ այս մարդիկ ուղղակի չեն տիրապետում Հայաստանում ստեղծված վիճակին կամ առնվազն կեղծ լուրերի տակ են:

Միացյալ նահանգներում կոչ են անում 200 մլն․ դոլար օգնություն տրամադրել արցախցիներին

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։

Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և պատգամավոր Բարբարա Լիին։

Ուղարկված նամակում կոչ է արվում 200 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգության օգնությունը։ Նամակով ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում գնահատել ադրբեջանական պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառելու հարցը: Բացի այդ, կոչ է արվում 20 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում հատկացնել Հայաստանին ևս 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար։ Նաև կոչ է արվում 10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին իրավական բարեփոխումների համար և ևս 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։

«Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ վաղուց հասունացած արգելք, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ և Արցախից փախստականների համար ԱՄՆ-ի մարդասիրական օգնության զգալի ծավալ։ Հաշվի առնելով, որ տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են ուղարկվում աշխարհի ճգնաժամային գոտիներ, 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որը նախագահ Բայդենը նախատեսել  է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայությանը, իսկապես խայտառակություն է», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Կոչ անելով 200 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը և նամակի մյուս համահեղինակները նշել են, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտմանը լիովին անբավարար է եղել այդ ընտանիքների կենսական կարիքները բավարարելու համար։ Հայրենիք վերադառնալու նրանց երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև կետ է մնում միջազգային դիվանագիտական հանրության հեղինակության վրա։

Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների կապակցությամբ:

«Անվտանգության ոլորտում Հայաստանին լրացուցիչ օգնությունը օտարերկրյա ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման տեսքով հատկապես կարևոր է, քանի որ հայ ժողովուրդը միջազգային օգնություն է փնտրում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ ի դեմս ադրբեջանական մշտական ծավալապաշտության և տարածաշրջանում այլ ավտորիտար ռեժիմների կողմից հնարավոր սպառնալիքների: Այդ պատճառով մենք պետք է շարունակենք մեր ջանքերն՝ ապահովելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կայունանան»,- նշել են նրանք:

Բացի այս, Կոնգրեսի անդամները հերթական անգամ կոչ են արել դադարեցնել  անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության տրամադրումը՝ հայտարարելով, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն իր ցեղասպանական գործողություններով կրկին ու կրկին ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու ազնիվ միջնորդ չէ, և Միացյալ Նահանգները չպետք է  անվտանգության ոլորտում որևէ օգնություն հատկացնի նրա ռեժիմին:

ԱՄՆ օրենսդիրները քննադատել են ԱՄՆ պետքարտուղարությանն ու միջազգային կազմակերպություններին՝ Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության չենթարկելու համար։

«Վաղուց ժամանակն է, որ ԱՄՆ-ն լրջորեն մտածի պատժամիջոցներ սահմանելու մասին, որպեսզի նրանք (խմբ․ադրբեջանցի պաշտոնյաները) պատասխան տան միջազգային իրավունքի այս խախտումների համար»,- ասվում է նամակում։

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) 2024 թվականի տարեկան իր  զեկույցում կոչ է անում կառավարությանը ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման և պաշտպանության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցում ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում Ադրբեջանը ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող խախտումների համար, ինչպես սահմանված է միջազգային կրոնական ազատության մասին օրենքում (IRFA):

Հրապարակված զեկույցում ընդգծվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար:

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանում կրոնների հետ աշխատանքի պետական պաշտոնական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին կոչ էր արել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին լքել Դադիվանքը՝ կեղծ պնդում անելով, թե նրանք (խմբ․ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները) որևէ առնչություն չունեն այդ կրոնական օբյեկտի հետ:

Սրա միջով էլ է Կիրանցը անցնելու, մնալու է միայն ամոթը, խայտառակությունը

Կիրանց

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան Կիրանց գյուղում այսօր առավոտյան ոստիկանների գործադրած բռնություններին։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր Կիրանցի իր «սիրելի քույրերին ու եղբայրներին», եւ լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ։ Կիրանցեցիներին ծեծելով եւ ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, սեփական ժողովրդին ահաբեկելով, ծեծելով, ջարդելով, զնդանները լցնելով՝ փորձում է իր հակապետական ծրագիրը կյանքի կոչել»,- ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նշեց, որ ուզում է ՔՊ-ին հիշեցնել․ «Կիրանց գյուղը տեսել է մոնղոլների արշավանքները եւ այդ արշավանքները տեսնելուց մի քանի տարի հետո երկու շքեղ եկեղեցի է կառուցել, տեսել է Շահ Աբասի արշավանքները, որից հետո Կիրանցի ձորից շատ գյուղեր դատարկվեցին, ամայացան, բայց Կիրանցը մնաց։ Կիրանցը տեսել է 1905-1907 թվականների հայ-թաթարական բախումները, 1918-1920 թվականների պատերազմական գործողությունները, 1990-ականների պատերազմական գործողությունները։ Սրա միջով էլ է անցնելու, մնալու է այն ամոթը, խայտառակությունը, որը գործադրվեց կիրանցեցիների նկատմամբ։ Բայց միեւնույն է, կիրանցեցիները չեն լքելու գյուղը, շարունակելու են ապրել, որ հետո հենց նույն Կիրանցից ինչ-որ մի լավ բան սկսվի»։

«Ես տագնապեցի, երբ երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց «սիրելի քույրեր եւ եղբայրներ»։ Ես հասկացա, որ մի վատ բան լինելու է։ Եկեք Աստծուն աղոթենք, որ Նիկոլ Փաշինյանն այեւս որեւէ գյուղի ու քաղաքի բնակիչներին չասի՝ «իմ սիրելի քույրեր եւ եղբայրներ», որովհետեւ դա վատ նախանշան է դառնում»,- հավելեց Նազարյանը։

2 տարի 7 ամիս նախնական կալանք․ ինչի՞ց է վախենում իշխանությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որի մեջ նշված է․ «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո հանդիպեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ”։ 

Ի՞նչն է այն պատճառը, որ պաշտպանության նախկին նախարարին գրեթե 3 տարի պահում են փակի տակ եւ չեն անցնում դատավարության փուլին։

Արդյո՞ք նա կարող է տեղեկություններ հայտնել, որոնք ներկայիս իշխանության համար կարող են դատավճիռ դարնալ։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ գովազգված՝ Բաքվի կողմից նկարահանված ֆիլմում, որտեղ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն է օգտագործվել, որոշ տվյալներով, խոսվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանի կողմից զինվորականներին հետ քաշվելու եւ այլ հրամաններր տալու մասին։ Ըստ տեղեկությունների, այդ հրամանները մարդկային եւ տարածքային մեծ կորուստների են բերել։ Տեղեկություն է հրապարակվել, որ հենց այդ հարցազրույցն է ստիպել Փաշինյանին շուտափույթ հանձնել Տավուշի տարածքները։

Արդյո՞ք Դավիթ Տոնոյանի, նաեւ Արցախի բանակի հրամանատար Միքաել Արզումանյանի “նախնական կալանքը” եւս պայմանավորված է նման տեղեկություններով։

Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը Կիրանցում

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 տղամարդու` այդ թվում նաև անչափահասների, ծեծելով բերման ենթարկել:

Գյուղապետը նշեց, որ բերման ենթարկվածների մեջ կանայք չկան: Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն:

«Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է»,-հավելեց նա: