Աշխատանքային իրավունքների պաշտպանության համար ստեղծվել է թեժ գիծ՝ 096 492984

Աշխատանքային իրավունքների պաշտպանության համար ստեղծվել է թեժ գիծ՝ 096 492984։ Եթե հասարակական և քաղաքացիական միջոցառումներին մասնակցելու պատճառով ձեր աշխատանքային իրավունքները խախտվում են, զանգահարեք և ստացեք իրավական պաշտպանություն։

Արցախի մարդիկ. Ռուզաննա Աբրահամյան

Կամ՝ հաց, որի մեջ սեր կա

40 տարվա մանկավարժը ժենգյալով հաց թխելով է հոգում ապրուստը: Բռնի տեղահանումից հետո Երևանի Սվաճյան փողոցում ժենգյալով հացի թխման կետ է բացել: Փորձ ուներ, գիտեր, որ եթե համին սովորեցին՝ հաճախորդների պակաս չի ունենա:

«Ես Ռուզաննա Աբրահամյանն եմ: 40 տարի եղել եմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, շատ սիրել եմ իմ աշխատանքը: Օրերից մի օր, երբ տեսա, որ մանկավարժի աշխատավարձով անհնար է ընտանիք պահել, որոշեցի ժենգյալով հաց թխել ու վաճառել»:

«Գործը դեռ Ստեփանակերտում եմ սկսել: Թիվ 8 դպրոցի դիմաց, որտեղ մանկավարժ էի աշխատում, մի խանութ վարձեցի, գրեցի ճակատին՝ Արցախի բրենդ ժենգյալով հաց: Ու սկսեցի ժենգյալով հաց թխել: Ուսումնասիրեցի բիզնեսի կառավարման մասին գրականություն, ինքնավստահություն ձեռք բերեցի ու սկսեցի»:

«Գյուղում մեծացած աղջիկ եմ՝ բնությանը քաջածանոթ, բույսերն անգիր գիտեի, 30 տարի ժողովրդական բժշկությամբ եմ զբաղվել, գիտեմ՝ որ բանջարն ինչ բուժական հատկություն ունի»:

Տիկին Ռուզաննան պատմում է, հետն էլ ստուգաբանում բանջարեղենի անվանումները: Հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհու համար սա լոկ մեխանիկական աշխատանք չէ, մի ամբողջ աշխարհ է՝ իր հետաքրքիր բացատրություններով:

Ժենգյալով հացը մեր պահքի ուտեստներից է: Նրա միջի բանջարներն ունեն հակաբորբոքային նշանակություն: Այն նաև նյարդերի վրա բարերար ազդեցություն ունեցող ուտեստ է, երջանկության հորմոններ ունի իր մեջ: Գուցե գաղտնիքը նրանում է, որ այն սովորաբար թխում ու վայելում ենք բարեկամներով, մտերիմներով, յուրայիններով:

Ժենգյալով հացը մի յուրահատուկ ծես է, արարողակարգ: Ընթացքը շատ աշխատատար է՝ շուրջ 3 տասնյակ բանջարեղեն պիտի հավաքես, լվանաս, մանր կտրտես, խմորը հունցես ու նոր միայն թխես: Հնից եկող ավանդույթով՝ գերդաստանի կանայք հավաքվում էին ու իրար օգնում այդ պրոցեսում: Հարսները, աղջիկները միասին զրուցում էին, երգում, հետն էլ ժենգյալով հաց թխում ու գինով վայելում: Գուցե երջանկության հորմոնը այս ամենի արդյունքում է ձևավորվում:

Ստեփանակերտում երբ թխում էի, փոքր երեխաներն այնքան էին սիրում, որ չէին համբերում. «Մամա շուտ արա, շուտ արա, ուզում եմ ուտել»,- այս բառերով էր ուղեկցվում փոքրիկների սպասումը:

Քանի՞ տեսակի բանջարեղեն են օգտագործում

Սովորաբար նշում են շուրջ 2 տասնյակ բանջարների մասին, սակայն տիկին Ռուզաննան շուրջ 6 տասնյակ բանջարի անուն ունի իր մոտ գրած: Ճիշտ է՝ այդ ամենը միշտ չէ, որ գտնվում է, տարվա եղանակների հետ կապված՝ ցուցակը նոսրանում է:

Արցախում աճող շատ կանաչիներ այստեղ փոխարինում է Հայաստանում աճող բանջարներով (ըստ նրա՝ 15 տեսակի բանջար այստեղ կարելի է գտնել): Տիկին Ռուզաննան նախ ինքն է փորձում համը, հետո միայն որոշում՝ խառնե՞լ իր բանջարեղենին, թե՞ ոչ:

Ասում է՝ պիտի իմանաս ինչ համամասնությամբ խառնել բանջարեղենը, ոնց խառնել, ինչքան ձեթ ու սոխ ավելացնել, ինչքան պահել կրակին, որ իր օգտակար հատկությունները չկորցնի:

Համեմունքային կանաչիները նրա մոտ առանձնացված են, ձմռանը չաճող կանաչիները նա չորացնում է ու խառնում, օրինակ՝ անանուխը, ռեհանը կարելի է չորացրած էլ խառնել: Անցնում է բարբառի՝ «մին պատառ սըրանա, մին պատառ նըրանա՝ համավ պեն ա ստացվում»:

Փորձարկումներ է անում. հարևանների համար նաև գազար է ավելացնում, իր ընտանիքի համար աղացած միս է խառնում: Այսպես ամեն օր մի նորույթ է մատուցում:

Ստեփանակերտի իր այգում ելակ ու ազնվամորի էր աճեցնում, սրանց տերևներն էր նաև խառնում ժենգյալով հացին:

Ինչու հենց ժենգյալով հաց

Ուտեստը պարզ բաղադրություն ունի, բնության հետ է կապված, երբ ուրիշ բան չի լինում ուտելու, արցախցի հնարամիտ կինն իր բոստանից (տնամերձից) բանջարեղեն է հավաքում, մի քիչ ալյուր շաղախում, խմոր հունցում, ժենգյալով հաց թխում՝ երեխաներին կշտացնում:

Արցախյան առաջին պատերազմի ու վերջին շրջափակման ժամանակ հենց ժենգյալով հացն էր արցախցու փրկիչ ուտեստը:

«Հիշում եմ՝ 90-ականներին տանս մի կիլոգրամի չափ ալյուր էր մնացել: Իմ բոստանից բանջար քաղեցի, մի 10 ժենգյալով հաց թխեցի ու այդ օրը մի լավ կշտացանք: Բլոկադայի ժամանակ էլ, երբ անգամ ձեթ չկար, առանց ձեթ էի թխում, հաճախորդներս չէին տրտնջում, մեկական էի տալիս, որ բոլորին ինչ-որ բան հասներ»,- պատմում է տիկին Ռուզաննան:

Արցախի ժողովուրդը բնությանը մոտ էր, ճանաչում էր իրեն շրջապատող ամեն քար ու թուփ, գիտեր՝ ինչը կարելի է ուտել, ինչը՝ոչ: Մեր տատիկներին էլ է ժենգյալով հացը օգնության ձեռք մեկնել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, երբ համատարած սով էր:

Հաց, որի մեջ սեր կա

«Մոսկվա էի գնացել՝ որդուս այցելության, հետս տարա՝ համից չէր կշտանում, ասում է՝ մամա, քո թխածն ուրիշ է, այստեղ էլ են վաճառում, գնում ենք, բայց քոնի համն ու հոտն ուրիշ է: Ասում եմ՝ սեր եմ դնում մեջը, դրանից է:

Իսկապես, այնքա~ն սիրով եմ անում իմ գործը, չեմ ալարում, հաճույքով եմ կատարում ամեն մի պրոցես, եթե անգամ տնեցիները երբեմն օգնում են, ես, միևնույն է, վերահսկում եմ՝ պիտի ամեն ինչ իմ ուզածով լինի:

Միշտ Աստծո բաժինը բաժանում եմ՝ մի չունևորի, սոված մարդու, հարևանի, երեխայի եմ տալիս, սա էլ մի հատուկ արարողակարգ է ինձ համար: Խիղճս մեջտեղ դնելով եմ անում իմ աշխատանքը, հո՞ ամեն ինչ փող վաստակելու համար չէ միայն»:

Ժենգյալո՞վ, թե՞ ջանջյալով հաց

«Ծանր, աշխատատար գործ է, կատակում ենք ՝ժենգյալով հաց չի, է~, ջանջյալով (խմբ.` ջանջյալ-դժվար` Արցախի բրբ.) հաց է: 8 տարի է զբաղվում եմ դրանով: Երեխաներիս մեծացնելիս, կրթություն տալիս շատ է օգնել ինձ:

24 տարի է, ինչ միայնակ մայր եմ: 3 զավակ եմ մեծացրել: Մեծս՝ Վահանը, 11 տարեկան էր, երբ մենակ մնացի: Չեմ ընկճվել, գիտեի՝ կպահեմ, կմեծացնեմ»:

«Ես Շոշ գյուղից եմ: Մեր հարևանները ուսուցիչներ էին՝ Թորոսյանները, միշտ մայրիկիս ասում էին՝ Նորա, շատ ես չարչարում երեխաներին, ասում էր՝ «վեչինչ, թող անէ ինձետէ, սըվերէ ուրան հետէ» (թող ինձ համար անի, իր համար սովորի): Ու իսկապես, եթե մորս այդ չարչարելը չլիներ, կյանքի հարվածներին չէի դիմանա:

Մեր Ղարաբաղի լեռներից, քերծերից այնքա~ն զկեռ եմ հավաքել, մեր սառնորակ աղբյուրներից այնքա~ն ջուր եմ կրել:

Ամենաուժեղ կրթությունն աշխատանքն է, երեխան փոքր տարիքից պիտի միտքը զարգացնի: Ես այս տարիքում էլի նոր բան եմ ուզում սովորել, բիզնես դպրոցներ կան, դասընթացներ կան, որոնց սիրով կմասնակցեի, բայց հացի խնդիր եմ լուծում, ժամանակ չունեմ:

Երեխաներիս ասում եմ՝ ինչքան կարողանում եք, սովորեք, ամեն տարիքում մի նոր բան սովորեք, ձեր իմացածին նորը ավելացրեք, դրանից միայն օգուտ կքաղեք»:

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստված է “Ստեփանակերտ” Մեդիա ակումբի նախագծի շրջանակներում

Իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը

5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ  Սարգսյանի տունը:

Նշենք, որ ավելի վաղ խուզարկություններ են տեղի ունեցել Ասկերանի եւ Մարտակերտի քաղաքապետերի տանը, նրանք ձերբակալվել են:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քաղաքական դրդապատճառներ է տեսնում, քանի որ համայնքապետերը օրերս մասնակցել էին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը:

Արցախի պետական ​​մեքենաները կառգրավվեն և կվերադարձվեն Արցախ

Երեւանում մայիսի 26-ի հանրահավաքից երկու օր առաջ ձերբակալվել են Ասկերանի եւ Մարտակերտի քաղաքապետեր Հայկ Շամիրյանն ու Միշա Գյուրջյանը։ Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռք բերած գույքը վաճառելու համար։

Խոսքը Արցախի պետական ​​ու համայնքային մեքենաների մասին է, որոնք տեղահանությունից առաջ վերջին օրերին գլխացավանք դարձան բազմաթիվ պաշտոնյաների համար։ Կառավարության մակարդակով որոշում է կայացվել ավտոմեքենաները օտարել այն պաշտոնյաներին, որոնց նրանք ծառայում էին։ Շատերը չհամաձայնեցին սեփականաշնորհել, բայց այս մեքենաներով եկան Հայաստան՝ այն մտադրությամբ, որ հետո դրանք կհանձնեն պատկան մարմիններին։

Ենթադրվում էր, որ Հայաստանում Արցախի պետական ​​մարմինները կունենան ինչ-որ կարգավիճակ, իրավական բալանս, եւ մեքենաները կգտնեն իրենց օրինական տերերին։ Այլընտրանքը մեքենաները թշնամուն թողնելն էր։

Բայց Հայաստանում Արցախի թե՛ պետական, թե՛ մունիցիպալ մարմինները հայտարարվեցին «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ», Արցախի ժողովուրդը հանկարծ դարձավ Հայաստանի ոչքաղաքացի, Արցախի պետական ​​և այլ ունեցվածքը ոչ միայն օրենքից դուրս ճանաչվեց, այլ, ըստ էության, յուրացված արցախցիների կողմից։

Ասկերանի և Մարտակերտի քաղաքապետերին դատում են Ադրբեջանին «պատկանածը» յուրացնելու համար։ Այս տրամաբանությամբ հնարավոր է, որ խնդրո առարկա մեքենաները Հայաստանի քննչական մարմինների կողմից առգրավվեն և վերադարձվեն Ալիևին։

Հակառակ դեպքում Հայաստանում կստեղծվեր համակարգող մարմին՝ Արցախի իշխանությունների հետ միասին, որը կզբաղվեր նման հարցերով։ Կասկածից վեր է, որ այս մոտեցմամբ պետական ​​գույք բերողներից շատերը՝ անկախ դրանից, դա արել են թշնամուն չթողնելու թե՞ պարզապես յուրացնելու համար, կներկայանային համակարգող մարմնին, թեկուզ գույքը օրինականացնելու համար։

Բայց դա չի արվել, այդ թվում, որպեսզի ճիշտ պահին հանվեն մեղադրական ապացույցները թղթապանակից։

Ստոլտենբերգ. ժամանակն է թույլ տալ Կիևին օգտագործել ՆԱՏՕ-ի զենքերը Ռուսաստանի տարածքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Economist-ին տված հարցազրույցում, դաշինքի անդամ երկրներին, որոնք Ուկրաինային զենք են մատակարարում, կոչ է արել չեղարկել Ռուսաստանում ռազմական օբյեկտների վրա հարձակումների համար դրանց օգտագործման սահմանափակումները:

«Ժամանակն է, որ դաշնակիցները մտածեն վերացնելու որոշ սահմանափակումներ, որոնք նրանք դրել են Ուկրաինային փոխանցվող զենքի օգտագործման վրա», – ասել է Ստոլտենբերգը մայիսի 24-ին տված հարցազրույցում։ «Հատկապես հիմա, երբ Խարկովում՝ սահմանի մոտ ծանր մարտեր են ընթանում, Ուկրաինային մերժելը այդ զենքերը Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ օգտագործելու համար ավելի է դժվարացնում իր տարածքի պաշտպանությունը»:

Ստոլտենբերգի համար Ուկրաինային թույլ տալը հարձակվել Ռուսաստանի թիրախների վրա արևմտյան զենքով և ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունը հակամարտությանը նույն բանը չէ, նշում է Economist-ը։

«Մենք վարժանքներ ենք անցկացնում, զենք ու զինամթերք ենք տրամադրում Ուկրաինային, բայց ՆԱՏՕ-ի տարածքից ուղղակիորեն չենք մասնակցի Ուկրաինայի կամ Ուկրաինայում մարտական ​​գործողություններին։ Սա բոլորովին տարբեր հարցեր են»,- ասել է Ստոլտենբերգը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարբերաբար կոչ է անում արևմտյան գործընկերներին «ցուցաբերել վճռականություն» և թույլ տալ, որ այն օգտագործվի Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։

Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին

Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում  ասաց, որ քաղաքապետին ձերբակալել են խարդախության կասկածանքով, սակայն այստեղ քաղաքական դրդապատճառներ կան:

«Ասկերանի քաղաքպետի ձերբակալության նույն պատմությունն է կրկնվում,Մարտակերտի քաղաքապետը իր հետ բերել է քաղաքին պատկանող ավտոմեքենա, Հայաստանում հաշվառման կանգնեցնելու հետ կապված նրանից ոստիկանությունը պահանջել է որ ավագանու որոշում լինի, եւ դա որակվել է որպես խարդախություն: Հիմա հարց է առաջանում, որ խարդախություն կամ հափշտակութուն է, ով է տուժողը, Ադրբեջանի՞ շահերն են պաշտպանում, կամ Ադրբեջանի հափշտակած Մարտակերտ համայնքի՞ շահերն են պաշտպանում: Երկու դեպքում էլ որեւէ մարտակերտցի կամ ասկերանցի խնդիր չի բարձրացրել: Այս մարդիկ այս անպատվաբեր պատվերն են ստանձնել եւ միակ նպատակը բնականաբար քաղաքական է, որովհետեւ մի քանի օր առաջ Բագրատ Սրբազանը հանդիպել էր Արցախի իշխանությունների հետ եւ ինչ աստիճան եղկելի պատվերի հետ գործ ունենք»,-ասաց  նա:

Մելիքյանը նշեց, որ Մարտակերտի քաղաքապետին գիշերն են ձերբակալել, ենթադրում է, որ կներկայացնեն կալանքի միջնորդության:

Իրավապաշտանը նշեց, որ այս ձերբակալություններով եւ կալանքներով տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները փորձում են մեկուսացնել համայանքապետերին հանրահավաքին ընդառաջ:

news.am

Երեխաներին արգելում էի մի կտորից ավել ուտել, իսկ հետո թաքուն լացում. պատմում է Գայանե Գևորգյանը

Հայրս արմատներով Քյաթուկ գյուղից է, բայց մենք այնտեղ համարյա չենք ապրել: Ավելի շատ հուշեր ունեմ Շուշիի շրջանի Հին Շենի մասին, որը 2020 թ. հետո բավականին բարդ իրավիճակում էր հայտնվել` երկկողմանի շրջափակման մեջ էր: Գյուղի պարզ ու հասարակ առօրյան երազներումս եմ տեսնում:

Տատիկս ինձ ընդգրկում էր տան գործերին`թե ինչ և ինչպես պիտի անեմ: Սովորությունն անխախտ էր. մեծերը առավոտյան վաղ արթնանում էին ու ճամփա ընկնում դեպի հանդերը: Երեխաներով մնում էինք տանը, նույն խաղերը խաղում բակում ու երեկոյան` մեծերի գալու ժամին, թեյը պատրաստ պահում: Ես փոքր կուժ ունեի, որով աղբյուրից շատ սառը ջուր էինք բերում տատիկի-պապիկի համար: Մեծ ցավ եմ ապրում, որ երբևէ չեմ կարողանալու գնալ  ու կարոտս առնել:

Հիշում եմ մեր բարբառի առանձնահատկությունները`տատիկն անընդհատ օգտագործում էր վհատալ բառը, ինչը նշանակում է հավատալ: Պապիկս դարբնոց ուներ ու միշտ ծանր աշխատանք էր անում: Սառը թան էի պատրաստում  ու տանում նրա համար: Նրանց պատմածներից ինձ վրա շատ է ազդել հատկապես այն, երբ խաղաղ ժամանակներում ադրբեջանցի բժիշկն իր մասնագիտությունն օգտագործում էր հայերին վնասելու համար: Դրա վկայությունն էին այրված ձեռքով երեխայի առողջական վիճակի վատթարացումը և բազմաթիվ կանանց` մայրանալու հնարավորությունից զրկելը:

Արդեն 7-րդ  դասարանում հասկացել էի, որ ապագա մասնագիտությունս պիտի լինի լրագրությունը: Հիշում եմ 1990-ականների նկուղային կյանքից դրվագներ: Ավելի շատ պատերազմի հետևանքներին եմ բախվել: Չկար ջրամատակարարում, գազամատակարարում, հացի հերթեր էին , աշխատանքի պակաս… Մեր ընտանիքը այդ ամեն ինչը զգացել է: Փայտ չկար, որպեսզի ձմռանը տաքանայինք: Ամբողջ դժվարությունները տարել ենք:

Ես գիտակցում էի, որ Արցախում ապրելը  մեծ շնորհ է, որ տրված է մեզ Աստծուց: Մեր ծննդավայրում ազատ ապրելը գնահատում էի: Հետադարձ հայացքով նայելիս հասկանում եմ, որ մենք ապրում էինք դրախտավայրում, որը ոչ մի տեղ չէիր կարող գտնել:

Լավ չէինք պատկերացնում խաղաղության գինը: Քառօրյայի ժամանակ վստահություն կար, որ հարցը լուծվելու է: 44-օրյա պատերազմը լրիվ մղձավանջ էր:  Ամուսնուս եղբայրն է զոհվել, բարեկամուհուս ամուսինը: Պատերազմից հետո գիտակցաբար որոշել ենք վերադառնալ Արցախ: Եթե ես չվերադառնայի իմ երկիրը, ամբողջ կյանքի ընթացքում ինձ կմեղադրեի:

Շրջափակման առաջին ամիսներին մեր տանը դեռ որոշակի պաշար կար:  Մարտի կեսերին շատ լուրջ խնդիրների ենք բախվել, ամեն ինչից զրկված էինք, ոչ մի հնարավորություն չկար մեզ համար: Իսկական սով էր, տեղաշարժվելու հնարավորություն չկար: Որպես մայր տառապում էի ու թույլ չէի տալիս, որ իմ երեխան ավել ուտեր: Արգելում էի ու հետո թաքուն լացում: Բայց այլ ելք չկար: մենք ապրում էինք այն պայմաններում և այն գիտակցումով, որ զրկանքները որևէ նպատակ ունեն: Մենք դա անում էինք, որպեսզի մեր երկրում ապրենք: Ես շատ տպավորված էի, որ մարդիկ իրար շատ էին օգնում: Մի օր լսել էի, որ քաղաքում խնձոր կար: Աշխատանքից շտապելով իջա, որ հասցնեմ գնել: Մինչև հասա, արդեն վերջացել էր: Խանութի վաճառողը 3 խնձոր տվեց ինձ: Հեքիաթի վերջում ընկած 3 խնձորի նման էր…

2023թ. սեպտեմբերի 19-ին ես խուճապի մեջ էի, քանի որ աղջիկս դպրոցի ճամփին էր, տղաս`դպրոցում, փոքր տղաս` տանը մենակ: Կրթության նախարարությունը հորդորեց խուճապի չմատնվել ու երեխաներին թողնել դպրոցում: Մի կերպ հավաքվել էինք ու հասել նկուղ: Ցավոք, ռումբը ընկել էր մեր տան մոտ և ձեռքս վիրավորվել էր: Ընդամենը 10 րոպե առաջ երեխաներս էին ռումբի ընկած տեղը նստած: Ես փոխել էի դիրքս ու նրանց պաշտպանել իմ մարմնով: Այնպիսի տպավորություն էր, որ մենք կրակի հնոցի մեջ ենք, ինչպես Աստվածաշնչի Միսակը, Սեդրակը, Աբեդնակը…

Սեպտեմբերի 29-ին մեր շենքում մնացել էինք 2 ընտանիքներով: Վերջին օրերին լացում էինք, նստում էի մահճակալին, նայում իմ տանը, չէի ուզում ինչ-որ բան վերցնել… Չէի ուզում խախտել իմ կարգուկանոնը: Շատ ծանր ապրումներ էին, երբ մարդը ստիպված է  իր միջավայրը թողնել: Բառի ամենաուղիղ իմաստով այն էթնիկ զտում էր և շատ ցավալի է, որ որևէ տեղ այդ հարցը չի բարձրաձայնվում:

Ես համարում եմ, որ ամեն վարորդ հերոս է: Հակարիի ճամփին շատ դժբախտություններ են պատահել: Մեր աչքի առջև մարդիկ էին մահանում, մեքենաներ էին արգելակվում: Մի կերպ փախչում էինք այդ տեղանքից: Ես ամեն գիշեր քայլում եմ Ստեփանակերտի որևէ փողոցում` իմ մտքերով, երազներով: Այնքան հետաքրքիր է, որ վերջին շրջանում նախասահմանված էր ոտքով քայել, որպեսզի ամեն քարն ու թուփը հիշենք: Օրը 9 կմ քայլում էինք: Մի ճամպրուկի մեջ հնարավոր չէ բերել ապրած կյանքդ…

Տաթև Ազիզյան

Հայաստանի իշխանությունը պետք է դիմի միջազգային դատարան, որպեսզի Ալիեւը ճանաչվի միջազգային հանցագործ

Արցախցիները Արցախ կվերադառնան միայն միջազգային երաշխիքների ու ՄԱԿ-ի մեխանիզմների ներդրման պայմաններում։ Այս մասին step1.am-ի զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Այսօր Հայաստանի իշխանությունները չեն խոսում բռնի տեղահանված արցախցիների՝ Արցախ վերադարձի մասին։ Հարցին, թե ի՞նչ պայմաններ պետք է ապահովվեն վերադարձի համար, Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց․ «Արցախ վերադառնալու մասին խոսելն այսօր նման է հեքիաթի, այն պարագայում, երբ Արցախի նախորդ 20 տարվա ղեկավարներն այսօր գտնվում են Բաքվի բանտերում, եւ նրանց վերադարձնելու պահանջ Հայաստանի Հանրապետությունը չի դնում։ Այս պայմաններում արցախցիներին խնդրել կամ հորդորել վերադառնալ Արցախ, դա անընդունելի կլինի։ Արցախիցները դուրս են եկել Արցախից, բայց ներկայիս պատկերացումներով, պետք է վերադառնան եւ վերաբնակեցվեն Ադրբեջանում։ Հազարավոր հարցեր կան, եւ առանց միջազգային մեխանիզմների ներդրման, առանց ՄԱԿ-ի միջամտության ու ՄԱԿ-ի կոնվենցիաների ներդրման, մեր ազգաբնակչության վերադարձը նման կլինի սպիտակ ցեղասպանության։ Բայց այսօր իմ ասած երաշխիքները չկան, նման օրակարգ ՀՀ կառավարությունը չունի։ Այսինքն՝ չի հայտարարվել, որ ՀՀ արտաքին քաղաքական նպատակներից մեկը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայության վերադարձն է։ Եվ պարզ է, որ բանակցային սեղանին այս հարցը չի քննարկվում»։

Անդրադառնալով հարցին, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը մինչ օրս կատարված չէ, փաստաբանն ասաց, որ ՀՀ կառավարությունը շատ թերի է օգտագործում միջազգային իրավական հարթակները։ «Այո, կա արցախցիների վերադարձի որոշում, կարող է նման 10 որոշում լինել, սակայն վերադարձի որոշումը դա վերադարձի նախապայման չէ։ Պետք է լինեն վերադարձի նախապայմաններ, օրինակ, միջազգային խաղաղապահ կոնտինգենտ, ՄԱԿ-ի կոնվենցիա, որպեսզի մարդիկ հստակ երաշխիքներով վերադառնան։ Հիմա արցախցիներին ոչ ոք այդ երաշխիքները չի տալիս, նույնիսկ եթե Ադրբեջանը հայտարարի, ասի՝ եկեք, մարդիկ էլի չեն գնա։ Անհնար է վերադառնալ այն պայմաններում, երբ ղեկավարները գերու ու պատանդի կարգավիճակում Բաքվի բանտերում են, այդ նույն ճակատագիրը սպասվում է նաեւ բնակչությանը»։

Դավիթ Հավհաննիսյանը նշեց, որ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո Հայաստանը պետք է դիմեր Միջազգաին քրեական դատարան։ «Հռոմի ստատուտին միանալուց հետո Միջազգային քրեական դատարանով կալանավորված մարդկանց Հայաստանը պետք է ձերբակալի, օրինակ, Վլադիմիր Պուտինին պետք է ձերբակալել, եթե նա ժամանի Հայաստան։ Մոտ 180 պետություն միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հայաստանի իշխանությունը պետք է դիմեր դատարան, որպեսզի Ադրբեջանի գործողություններին հստակ գնահատական տար եւ Ադրբեջանի ղեկավարին ճանաչեր միջազգային հանցագործ, որպեսզի Ալեւի արտագնա այցերն էլ սահմափակեր եւ այդ գործիքակազմով ճնշում գործադրեր Ադրբեջանի վրա, ինչը չի արվել։ Սա նաեւ խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն Արցախի էջն իրենց համար փակել են։ Նույնիսկ, եթե դա օգտագործելով հնարավոր է Հայաստանի շահերն ավելի արդյունավետ սպասարկել, դա էլ չի արվում»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Պատերազմը միշտ կորուստների մասին է. Մարիամի պատմությունը, ով խնդրել է փոխել իր անունը

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

2022 թվականի դեկտեմբերին սկսված և մինչև 2023 թվականի սեպտեմբերյան վերջին պատերազմը շարունակվող Արցախի շրջափակման ընթացքում արցախցիները բազմաթիվ փորձությունների միջով անցան։ Յուրաքանչյուր արցախահայ կհիշի սննդի, ջերմության ու պաշտպանության պակասը։ Բայց միևնույն ժամանակ մարդիկ շարունակում էին ապրել՝ ստեղծելով ընտանիքներ, երեխաներ ունենալով, սեփական տներում ապրելով: Եվ, հավատացեք, շատերը կնախընտրեն մնալ շրջափակման մեջ, բայց տանը։

Այսօր ես ուզում եմ կիսվել մի աղջկա պատմությունով, ով ամուսնացել է բլոկադայի ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի վերջին պատերազմից մի քանի ամիս առաջ։ Հավանաբար յուրաքանչյուր աղջիկ ունի երազանքներ և ցանկություններ այս առանձնահատուկ օրվա՝ հարսանիքի կապակցությամբ: Մարիամն երազներ չուներ բուն հարսանիքի, նա երազում էր մեղրամսի մասին։ Բայց շրջափակման ժամանակ հնարավոր չէր ճանապարհորդել անգամ Արցախի ներսում՝ վառելիքի սղության պատճառով։ Ու Մարիամն ու ամուսինը որոշեցին ոտքով գնալ Գանձասար (Ստեփանակերտից 50 կմ է): Ճանապարհի մի մասը անցնող մեքենաներով գնացին, իսկ մի մասը՝ ոտքով։ Այն ժամանակ նա չգիտեր, որ արդեն հղի է:

Բարեբախտաբար, այս երկար քայլարշավը չի ազդել նրա վիճակի վրա, և երբ նա իմացել է երեխայի մասին լուրը, ինքն ու իր ամուսինը անչափ ուրախացել են։ Նույնիսկ այն իրավիճակում, երբ ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց վաղը, նրանք վստահ էին, որ այս երեխան օրհնություն է։ Մարիամի ամուսնու համար ընտանիքն ու հայրությունը առանձնահատուկ տեղ ուներ. նա ինքն է մեծացել առանց հոր, քանի որ երբ ծնվել է 1994 թվականին, հայրը, որը կռվել է Արցախյան պատերազմում, անհայտ կորել է։ Իր ամբողջ կյանքում հայրը առանձնահատուկ տեղ է գրավել նրա կյանքում, և չիմանալով հոր սերը, նա ցանկացել է ինքը տալ այդ սերը իր երեխային։

Սեպտեմբերի 18-ին Մարիամը ստուգվել է բժշկի մոտ, և արդեն հնարավոր է եղել պարզել երեխայի սեռը։ Երբ բժիշկը պատրաստվում էր հայտնել սեռը, նա կանգնեցրեց նրան՝ խնդրելով գրել թղթի վրա, քանի որ ցանկանում էր գենդերային միջոցառում կազմակերպել և այս պահը կիսել իր ընտանիքի և սիրելիների հետ։ Նա վերցրեց թուղթը, որի վրա գրված էր՝ տղա է լինելու, թե աղջիկ, դրեց գրպանն ու հեռացավ։

Հաջորդ օրը պատերազմ էր։ Մարիամը քրոջ աշխատանքի տեղն է եղել, պայթյունների ձայները լսելուց հետո թաքնվել են մոտակա դպրոցի նկուղում։ Այնտեղ երեխաներին հանգստացնելիս նա հանկարծ մտածեց իր երեխայի մասին. Նա մտածում էր, որ հիմա կարող է մահանալ՝ չիմանալով երեխայի սեռը։ Եվ այնտեղ, ռումբերի ձայնի տակ, ճչացող երեխաների ու լացող ուսուցիչների մեջ, նա գրպանից հանեց թուղթն ու կարդաց. փակեց աչքերը և ինքն իրեն ասաց՝ տղա…

Երբ համեմատաբար հանգիստ էր, նրանք կարողացան տուն գնալ և թաքնվել իրենց նկուղներում։ Վախ, սթրես, շրջափակում, պատերազմ… Ճանապարհը բացվեց, մարդիկ սկսեցին հեռանալ։ Նաև խուճապը, որ ճանապարհները շուտով կփակվեն, շատերի մոտ առաջացրեց սարսափելի հոգեկան տառապանք։ Բոլոր փորձառությունները ազդեցին նրա առողջության վրա, և նա վատացավ։ Հասան հիվանդանոց, պարզվեց, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում… Նա պառկած էր հիվանդասենյակում նույն սենյակում մեկ այլ աղջկա հետ։ Հիվանդանոցը դատարկ էր, անձնակազմ գրեթե չէր մնացել, ընդամենը մի քանի բանվոր։ Մի քանի ժամ անց նա կորցրեց երեխային։

Այն, ինչ զգացել են Մարիամն ու ամուսինը, հավանաբար անհնար է փոխանցել. բոլորի ցավը նույնն էր՝ հայրենիքի ու օջախի կորուստը։ Եվ այս վշտին գումարվեց երեխայի կորուստը… Հաջորդ օրը պետք է հեռանային Արցախից։ Եվ ի՞նչ կարող էր նա վերցնել իր հետ: Ի՞նչ վերցնել ամենաթանկը կորցնելուց հետո. այս զգացումը հավանաբար կհասկանան միայն մայրերը։

«Ես կորցրեցի երեխայիս արգանդում, որը մոտ երեք ամսական էր, բայց այնպիսի զգացողություն ունեի, որ կորցրել եմ երեսուն տարեկան երեխայիս… Կարծես միասին էինք ապրում միշտ»,- պատմում է Մարիամը։ «Եթե ամուսինս չլիներ, ես առանց որևէ բան վերցնելու կհեռանայի Արցախից. ոչինչ չէի կարողանում մտածել։ Ինչպե՞ս կարող ես մտածել դեկորների, վարագույրների և անկողնային պարագաների մասին, երբ նոր երեխա ես կորցրել… Ամուսինս հավաքեց իմ բոլոր իրերը՝ վերցնելով իր համար միայն մի երկու բան… Նա նույն ցավի միջով անցավ, բայց ես նրան միշտ շնորհակալ կլինեմ այդ դժվարին պահին իր աջակցության և ուժի համար»։

Նրանք մեկնեցին հաջորդ օրը։ Ամուսինը վարում էր մեքենան, նրա մայրը նստած էր կողքին, իսկ Մարիամը պառկած էր հետևի նստարանին, քանի որ դեռ չէր հասցրել վիժումից և վիրահատությունից հետո ապաքինվել։ Նրանք ճանապարհին էին գրեթե 40 ժամ։ Մարիամի ամուսինը հանգստացնում էր նրան՝ ասելով, որ եթե հաջորդ օրը նման բան լինեիր, իրենք արդեն շարասյան մեջ լինեին՝ Հայաստանի ճանապարհին, և գոնե Մարիամին չէին կարող փրկել… Գորիս հասնելով, նա կրկին ստուգվել է բժշկի մոտ, և պարզվել է, որ երբ Ստեփանակերտում վիրահատվել է, պտուղն ամբողջությամբ չի մաքրվել։ Նրան կրկին վիրահատեցին. եւ այսպես, մի ​​քանի օրում նա երկու վիրահատության է ենթարկվել։

Արդեն Երևանում Մարիամը լիակատար ապատիայի մեջ օրերով պառկել էր անկողնում։ Նա այցելում է բժիշկներին, մարմինն արդեն ապաքինվում է։ Որոշ ժամանակ առաջ նա բժշկին այցելության ժամանակ հանդիպել է այն աղջկա մորը, ում հետ նա գտնվում էր Ստեփանակերտի հիվանդանոցում։ Մայրը ասաց, որ աղջիկը ծննդաբերել է։ Ընկերուհու համար ուրախ Մարիամը մտածեց, որ ինքն էլ կարող է երեխայի հետ նույն կլինիկայում լինել…

Պատերազմը միշտ կորուստների հետ է կապված: Եվ կորուստները ավելի շատ են, քան երեւում է։ Դրա հետևանքները խորն են և բազմակողմանի, եւ միշտ չէ հնարավոր տեսնել անզեն աչքով. Քանի՞ անգամ կարող ես կորցնել ամենաթանկը:

P.S. Հերոսուհու անունը փոխվել է նրա ցանկությամբ։

Անժելիկա ԶԱԽԱՐՅԱՆ

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” Մեդիա ակումբ նախագծի շրջանակներում

Փաշինյանի հեքիաթի ավարտը

Այսօր, երբ մեզ հետ պատերազմող երկրի սահմանապահները կանգնեցին այն գծի վրա, որը Փաշինյանը կամայական անվանում է Հայաստանի «ինքնիշխան սահմաններ», Փաշինյանը ուղերձ հղեց ժողովրդին։

Չափազանց վիճահարույց և հիպոթետիկ բաների մասին Փաշինյանի անիմաստ խոսակցությունը վկայում է այն մասին, որ «իրական Հայաստանի» մասին հեքիաթն ավարտվել է։ Եթե ​​նախկինում Փաշինյանն իր հայտարարություններում վկայակոչում էր գոնե Ալմա-Աթայի հռչակագիրը, 29,8 հազար քառակուսի կիլոմետրը և այլ իբր աքսիոմատիկ փաստաթղթեր, որոնց համաձայն Հայաստանը ուրանում է իր հողերը, ապա այժմ Փաշինյանի հայտարարություններում փաստարկներ չկան։

Այսօրվա ուղերձն այն մասին էր, որ լապշան ավարտվել է, և Կիրանցի դրամատիկ պատմություններից հետո եկել է գործելու ժամանակը. Թուրքիայի հետ սահմանակետը պատրաստ է բացվելու, Տավուշի սահմանապահները նույնպես պատրաստ են «ծառայել»։ Այնպես որ, հեռու չէ այն օրը, երբ նոր «Թուրան» մակնշմամբ բեռները Կիրանցից Հայաստանով կուղևորվեն Մարգարա՝ առանց ստուգման, «ազնիվ խոսքով»։

Միևնույն ժամանակ, Ալիևի օգնականը բարձրաձայնեց «սահմանի» նոր հատվածի մասին, որը հրատապ “փոփոխման” կարիք ունի։

«Լաչին տանող ճանապարհը շատ մոտ է Հայաստանի հետ սահմանին։ Հակարի գետի հակառակ կողմում տեսնում ենք Հայաստանի սյուներն ու դրոշները։ Ադրբեջանը մտադիր է որոշել Հայաստանի հետ պետական ​​սահմանը»,- նշել է նա։ Այսինքն՝ սահմանը կտեղափոխվի Հակարի գետից հեռու։

Նրա խոսքով, «խաղն ավարտված է, հարավկովկասյան տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել»։

Հաջիևն առաջին անգամը չէ, որ ասում է, որ «խաղն ավարտված է», և նրան ձայնակցում է Փաշինյանը, որն այլևս փաստարկներ չունի։ Բայց ամեն անգամ դրանց հակադրվում են նրանք, ում համար մինչ այժմ միջազգային իրավունքը համաշխարհային կարգի միակ սկզբունքն է։

Հենց այսօր Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը գրել է. «Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղից, որտեղ ակնհայտորեն տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, Հայաստան են ժամանել հարյուր հազարավոր փախստականներ։ Եթե ​​անգամ հայրենական լրատվամիջոցներում այդ մասին քիչ է լսվում, հայերը մարդասիրական օգնության կարիք ունեն»:

Ղարաբաղը օկուպացված է, և, ինչպես ասաց Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահը, անհրաժեշտ է դատապարտել 1994 թվականի զինադադարի ուժային խախտումը և սկսել Ղարաբաղի կարգավիճակի որոշման ընթացակարգ։

«Թավշյա հեղափոխություն» կոչվող չար հեքիաթը հասել է իր տրամաբանական ավարտին. կամ այն կվերածվի տոտալիտարիզմի (որի սկիզբն արդեն ակնհայտ է), և երկիրը կդառնա «խաչմերուկ», կամ հայ հասարակությունը կհիշի իր իրավունքները և կսկսի պաշտպանել դրանք: Միջազգային հանրությունը պատրաստ է դրան։ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, թե «միջազգային հանրությունը» պահանջում է «սովետական ​​քարտեզների վրա հիմնված սահմանազատում», սուտ է եւ հենց Փաշինյանի առաջարկներն են։ Ու եթե լինի այլ առաջարկ, ապա միջազգային հանրությունը պատրաստ կլինի այն դիտարկել։

Իշխանության «լավության» բոյկոտը. Արցախ, Կիրանց…

Կիրանցում սկսված ստորագրահավաքի արդյունքում գյուղի 31 բնակիչ հրաժարվել է բնակարանների փոխհատուցումից։ Հիշեցնենք, որ կիրանցիները ստիպված են եղել համաձայնվել փոխհատուցման։

Բոյկոտը դառնում է իշխանության «լավությունների» դեմ պայքարի արդյունավետ մեթոդներից մեկը։ Ընդամենը մի քանի օր առաջ արցախցիների մեծամասնությունը փաստացի բոյկոտեց կառավարության առաջարկած բնակապահովման ծրագիրը։

Արցախցիների բնակապահովման ու այլ ծրագրերը, տավուշցիների, սյունեցիների և այլոց սեփականությունը պաշտպանելու ծրագրերը «լավություն» չեն, այլ պետության պարտավորություն՝ պաշտպանելու իր քաղաքացիներին։

Երազանքս մնաց Արցախում. Ստեփանակերտ, անձրեւ, ես դասընկերոջ հետ վալս եմ պարում, ու թող բոլորը նախանձեն

Այսօր Հայաստանում հնչեց վերջին զանգը:

Այսօր մեկ այլ դպրոցի պետք է հրաժեշտ տար ստեփանակերտցի Նարինկա Պ.։

Նոր դպրոցում ամեն ինչ լավ է՝ նոր ընկերներ ունի, բայց շատ է կարոտում Արցախը, դպրոցն ու դասընկերներին։

«Մեծերն ասում են, որ իմ կյանքը լինելու է շլացուցիչ, հետաքրքիր, իսկ Արցախի կարոտը հետին պլան կմղվի։ Բայց այսօր տոն է, և ես կարծես այնքան էլ չեմ զվարճանում:

Ես պատկերացրեցնում էի իմ վերջին զանգը դասարանիս հետ։

Եվ նաև, քանի որ այսօր իմ նոր կյանք մուտք գործելու օրն է, ինչպես խոստանում են մեծերը, ես ուզում եմ պատմել իմ երազանքի մասին։

Անցյալ տարվա մայիսից երազում էի, որ իմ վերջին զանգը լավագույնը կլինի Ստեփանակերտում։ Եվ պարտադիր է, որ պաշտոնական միջոցառումներից հետո տաք անձրեւ սկսվի։

Ինչու՞ անձրև:

Անցյալ տարի Ստեփանակերտում՝ Վերջին զանգի օրը, երեկոյան անձրեւ է տեղացել։ Իսկ հետո սոցցանցերում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են շրջանավարտները պարում անձրեւի տակ։

Ես ապշած էի նրանց արարքով։ Եվ նրանք ապշեցուցիչ պարեցին: Հետո մտածեցի, որ այսպիսի տեսահոլովակ կունենամ՝ Ստեփանակերտ, անձրև, իսկ ես դասընկերոջ հետ վալս եմ պարում։ Եվ ընկերուհիներ, որոնք չեն թաքցնում նախանձը։

Բայց ես զրկվեցի իմ երազանքից»։

Ալվարդ Գրիգորյան