Հանրահավաքից հետո մասնակիցները գնացին կառավարական ամառանոցներ, որտեղ բնակվում է Փաշինյանը

Այսօրվա հանրահավաքից հետո  հազարավոր մասնակիցներ ոտքով գնացին, այսպես կոչված, կառավարական ամառանոցներ, որտեղ բնակվում են Նիկոլ Փաշինյանի և մի շարք առաջին կարգի պաշտոնյաների ընտանիքները։

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ սա խաղաղ երթ է, և իրենք ակնկալում են հանդիպել Փաշինյանին և զրուցել նրա հետ։

Այժմ մարդիկ գտնվում են դաչաների մոտ, որտեղ մեծ ոստիկանական ուժեր են տեղակայվել։

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, առավոտյան եղել է Լոռիում և Տավուշում, որոնք տուժել են սաստիկ հեղեղումներից։

Հանրահավաք․ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հաղթանակը մոտ է

Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշը հանուն հայրենիքի հանրահավաքը․ Բագրատ Սրբազանը ներկայացնում է հետագա քայլերը։
«Ի՞նչ մենք ստացանք այս իշխանություններից․ հաշտության փոխարեն թշնամություն, սիրո փոխարեն ատելություն, ինքնամաքրման փոխարեն ցեխարձակում, օրհնության փոխարեն հայհոյանք, ճշմարտության փոխարեն սուտ և սուտ և էլի սուտ, ասել է նա։
Մեր հաղթանակը մոտ է, պայքարի ենք դուրս եկել հանրային լայն հաշտության օրակարգով։
Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն իր ֆիզիկական գոյությամբ, այլև ավելի սարսափելին՝ այն ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր գոյության իրավունքն ու կենսագրությունը։ Մոռանալով, որ հոգին հաղթել է դուխին, Եռագույնը՝ սև ու սպիտակին և Տաճարը վերջապես հաղթելու է փողոցին։ Իսկ այս ամենի արդյունքում հոգևոր Հայաստանը հաղթելու է «թազա»՝ այս Հայաստանին։
Այս շարժումը Արցախցի մեր հայրենակիցներին մայր հայրենիքում արժանապատիվ կյանքի պայմաններ ու նաև հայրենիք վերադարձի իրավունքի ապահովման մասին է», – ասել է նա։

Կոբախիձեն. մինչև 2030 թվականը Վրաստանը կմիավորվի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ և կմտնի ԵՄ

Sputnik. Վրաստանը ցանկանում է ներառել Աբխազիան և Հարավային Օսիան և դառնալ ԵՄ լիիրավ անդամ մինչև 2030 թվականը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանը գնում է «Մովսեսի ճանապարհով», իսկ Ավետյաց երկիրը մեկ երկիր է։

«Մեր «ավետյաց երկիրը», այսինքն՝ վրացական երազանքը, Վրաստանի անկախության վերականգնման 40-ամյակին՝  2030 թվականին ապրել միասնական և ուժեղ Վրաստանում՝ մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ միասին, միասնական և ուժեղ Վրաստանում, որը պետք է դառնա եվրոպական ընտանիքների լիիրավ անդամ 2030 թվականին»,- ասել է Վրաստանի վարչապետը՝ ելույթ ունենալով վրացական բանակի ստորաբաժանումների հետ Անկախության օրվան նվիրված միջոցառմանը։

Կոբախիձեն նաև ասել է, որ երկրին հաջողվել է խաղաղություն պահպանել «չնայած որոշ քաղաքական գործիչների, այդ թվում՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դավաճանությանը»։

Աղետից փրկվածների թիվը 20 է․ սպասվում է ջրի ելքերի նվազում

Ժամը 13.30-ի դրությամբ Փրկարար ծառայության ուժերի միջոցով աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:

Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունը։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի-Տավուշ հատվածում 40-55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։

Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։

Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։

Այսպես՝

Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3/վ, մինչդեռ նախորդ օրը երեկոյան այն կազմել է 119 մ3/վ,

Ձորագետ-Գարգառ դիտակետում ջրի ելքը կազմել է 350 մ3/վ, նախորդ օրը 73.5 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում 75մ3/վ նախորդ օրը 16.6 մ3/վ։

Դեբեդ գետի ավազանում ջրի նման բարձր ելքեր դիտվել են 1959 թվականին մայիսի 19-ին`

Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի առավելագույն ելքը կազմել է 759 մ3/վ,

Ձորագետ-Գարգառ դիտակետում՝ 395 մ3/վ,

Տաշիր-Սարատովկա դիտակետում՝ 112 մ3/վ։

Արդյունքում ստացվում է որ նշված դիտակետերում մայիսի 26-ին դիտված ջրի ելքերը վերջին 65 տարիների ամենաբարձր արժեքներն են և երկրորդը դիտարկումների ողջ ժամանակահատվածում։

Այս տարվա մայիսը աչքի է ընկնում առավել ակտիվ ցիկլոնային գործունեությամբ, որը հանրապետության ողջ տարածքում ուղեկցվում է ինտենսիվ անձրևներով, ուժեղ կարկտահարություններով և ցածր ջերմային ֆոնով։

Այսօրվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումների քանակը գերազանցել են ամսական նորման և կազմում է նորմայի 180-230%-ը։ Հանրապետության ողջ տարածքի համար այս մայիսը կարող է դառնալ օդերևութաբանական պատմության մեջ ամենախոնավը։ Այսօր հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սակայն երեկվա համեմատ այն զգալիորեն կկորցնի իր ուժը, հատկապես կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 27-30-ին հանրապետությունում սպասվող անձրևները կկրեն կարճատև բնույթ և հիմնականում կդիտվեն գիշերը և երեկոյան ժամերին։

Մայիսի 26-ին ժամը 13։00-ի դրությամբ Դեբեդի գետավազանում առավոտյան դիտված մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում 30-35սմ-ով։ Չնայած սպասվող տեղումներին, մայիսի 26-27-ին հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում սպասվում է ջրի ելքերի նվազում։

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հետևում է իրավիճակին և ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին

Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ «Ոսկե արմավենու» ճյուղի համար պայքարում էր 22 ֆիլմ։

«Գրան պրի» մրցանակը շնորհվել է ռեժիսոր Փայալ Կապադիայի «Մենք ամեն ինչ պատկերացնում ենք որպես լույս» ֆիլմին, որը 30 տարվա ընթացքում Կաննի կինոփառատոնում ներկայացված առաջին հնդկական ֆիլմն է։

Ռեժիսոր Ժակ Աուդիարի նկարահանած «Էմիլիա Պերես» ֆիլմը արժանացել է ժյուրիի մրցանակին։

Լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվել է 4 հոգու՝ «Էմիլիա Պերես»-ում նկարահանված Ադրիանա Պազին, Զոի Սալդանյային, Կառլա Սոֆիա Գասկոնին և Սելենա Գոմեսին։

Լավագույն դերասան է ճանաչվել Յորգոս Լանտիմոսի «Բարության տեսակները» ֆիլմում նկարահանված Ջեսսի Պլեմոնսը։

Լավագույն ռեժիսորն է Միգել Գոմեսը՝ «Grand Tour» ֆիլմի համար։

Լավագույն սցենար է ճանաչվել Քորալի Ֆարգիթինը՝ «The Substance» ֆիլմով։

Հատուկ մրցանակը շնորհվել է ռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆի «The Seed Of The Sacred Fig» ֆիլմին։

«Camera d’Or» մրցանակը՝ ռեժիսոր Հալֆդան Ուլման Տոնդելի «Արմանդ»-ին։

«Հայորդի»  բարեգործական կազմակերպությունը. Որտեղ  «խոխեքը» ուրախ են

Ամեն ինչ սկսվեց 44-օրյա պատերազմի օրերին, երբ «Հայորդիի» հիմնադիր Վաչե Վարդանյանը  տեղափոխվեց  Արցախի սահմանապահ գյուղում ապրելու: Նոյեմբերից սկսվեցին ծրագրերը, որոնց ամիսներ անց միացան նաև զոհված հայորդիների ընտանիքների անդամներն ու փոքրիկ խումբը դարձավ «Հայորդի» նախաձեռնություն: Արցախի սահմանի ամենատարբեր հատվածներում իրականացվում էին հարյուրավոր բարեգործական ծրագրեր:

Բազմաթիվ կամավորների աջակցությամբ «Հայորդին» վերաբացվեց Երևանում: Պատերազմների հետևանքով կորուստ ունեցող երեխաների համար սկսեցին գործել «Խոխա» կենտրոնը, «Հայորդի» աշխատարանը, Քննարկումների հարթակը, Արվեստի սենյակը, Գրադարանը: «Տունը այն տեղն է, որտեղ կանք Մենք»,-ասում է Վաչե Վարդանյանը:  Յուրաքանչյուր ամիս 200 երեխա հաճախում է տարաբնույթ խմբակների, դասընթացների:

«Խոխա» կենտրոնը , որն առաջին անգամ բացվել էր Կարմիր շուկայում 2021թ., 3-6 տարեկան արցախցի խոխեքի համար է: Դասավանդվում է ազգային պար, երգ, նկարչություն, կենցաղավարություն և այլն: Երեխաները ամեն պարապմունքի սկզբում երգում են Արցախի օրհներգը: Իրար հետ հաղորդակցվում են միմիայն Արցախի բարբառով:

Աշխատարանում անվճար հաճախում են զանազան խմբակների:

Արվեստի սենյակում կավագործության, նկարչության և համանման խմբակների միջոցով խոխեքը արտահայտում են իրենց հույզերը: Արվեստանոցում աշխատում է նաև հոգեբանների թիմը:

Գրադարանը հարուստ է ժամանակակից գրքերով:

Քննարկումների հարթակում  կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ և դասընթացներ:

Վաչեի խոսքով` «բարի գործ անելու համար հատուկ առիթ կամ օր պետք չէ: Պետք է միայն ցանկություն»:

«Հայորդիում» ամենահավեսը փրփուր փարթին է: Երբ մեծանամ զինվոր եմ դառնալու, որ հայրիկիս օգնեմ: Եթե ունենամ կախարդական փայտիկ, հայրիկիս հետ կբերեմ»,-ասում է ամենափոքր անդամներից Արմանը, որի ամենակարևոր երազանքը Հայրիկի մասին է…

«Մայրենիք» ծրագիրը մեկնարկել է 2024թ. ապրիլին: Ծրագրի նպատակն է շնորհակալ լինել այն մայրերին, որոնք  հայրիկի զոհվելուց հետո ստիպված են լինում միայնակ հոգալ բոլոր կարիքները: Հոգատար հայրենակիցները պատասխանատվություն են ստանձնում 5 ամիս շարունակ դրամական աջակցություն տրամադրել ընտանիքներին:

«Աշկդ լյուս»  ծրագրի շնորհիվ Արցախից բռնի տեղահանված 100 հղի կանայք yerazkids-ի կողմից ստացան խնամքի նվերների փաթեթ և մասնակցեցին ուսուցողական սեմինարի:

«Խոխա»  կենտրոնի դաստիարակ Անահիտ Գրիգորյանի ամուսինը զոհվել է բենզինի պայթյունից: Սարուշենից տեղահանվելուց հետո նա անբաժան է կենտրոնից.« Շատ պարտավորեցնող աշխատանք է, քանի որ յուրաքանչյուր մանուկ ունի տրավմա ու գտնվում է ծանր հոգեվիճակում: Երեխաները գոնե այստեղ պետք է տեսնեն կյանքի գույները, մի պահ մոռանան կարոտը»: Կենտրոնում երեխաներն իրար ապրումակցում են, չեն մոռանում արցախյանը, իրենց զգում են հարազատ միջավայրում, միասին են նշում ծննդյան տոները: Վաչե Վարդանյանը նշեց, որ երեխաների պաշտպանության օրվան նվիրված բազմաթիվ հեքիաթային միջոցառումներ են սպասվում:

 

«Հայորդի» կազմակերպությանը կարող է օգնել մեզնից յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է նվիրատվություն ուղարկել 11815042199803 (ID bank): Հիշենք, որ կաթիլներն են ամբողջացնում ծովը…

Տաթև Ազիզյան

Աղետալի հեղեղումներ Հայաստանում

Ալավերդիում աղետ է: Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Կապն աշխատում է խափանումներով, խոսվում է գետափնյա տներից անհետացած մարդկանց մասին: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Հրաչյա  Պապինյանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։

«Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։ Ճանապարհների վիճակի կարգավորվելուն պես՝ Կոմիտեն լրացուցիչ կտեղեկացնի, միաժամանակ, կարող եք հետևել լրահոսին»,- հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տաշիր գետի վարարման պատճառով ջուրը լվել էՏաշիր քաղաքի փողոցները: Այս մասին հայտնում են օգտատերերը` հրապարակելով լուսանկարներ եւ տեսանյութեր:

Նշենք, որ Դեբետ գետի վարարման հետեւանքով Ալավերդիում աղետ է, կան փլուզումներ խոսում են կորած մարդկանց մասին:

Ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հայտնել Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ:

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ժ․08։00-ի դրությամբ՝

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը  ջրածածկված է։

Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ,  երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

ՏԿԵՆ-ից ներկայացնում են փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.

Փակ երթուղիներ՝

  1. Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն
  2. Դիլիջան – Իջևան

Այլընտրանքային երթուղիներ՝

Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի

  1. «Գոգավան մ/տ» – Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
  2. «Բավրա մ/տ» – Գյումրի – Երևան

Հայաստանի ներհանրապետական երթուղի

  1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդես

Factor.am

Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։

Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել խոսնակին և մյուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Դեսպան Հարությունյանն առանձնանշել է, որ Ադրբեջանն այս պահին Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, յուրացման և պղծման միջոցով վերացնում է բնիկ արցախահայության ներկայության հետքերը։

Այդ համատեքստում դեսպանը զուգահեռներ է անցկացրել Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգության գրեթե 99 տոկոսի ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի համակարգված քաղաքականության հետ։

Ընդգծելով Արցախի հայկական ժառանգության պահպանման նշանակությունը՝ նա մեծապես կարևորել է այդ ուղղությամբ միջազգային ջանքերի անհապաղ գործադրումը՝ որպես համաշխարհային պատասխանատվության խնդիր։

Ներկայացուցիչների պալատի խոսնակը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացման և պղծման անթույլատրելիությանը, կարևորել է նման գործողությունների կանխմանն ուղղված պայքարը՝ շեշտելով տվյալ արժեքների՝ համայն մարդկության ժառանգության մաս կազմելու հանգամանքը։

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և Սենատի, այդ թվում՝ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Կանադայի Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոսը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք և հյուրեր։

Բայդենը Ալիևին ակնարկել է, որ հինգերորդ ժամկետն արդեն գահի հայտ է

Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահի ուղերձում ասվում է. «Ձեր նախագահության հինգերորդ ժամկետի սկզբում Միացյալ Նահանգները ջանքեր կգործադրի…» և այլն։

Ամերիկյան ժողովրդավարական ավանդույթների համար հինգերորդ ժամկետը, իհարկե, անհեթեթություն է: Բայց Բայդենի հայտարարության մեջ կարելի է տեսնել ևս մեկ ակնարկ՝ Ալիևը, որը նախագահ է, նախագահի որդի, փոխնախագահի ամուսին, ապագա նախագահի հայր, հինգերրոդ ժամկետով, իհարկե, ժառանգական տիրապետության, ազնվականության հայտ է ներկայացնում։

«Մենք ցանկանում ենք առաջ մղել մեր ընդհանուր կլիմայական նպատակները COP29-ում նոյեմբերին Բաքվում և պատրաստ ենք աջակցել Ադրբեջանին միջոցառումը հաջողությամբ անցկացնելու գործում», – ասված է ԱՄՆ նախագահի նամակում։

Ի դեպ, այսօր Ալիևի խորհրդականն ակնարկել է, որ Երևանն ու Բաքուն կարող են «խաղաղության պայմանագիր» կնքել Բաքվում կայանալիք վերոհիշյալ գագաթնաժողովում։ Պատահական չէր, որ Փաշինյանը համաձայնեց գագաթնաժողովը Բաքվում անցկացնելուն. հենց նման ֆորումներում շնորհում են «կլոր սեղանի ասպետություն»։

Ուխտագնացություն Տաթև՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների

Sputnik․ Այսօր տեղի է ունեցել «Կենաց ծառ» խորհրդանշական անվամբ ուխտագնացություն դեպի Տաթևի վանական համալիր՝ ի զորակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների: Տեղեկությունը հայտնում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում գերաշնորհ Տ.Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ համատեղ աղոթք է անցկացվել՝ հանուն հայ գերիների շուտափույթ վերադարձի։
«Տաթևը հայոց հոգևոր և ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։ Այսօր շատ կարևոր է ներշնչանք և ուժ ստանալ մեր ազգային-հոգևոր ակունքներից՝ մեր նոր զարթոնքի համար։ Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու, հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաև խիստ կարևոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ և ապահով վերադարձը հայրենիք»,- ասել է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Խորհրդանշականորեն նաև «Կենաց ծառ» է տնկվել և պտղատու նոր այգի բացվել, Տաթևում և Հալիձորում ազգագրական-մշակութային միջոցառումներ են անցկացվել: Համայնքի բնակիչները ավանդական հարիսա են պատրաստել։ Համերգային կատարումներով հանդես են եկել Արցախի ազգային նվագարանների նվագախումբը և «Մռակած» երգչախումբը:
Նշենք, որ ուխտագնացությունն իրականացվել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը: Այսօր Արցախի նախկին պետնախարարը 56 տարեկան է դառնում։

Կիրանցի բնակիչը Փաշինյանին տուն չթողեց

Sputnik. Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչը Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանին տուն չի թողել։

«Ի՞նչ անել, եթե սահմանն անցնում է այնտեղ, որտեղ այն անցնում է քարտեզի վրա», – տան բակում հարցրեց Փաշինյանը։

«Մեր երկիրը գնալով փոքրանում է»,- նրան ասաց բնակիչներից մեկը։

Սրան Փաշինյանն առարկեց. «Ոչ թե փոքրանում է, այլ մնում է նույնը։ Սահմանը, ըստ քարտեզների, մնացել է այնտեղ, որտեղ եղել է»։

Մի քանի այլ բնակիչներ առաջարկել են Փաշինյանին և իր ընտանիքին սահմանազատման գործընթացի ավարտից հետո բնակություն հաստատել Կիրանցում։ «Սպասիր, մենք նոր պայմանավորվել ենք քննարկել»,- ասաց վարչապետը։

Սրան էլ տան տերը, ում մոտեցել է Փաշինյանը, պատասխանել է. «Գնա ստեղից։ Ըստ ձեր քարտեզների՝ սա Ադրբեջանի տարածքն է։ Դե ուրեմն գնա՛»։

Փաշինյանն այլևս «սուրբ կով» չէ. ինչու են Կոպիրկինին կանչել Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Պատճառները չեն հաղորդվում, սակայն, ըստ էության, հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի նոր կամ ակնհայտ բան տեղի չի ունեցել, ուստի պետք է ենթադրել, որ նրան կանչել են հետագայի մասին խորհրդակցությունների։

Հիշեցնենք, որ Պուտինը Սերգեյ Կոպիրկինին նշանակեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում 2018 թվականի ապրիլի 6-ին, հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլարշավը Գյումրիից Երևան, որն ավարտվեց «թավշյա» հեղափոխությամբ և հայկական պետականության քայքայմամբ։ Կոպիրկինը Հայաստան ժամանեց ավելի ուշ եւ իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին հունիսի 4-ին, երբ Փաշինյանը արդեն վարչապետ էր։

Կոպիրկինը, ով Հայաստանում իր գործունեությունը սկսել է «փափուկ ուժի» անոնսով եւ համարվում է Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի կուրատոր, նույնիսկ ճարտարապետը ներկայիս խորհրդարանի, որը ձևավորվել է 2021 թվականին Հայաստանի համար աղետալի պատերազմից հետո։ Նա “ռուչնոյ” ռեժիմով համակարգում է թե՛ իշխանական խմբի, թե՛ ընդդիմադիր ուժերի գործողությունները։ Եւ մինչ այժմ ամեն ինչ այնպես էր, ինչպես ցանկանում էր Ռուսաստանը։

Սակայն վերջին շրջանում արևմտյան երկրները չափազանց համառորեն են Նիկոլ Փաշինյանին առաջարկում ընտրություն կատարել. Կոպիրկինի խորամանկ բանաձևը «անվտանգություն և տնտեսություն Ռուսաստանի հետ, և փող ժողովրդավարության համար Արևմուտքից» դադարել է գործել։ Արեւմուտքն արդեն գործում է Փաշինյանի գլխավերեւում՝ նրան ու Ռուսաստանին դնելով կատարված փաստի առաջ։

Օրինակ՝ վերջերս արևմտյան քաղաքական գործիչները բացահայտ ասում են, որ արցախյան հակամարտությունը չի լուծվել, որ 1994 թվականի ստատուս քվոն խախտելն անընդունելի է, և որ «խնդիրը Փաշինյանն է», ինչպես ասաց Մակրոնը։

Արևմուտքի և Ռուսաստանի համար Փաշինյանի անհարմարությունն արդեն ակնհայտ է դառնում, և չի բացառվում, որ հենց դա է պատճառը, որ Կոպիրկինին կանչել են՝ ցուցումներ տալու։ Ինչպես պահպանել բարակ շեմը՝ կանխել Հայաստանում ազգային շահերով առաջնորդվող իշխանության ստեղծումը, միաժամանակ պատասխանատվություն չվերցնել Փաշինյանի հավանական տապալման և ռազմաքաղաքական կատակլիզմների համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը անմիջապես ողջունեց Սերժ Սարգսյանի հրաժարականը 2018թ։ «Մի ժողովուրդ, որն ուժ ունի իր պատմության նույնիսկ ամենադժվար պահերին չբաժանվելու և միմյանց հանդեպ հարգանք պահպանելու, չնայած կատեգորիկ տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է։ Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, ասել է Մարիա Զախարովան։ Հետաքրքիր է, կասի՞ նա նույնը մայիսի 26-ին։

Այո, Ռուսաստանը միշտ հայերի հետ է՝ հեռացնելով բոլորին. 2020 թվականին Ռուսաստանը խրախուսեց Բաքվին ռազմական գործողությունների՝ երաշխավորելով Հայաստանի պարտությունը, իր զորքերը մտցրեց Արցախ և երեք տարի անց հասավ Արցախի ամբողջական օկուպացմանը։ Ռուսաստանը կարող է ապահովել Արցախի օկուպացիայի անշրջելիությունը միայն Հայաստանին մասնատելով ու ինքնիշխանությունից զրկելով։

Մայիսի 26-ի հանրահավաքը շատ բան կորոշի։ Բայց Նիկոլ Փաշինյանի այսօրվա արկածները Կիրանցում, որտեղ նրան մերժել են, վկայում են նրա սակրալության կորստի և այն մասին, որ նա դադարել է սուրբ կով լինել բոլորի համար։