Եվրոպացի քաղաքական գործիչները գնալով ավելի են խոսում Արցախի օկուպացիայի և նրա կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին

Չմոռանանք Հայաստանը: Հարյուր հազարավոր փախստականներ Հայաստան են մտել Ադրբեջանի բռնազվթածԼեռնային Ղարաբաղից, որտեղ մարդու իրավունքների խախտումներն ակնհայտ են։ Դրա մասին սոցցանցերում գրել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը։

«Անգամ եթե հայրենական լրատվամիջոցներում դրա մասին առանձնապես չի խոսվում, հայերը մարդասիրական օգնության կարիք ունեն: Դրա և շատ-շատ այլ բաների մասին այսօր խոսել եմ Հայաստանի դեսպանի հետ»,- գրել է չեխ պաշտոնյան։

Եվրոպական երկրների ներկայացուցիչները սկսեցին ավելի հաճախ իրերն անվանել իրենց անուններով՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը, նույնիսկ Ալիևի, Պուտինի և Փաշինյանի մեծ ցանկությամբ, չի լուծվել. Ղարաբաղը օկուպացված է, և, ինչպես ասել է Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահը, անհրաժեշտ է դատապարտել 1994 թվականի զինադադարի ուժային խախտումը և սկսել Ղարաբաղի կարգավիճակի որոշման ընթացակարգ։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել

Արցախցի Սարգսյանների՝ առանց ծնողական խնամքի մնացած հինգ երեխաների  ընտանիքում ուրախալի իրադարձություն է․ Մասիս քաղաքում նրանք արդեն իրենց սեփական բնակարանն ունեն։ Այն ձեռք է բերվել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի oժանդակությամբ։

Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից բռնի տեղահանումը Սարգսյանների ընտանիքի համար կրկնակի ողբերգություն դարձավ։ Հայաստան տեղափոխվելու և փրկվելու համար բենզին որոնելու դուրս եկած Սաշային և Լիանային երեխաները վերջին անգամ ողջ տեսան սեպտեմբերի 25-ին` Ստեփանակերտի բենզինի պահեստի աղետալի պայթյունի օրը։ 12-ամյա Նարեն, 13-ամյա Նանարը, 16-ամյա Ալեքսը, 17-ամյա Էլենը և 21-ամյա Սվետլանան Հայաստան տեղափոխվելուց հետո տատիկի հետ բնակվում էին ժամանակավոր կացարանում։

Բնակարանի ձեռքբերման համար «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 25 մլն ՀՀ դրամ է տրամադրել Սարգսյանների ընտանիքին: Ընտանիքի սոցիալական հոգսը թոթափելու համար՝ ընկերությունն ընտանիքին գումարը տրամադրել է աղետալի պատահարից հաշված օրեր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին։

««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մեծ պատրաստակամությամբ ու սիրով է աջակցել Սարգսյանների ընտանիքին այս բնակարանի ձեռքբերման հարցում։ Մենք մեծապես կարևորում ենք հանրային միասնությունն ու հոգատարությունը մեր հայրենակիցների, մեր երեխաների համար լուսավոր ու ապահով ապագա կառուցելու գործում և շարունակաբար մեր աջակցությունն ենք բերում այդ գործընթացին։ Սա բխում է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի սոցիալական պատասխանատվության ռազմավարական նպատակադրումից, ինչը մեր բիզնես գործունեության առանցքային բաղադրիչներից է։  Ուրախ ենք ներդրում ունենալ մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման և նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում», – նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։

Սեփական բնակարան ունենալը փոխեց Հայաստանից տեղափոխվելու ընտանիքի որոշումը: Երեխաները կշարունակեն ապրել հայրենիքում, կրթություն ստանալ և ամուր լինել՝ անկախ վրա հասած մեծ ողբերգությանը:  17-ամյա Էլենը համեստորեն պատմում է իր երազանքների մասին։ Այս տարի պատրաստվում է ընդունվել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան. «Հայաստանում եմ լինելու ես: Կշարունակեմ կրթությունս, մագիստրատուրա միչև, կշարունակեմ Հայաստանում ապրել»:

16-ամյա Ալեքսը սովորում էր Ստեփանակերտի երաժշտական դպրոցում, Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակում է երազել երգչի կարիերայի մասին. նպատակ ունի կրթությունը շարունակել Կոնսերվատորիայում։

Բադալյան ընտանիքը շարունակելու է ներդրում ունենալ հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման և նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովման գործում։

news.am

Լույս էի փնտրում, չէի գտնում…

Արցախցիներս հաճախ ենք խոսում մեր կորուսյալ հայրենիքի, միջավայրի, ունեցվածքի, նյութական ու ոչ նյութական արժեքների մասին, փորձում հիշել ամեն մի փողոցի քարն ու թուփը, հարևանական ջերմ խոսակցությունները, տան ամեն մի անկյունը, համն ու բույրը։ Կորուստներն աներևակայելի շատ են ու դառը։ Ափսոսանքն ու դառնությունը իրար միախառնված հիշում ես, և այդ հիշողությունը մի կողմից ջերմացնում է, մյուս կողմից՝ դառնացնում։

Նկարչուհի Զարինե Բաբայանը մնացածների նման Արցախում է թողել իր հույսերն ու երազանքները, տունն ու արվեստանոցը։ Առավել ծանր է տարիների իր աշխատանքի կորուստը՝ ստեղծագործությունները, որոնցից ամեն մեկը մի երեխայի պես էր։ Օրերով, անքուն գիշերներով, հուզումներով ու ապրումներով նկարված ամեն մի կտավը մի փոքրիկ կյանք ուներ իր մեջ։

«Ցավոք, ոչ մի աշխատանք չկարողացա ինձ հետ բերել։ Ամեն ինչ մնաց այնտեղ։ Այդ ծանր իրավիճակում մտքովս չէր անցնում, որ կարելի էր աշխատանքներս վերցնել։ Վերցրել էի ամենաանհրաժեշտը՝ սահմանափակ քանակով։ Անկեղծ ասած, խուսափում եմ վերհիշել։ Կարոտն ահավոր խեղդում է․․․»,- հուզմունքը խեղդելով կիսատ է թողնում խոսքը նկարչուհին։

Դեռ մանկուց պարզ էր, որ ակնհայտ նկարչական տվյալներ ունի Զարինեն։ Նկարում էր ամեն օր, ամեն ազատ ժամանակ։ «90-ականներին՝ պատերազմի ժամանակ, երբ թուղթն էլ էր սուղ, նկարում էի նույնիսկ թերթերի ազատ տարածքների վրա։ Կարծում եմ, արվեստի հետ սերտ կապված մարդիկ այլ ընտրություն չունեն, քանի որ դա երկնային պարգև է, որից խուսափելն անհնար ու անիմաստ է։ Դա միակ աշխատանքն է, որ ինձ ուրախություն, հանգստություն է պարգևում։ Շնորհակալ եմ Աստծուն այդ պարգևի համար»,- պատմում է նա։

Ուսանողական տարիներից ակտիվ մասնակցում էր ցուցահանդեսների, մրցույթների։ Համալսարանն ավարտելուց հետո դարձավ Արցախի Նկարիչների միության անդամ։ Բազմիցս մասնակցել է Արցախի նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին, մրցույթներին, այդ թվում՝ արտասահմանում։ Մասնակցելով մի քանի համահայկական մրցույթների՝ զբաղեցրել է առաջին տեղեր։

«Ստեղծագործական կյանքիս ընթացքում փորձել եմ նկարչական տարբեր ուղղություններով աշխատել։ Վաղ ուսանողական տարիներիս ոգեշնչվում էի Վերածննդի վարպետների աշխատանքներով, հետո սկսեց գրավել իմպրեսիոնիստական ոճը, այնուհետև կուբիզմը, աբստրակցիոնիզմը։ Հիմա աշխատանքներս կբնութագրեի պայմանական ռեալիզմ անվանումով, որովհետև նրանց մեջ առկա են թե՛ ռեալիստական էլեմենտներ, թե՛ վերացական»,- բացատրում է Զարինեն։

Ստեղծագործական աշխատանքներին զուգահեռ՝ նկարչուհին մանկավարժական աշխատանքով էր նաև զբաղված։ Ցերեկները դասավանդում էր Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, իսկ մինչև ուշ գիշեր աշխատում արվեստանոցում։  «Ամբողջ ուժով փորձել եմ երեխաներին սովորեցնել հասկանալու արվեստի ուժը։ Կարծում եմ, հաջողվում էր, որովհետև երեխաներին սովորեցնում էի ոչ միայն նկարելը, այլև զրուցում էինք արվեստի պատմությունից, միասին քննարկում տարբեր ստեղծագործություններ։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ մեր անհագ թշնամին»,- ափսոսանքով է հիշում նա։

2020 թվականի նոյեմբերի 11-ին` 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, Զարինեն արդեն Ստեփանակերտում էր։ Ինքն իրեն խոստացել էր, որ այլևս չի լքի Արցախը՝ ինչ էլ որ լինի։ «Շատ էի փոշմանել, որ պատերազմի ժամանակ ստիպված էի դուրս գալ Արցախից։ 44-օրյա պատերազմն իր ահավոր հետքերն է թողել։ Քայլում էի ավերված քաղաքում ու Աստծուն փառք էի տալիս, որ գոնե մի թիզ մեզ մնաց։ Մինչև պատերազմը մի փոքր հողակտոր էի գնել։ Երազում էի տուն-արվեստանոց կառուցել։ Երազանքս կատարվեց, բայց ստեղծագործական աշխատանքն այդ երեք տարիների ընթացքում մի տեսակ ցավոտ էր։ Պատերազմի հետքերն ամենուր էին, այդ թվում՝ իմ հոգում և իմ աշխատանքներում»,- պատմում է նա։

Արվեստի մարդու համար շրջափակման օրերին ծանր էր այնքանով, որ ստիպված էր ստեղագործելու փոխարեն ամբողջ օրն առօրյա կենցաղային հարցերով զբաղվել՝ հերթ կանգնել, մթերք ձեռք բերելու մասին մտածել․․․

«Շրջափակման դժվարությունները մի կերպ հաղթահարելի էին։ Ամենադժվարը լույսի բացակայությունն էր։ Շատ էի ծանր տանում գիշերվա խավարը։ Ինչ ասես չէր անցնում մտքովս։ Սարսափում էի այդ մտքից, որ մի օր էլեկտրաէներգիան սպառվելու է, և մնալու ենք խավարում։ Խավար էր նաև մարդկանց մեջ։ Լույս էի փնտրում, բայց չէի գտնում։ Միակ սփոփանքս ու մխիթարությունս Աստված էր,-վերհիշում է Զարինեն։- Չէի պատկերացնում, որ կգա մի օր, երբ կլքենք Արցախը։ Ամենասարսափելի միտքն էր դա։ Աստծո ճանապարհներն անքննելի են։ Չգիտեմ ինչի համար Տերը թույլ տվեց այս ամենը, բայց ենթադրում եմ, որ մենք ենք մեղավոր, որ այդպես էլ Աստծուն չդարձանք»։

Երևանում կրկին դասավանդում է։ Այլ աշխատանքներից ևս չի խուսափում․ «Փնտրում եմ այնպիսի աշխատանք, որ կարողանամ նաև դպրոցում դասավանդել։ Ապագան անորոշ է ինձ համար, ոչինչ չեմ տեսնում, սակայն հույսս առ Աստված է։ Թող լինի Աստծո կամքը»։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիա ակումբի նախագծի շրջանակներում

17 հազար արցախցի երեխաներ սովորում են հայկական դպրոցներում, մնացածը արտագաղթել են

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ Արցախի բնակչության արտաքսման արդյունքում Հայաստան է ժամանել ավելի քան 30 հազար երեխա, որից ավելի քան 21 հազարը դպրոցահասակ երեխաներ են։

Այսօր հայկական դպրոցներում ուսումնական տարին ավարտեց արցախցի մինչև 17 հազար երեխա։ Մնացած երեխաները, ըստ գրասենյակի, ընտանիքներով Հայաստանից արտագաղթել են սոցիալական և կենցաղային խնդիրների պատճառով։

Հայաստանն ու Արցախը միասնական կրթական համակարգ ունեն. արցախցի երեխաներն առանց բյուրոկրատական քաշքշուկի ընդունվել են դպրոցներ և ստանում են անվճար կրթություն։

Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը չի բացառում, որ ուսումնական տարվա ավարտից հետո Հայաստանից արտագաղթի տեմպերը կտրուկ կաճեն։

Ալվարդ Գրիգորյան

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը նախնական հաշվետվություն է ներկայացրել նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի պատճառների մասին

Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հանգամանքներն ու պատճառները հետաքննող բարձրաստիճան հանձնախմբի նախնական հաշվետվությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է IRNA գործակալությունը:

Հաշվետվության մեջ ասված է, որ հավաքվել է տարբեր մասնագիտական, տեխնիկական և ընդհանուր բնագավառներում տեղեկատվության զգալի մասը, որը կարող է կապված լինել պատահարի պատճառների հետ:

Ըստ փաստաթղթի՝ որոշ գործողություններ վերջնական եզրակացության համար պահանջում են ավելի շատ ժամանակ․ դրանք գտնվում են քննության գործընթացում, իսկ որոշ հարցերի վերաբերյալ կարելի է վստահ հայտարարություններ անել, որոնք հետևյալն են.

  1. Ուղղաթիռը շարունակել է հետևել նախապես պլանավորված երթուղուն և չի շեղվել դրանից մինչև դեպքից մոտավորապես մեկուկես րոպե առաջ։
  2. Վթարային ուղղաթիռի օդաչուն կապի մեջ է եղել խմբի երկու մյուս ուղղաթիռների հետ։
  3. Վթարային ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նման այլ բաների հետքեր չեն հայտնաբերվել։
  4. Վթարային ուղղաթիռը բռնկվել է բարձունքներին բախվելուց հետո:
  5. Տեղանքի բարդության, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով որոնողական գործողությունը շարունակվել է մինչև գիշեր և գիշերը նույնպես շարունակվել է, իսկ երկուշաբթի օրվա (խմբ․՝ մարտի 20-ի) լուսադեմին (առավոտյան ժամը 5-ին) (իրանական) անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ճշգրիտ որոշվել է պատահարի վայրը, և ցամաքային ուժերը սկսել են որոնողական գործողությունն այդ շրջանում:
  6. Ավիախմբի հետ կարգավարական աշտարակի խոսակցություններում նույնպես կասկածելի ոչինչ չի եղել։

Հրապարակման մեջ նշվում է, որ ուղղաթիռի վթարի հետ կապված փաստաթղթերի զգալի մասը հավաքվել է, և որոշ մանրամասնությունների և փաստաթղթերի ուսումնասիրման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, որոնք մանրազնին վերլուծությունից և փորձաքննությունից հետո Իրանի ժողովրդին կհաղորդվեն հետագա հայտարարություններում:

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Հայաստանում ՌԴ դեսպանը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել է Մոսկվա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների»,- նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«Դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ»․ Հայկ Շամիրյանին տնային կալանքի տակ են առել

Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր քննվում էր Հայկ Շամիրյանի խափանման միջոցի միջնորդությունը։ Դատարանի բակում էին հավաքվել Հայկ Շամիրյանի հարազատներն ու Ասկերանի բնակիչներ։ Շամիրյանի հարազատները հարցադրում են անում՝ եթե Հայաստանի կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչո՞ւ են արցախցիներին այստեղ քրեական հետապնդման ենթարկում, ի՞նչ հիմքով։

Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը մանրամասներ հայտնեց․ «Խոսքը 5 մլն 200 հազար դրամի մասին է՝ որպես պետությանը հասցված չակերտավոր վնասի։ Պետություն ասելով, այո՛, նկատի ունեն Արցախի Հանրապետությունը։ Լավ մանևրում են, երբ տեղին է, կարողանում են մեր գույքերը հաշվառել, երբ չէ, ասում են՝ գործ չունեն արցախցիների խնդիրների հետ։ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի՝ ավտոմեքենայի մասին է խոսքը, որը տնօրինում էր Ասկերանի քաղաքապետարանը։ Գույքն օտարվել է համայնքի ավագանու անդամների որոշմամբ, համայնքի անդամները որոշել են, որ գույքը պետք է հանձնեն համայնքի ղեկավարի տնօրինությանը՝ հաշվի առնելով այն բոլոր ներդրումները, որոնք ունեցել է համայնքի ղեկավար Հայկ Շամիրյանը իր գործունեության ընթացքում»,- ասաց Անահիտ Պետրոսյանը։

Նա նշեց, որ Հայկ Շամիրյանը Ասկերանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է բավական բարդ ժամանակահատվածում՝ 2020 թվականին, դրան հետեւել է 44-օրյա պատերազմը։ Պատերազմից հետո բռնի տեղահանված 100 ընտանիք տեղավորվել է  Ասկերան քաղաքում եւ ապահովել նրանց կեցության պայմանները։

«Այդ ավտոմեքենայով է Հայկ Շամիրյանը եկել Հայաստան, իր հետ տեղափոխել է նաեւ երեք բնակիչների, որոնք դուրս գալու համար տրանսպորտային միջոց չեն ունեցել։ Մենք չենք հասկանում մայր հայրենիքում արցախցիների կարգավիճակը, ի՞նչ կարգավիճակով ենք մենք այստեղ, մենք այս պետության օրինական ներկայացուցիչներ ենք, թե՞ չէ, այստեղ հայ լինելու իրավունք ունենք, թե՞ չէ։ Մենք փախստականի կարգավիճակ ունենք, ապրում ենք բարեկամի տանը՝ 11 հոգով մի ընտանիքում։ Այս պահին ցեղասպանութուն տեսած մարդկանց նորից ցեղասպանում են»,- նշեց Անահիտ Պետրոսյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատարանի որոշումը «դիակապտություն» որակեց։ «Այս գործի ամենամեծ իրավական աբսուրդն այն է, թե դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ Ասկերանի քաղաքապետի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ռոզա Հովհաննիսյան

Նոր դարաշրջանի սկիզբ, որը թույլ կտա փոքր ազգերին ունենալ սեփական պետություն

Ստեփանակերտ

Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան ճանաչեցին Պաղեստինը որպես պետություն։

Այս տեղեկությունը կարծես թե դարձել է նոր քաղաքական դարաշրջանի սկիզբ, որը թույլ կտա փոքր ազգերին ունենալ սեփական պետություն։ Այլ կերպ ասած, ժողովուրդների ինքնորոշումը հասնում է ավելի բարձր մակարդակի և դժվար թե կախված լինի այն պետության տարածքային ամբողջականությունից, որի պրոտեկտորատի տակ է գտնվում տվյալ ժողովուրդը կամ վարչական միավորը։

Սրան գրեթե զուգահեռ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսլերը, ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից, հայտարարեց հետեւյալը.

«2020 թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ, Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունեց հայտարարություն՝ կտրականապես դատապարտելով ռազմական գործողությունները, որոնք խախտում էին 1994 թվականի հրադադարը։ Խորհրդարանականները միաձայն դատապարտել են արտաքին միջամտությունը, հատկապես՝ Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին։ Նույն թվականի դեկտեմբերին Պատգամավորների պալատը հաստատեց իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է նախաձեռնել համափարփակ քաղաքական գործընթացներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը»։

Փաստորեն, պարզ տեքստով Կլոդ Վիսլերն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված ​​չէ, թեման փակված չէ՝ չնայած ադրբեջան կոչվող ֆաշիստական, ահաբեկչական կազմակերպության ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությանը։

Նույն թեզերով բանաձեւ Լյուքսեմբուրգն ընդունել է այս տարվա մայիսի 16-ին, իսկ Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատներն էլ չորս անգամ նման բանաձեւեր են ընդունել։

Պաղեստին պետությունը դե յուրե անկախ, մասամբ ճանաչված պետություն է Մերձավոր Արևելքում, որը ստեղծման փուլում է։ 2024 թվականի ապրիլի վերջի դրությամբ Պաղեստին պետության անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 146-ը։

Ի տարբերություն Պաղեստինի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված պետություն էր մինչև 2020 թվականի թուրք-իսրայելա-սիրիա-պակիստանա-ռուսական ագրեսիան, որի արդյունքում 12 հազար քառակուսի կիլոմետրից գրավվեց 8 հազարը, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքը (Արցախը) բաժանվեց թուրքիայի և ռուսաստանի միջև։

Ի տարբերություն Պաղեստինի, որը 2023 թվականի հոկտեմբերին դիվերսիոն հարձակում կատարեց Իսրայելի տարածքի վրա, ինչը դարձավ վերջինիս կողմից սաստիկ ագրեսիայի պատճառ, Արցախն ու նրա բնակիչները 10 ամիս ամբողջությամբ արգելափակված էին Հայաստանից և արտաքին աշխարհից, ինչը հանգեցրեց սովի, ֆիզիկական ուժասպառության, անհրաժեշտ դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու անկարողություն:

Ինչպես հայտնի է, Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դիմել է ՄՔԴ-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարարի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք առաջնորդների նկատմամբ կալանավորման օրդեր ստանալու համար։ Համացանցում տեղեկություններ կան, որ «…Իսրայելի ղեկավարությունը չի կարողանա խուսափել պատասխանատվությունից, քանի որ դատախազը գործ է վարում Գազայի հատվածում սովի կազմակերպման հատկանիշներով»։

Ի տարբերություն պաղեստինցիների, որոնք սնունդ էին ստանում օդային ճանապարհով և ՄԱԿ-ի միջազգային պարենային ծրագրով, Արցախի բնակիչները մնացել են այսպես կոչված ռուս «խաղաղապահների» ողորմությանը, ովքեր երեխաների, հղիների և խրոնիկ հիվանդների աչքի առաջ ուղղաթիռներով սնունդ էին բերում իրենց անձնակազմի համար և անհավանական գներով վաճառում մանկական սնունդ և ծխախոտ։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք Պաղեստինի պետականության ճանաչումը, Լյուքսեմբուրգի և Ֆրանսիայի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու ճանաչումը, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների և բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդերի պահանջը կդառնան ինչ-որ քաղաքական գործընթացի սկիզբ, և արդյոք այն ամենը, ինչ տեղի է ունենում, նախադեպ կդառնա՞ հայերի համար։

ԱՄՆ-ում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոն» միջազգային կազմակերպությունը, որը գլխավորում է դաշնային դատավոր Գասիա Աբգարյանը, որի շուրջ հավաքվել են ամբողջ աշխարհից փաստաբաններ, իրավաբաններ և իրավապաշտպաններ, եւս դիմել է Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով դատախազին դիտարկել ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ Արցախի շրջափակման փաստերը՝ նպատակ ունենալով դատավարություն սկսել ադրբեջանի «նախագահ» Ալիևի և 4 բարձրաստիճան զինվորականների դեմ, որոնց անմիջական հրահանգով բազմաթիվ ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ գործողություններ են իրականացվել։

Հայկական կողմին անհրաժեշտ է ոչ միայն ուշադիր հետևել աշխարհում տեղի ունեցող գործընթացներին, այլև ակտիվորեն ներգրավվել այս բոլոր գործընթացներում՝ պաշտպանելու արցախահայության իրավունքները։

Ցավոք սրտի, Հայաստանի ներկայիս իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի Արցախ բառը վերանա առօրյայից։

Դատելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսլերի խոսքերից՝ դա արդեն հեռվից էլ ակնհայտ է։ Բայց, ըստ երեւույթին, աշխարհում կան պետություններ, որոնք հասկանում են, թե որն է ժողովրդի իրավունքը, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքը։

Մարգարիտա Քարամյան

Այո, վճռական մենակ, բայց արևմտյան զենքերով և նորագույն տեխնոլոգիաներով

«Ուժեղանանք, հետո դաշնակիցներ փնտրենք» թեզը, նույնը չէ, ինչ` «Միայն սուբյեկտայնություն ցուցաբերող, ինքն իրեն պաշտպանելու կամք ունեցող ժողովուրդը կարող է ունենալ դաշնակիցներ»:

Քաղաքականության մեջ, եթե ուզում ես գաղափարներդ հստակ փոխանցես ժողովրդին, պետք է, որ խոսքիդ շեշտադրումները դրված լինեն ճիշտ նշանակետերին:

Հայաստանի Հանրապետությանը դաշնակիցներ հենց այսօր են պետք: Երեկ էին պետք: Հետևաբար, երբ երկիրը ներկայացնող իշխանությունը անողնաշար օբյեկտ է, երկրի ներքին ուժերը պետք է ցուցաբերեն ինքնիշխան քաղաքականություն և հստակ մատնանշեն այն երկրները, որոնց տեսնում են ՀՀ դաշնակիցների կարգավիճակում և հստակ ներկայացնեն այդ երկրների հետ հարաբերվելու մեխանիզմներ:

Դա պետք է անել հայտարարություններով, հանրահավաքային ֆորմատով, ԶԼՄ-ների հետ շփման միջոցով, ինչպես նաև՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներում:

Այս փոփոխվող աշխարհում Հայաստանյան քաղաքական ուժը պետք է մատնանշի Հայաստանի սուբյեկտային դիրքը աշխարհում և այն աշխարհաքաղաքական բլոկը, որի մեջ այդ ուժը տեսնում է ապագա Հայաստանը:

Բևեռը դա է անում:

Անշուշտ, վճռական մենակի հրամայականը և հոգեվիճակը պետք է լինի ժողովրդի մեջ, և հանրությունը պետք է հասկանա ուկրաինացիների օրինակով՝ որպեսզի քեզ օգնեն, դու պետք է քեզ ցույց տաս մարտում: Բայց դա քաղաքական դիսկուրս չէ և չի հակասում աշխարհաքաղաքական ուղիների մատնանշմանը:

Այո՛, վճռական մենակ, բայց արևմտյան զենքերով և նորագույն տեխնոլոգիաներով:

Այո՛, վճռական մենակ, բայց քաղաքականապես, ռազմապես և տնտեսապես աջակցող դաշնակիցներով:

Ազգային ուժը նա է, որ բացի վճռական մենակի հոգեվիճակ փոխանցելուց, անում է նաև քաղաքական քայլեր, որոնք միտված են նոր աշխարհաքաղաքական անվտանգային երաշխավորություների ձեռքբերմանը:

2020 թվականի 44-օրյա պատերազմում, 2022 թ.-ի Ջերմուկի և 2023 թ.-ի Արցախի մարտերում մեր բանակի ժամկետային զինծառայողները վճռական մենակի ոգով կռվում էին: Բայց չկար համակարգ, չկար պետություն, չկային դաշնակիցներ: Այդ իսկ պատճառով ունեցանք չարաբաստիկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և 2023 թ.-ի Արցախի ժամանակավոր կուրուստը:

Նաև պետք է գիտակցել այն, որ Հայաստանն առանց արևմտյան աջակցության չի կարող կտրել գաղութային 200-ամյա պորտալարը: Իսկ ՀԱՅՄԱՐՍներ և ՋԵՎԵԼԻՆներ մեզ այսօր են պետք:

Մի հակադրեք վճռական մենակի հոգեվիճակը և հստակ արտաքին քաղաքական կեցվածքը:


Սամվել Ասլիկյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Ստեփանակերտի թատրոնը, Հեքիմյանի եկեղեցին եւ տեր Մինասը Օպերայի մոտ

Արցախում զոհված ոստիկանների հոգեհանգստի արարողությունը Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցում: 6 մարտ 2023

Առաջին պատարագն ու սքեմով քահանային ես Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնում եմ տեսել: Դա կա’մ ղարաբաղյան առաջին պատերազմի, կա’մ հաջորդած տարիներն էին: Այդ սերնդի մարդիկ լավ կհիշեն, թե որքան երկար տարիներ տեւեց եւ ինչ գին ունեցավ այնտեղ ապրող մարդկանց համար (ինչպես ասում են, պատերազմը դժվար չէ, դրանից հետո ապրելն է դժվար):

Շատերը կհիշեն 90-ականների կիսաքանդ շենքերը, վիրավորների՝ օգնություն ստացած կապույտ բաճկոնները (վիրավորի կուրթկա), Կարմիր Խաչի կապոցները, զինկոմիսարիատի դիմաց այրի կանանց թոշակի սպասող հերթը, զոհվածների շենքը, 10-րդ դպրոցի բակի անսարք թնդանոթը, երեք ծորակի ջրի հերթը (իրեք կռան), հետո, ճապոնական հեռուստացույցները, ամերիկյան բլոքբասթերները, առաջին Snickers-ն ու Coca-Cola—ն, Սփյուռքի ներդրումները, առաջին Mercedes-600-ը (դե էլ ով, եթե ոչ կամանդույուշին):

Ի դեպ, Սամվել Բաբայանի Mercedes-600-ը նույնն էր, ինչ այսօրվա աղքատ Հայաստանի Rolls-Royce-երը: Երիտասարդները դիզայնով հիանում էին, տարեցներն ասում՝ «ինչպե՞ս կարելի է, երբ մարդիկ օրվա հացի կարոտ են»:

Շեղվելով ասեմ, որ վերջերս Հայաստան այցելած իմ արտասահմանցի կոլեգաները Rolls-Royce-երը չտեսած Երեւանի Brabus-ներից էին ապշել. God, so many… It’s so expensive, — զարմացել էին նրանք: Նույն կերպ ֆինլանդացիներն էլ Ղարաբաղում զարմացել էին՝  ճապոնական ու եվրոպական «ավտոինդուստրիան» տեսնելով:

Ինչեւէ, հարուստների ու աղքատների թեման թողնենք Աստծուն (Տերը տալիս, Տերն առնում է) եւ մտնենք «եկեղեցի», առավել եւս, որ Սովետը քանդվել եւ ավարտվել է ղարաբաղյան առաջին պատերազմով:

Մենք՝ երեխաներս, կանգնած էինք թատրոնի շենքի (եկեղեցու) միջանցքում, երբ ինչ-որ «պաշտոնական դելեգացիա» է մտնում… Քերոլայն Քոքսը շարքից ջոկում է ինձ ու մեկնում ձեռքը, ես նույնն եմ անում, նա հետ է քաշում ձեռքն, ապա հետ բերում ու ծիծաղում. what’s your name?

Հիմա եմ պատկերացնում, թե որքան մռայլ է եղել իմ մանկական դեմքն, որ Լեդի Քոքսը որոշել էր փոխել այն:

Պատմությունը վկայում է, որ թատրոնի շենքը նախկինում եկեղեցի է եղել, որը սովետական տարիներին «վերակառուցվել է» որպես թատրոն: 90-ականների պատարագներից հետո շենքում ինչ ասես չի եղել. գիշերային ակումբ, նախագահական, պատգամավորների, քաղաքապետների ընտրություններ, պարի-երգի պարապմունքներ, արվեստի դասեր, ցուցահանդեսներ, հագած շորերի բաժանման կետ, պահեստ, ի վերջո վերանորոգման խոսակցություններ, որ դեռ Արկադի Ղուկասյանի ժամանակներից էին մնացել:

«Ինչ էլ անեն էս շենքի հետ, մեկ է, փչացնելու են», ասում էր իմ արվեստագետ ծանոթներից մեկը, «լավ է թողնեն` ինչպես կա, թող իր աուրայի մեջ ապրի»:

Այսպես երկար տարիներ թատրոնի շենքում էր պատարագ մատուցվում, մինչեւ 2005 թվականին կառուցվեց Սուրբ Հակոբ եկեղեցին՝ ստեփանակերտցիներին քաջ հայտնի Հեքիմյանի եկեղեցին, որը Սուրբ Ծննդի եւ Զատկի տոներին անհնար էլ լինում մտնել:

Դիմացի ուռենուց աղջիկները պսակներ էին հյուսում Ծաղկազարդին, ծերերը նստում պատի տակ նստարաններին, բակի ֆուտբոլից քրտնած երեխաները գալիս են ջուր խմում խաչքարի ցայտաղբյուրից, մեկը գործի գնալիս մոմ է վառում առավոտյան, մի զինվորական մտնում, գլխարկը հանում ու լուռ կանգնում է խորանի առաջ, կանայք գլխաշոր են քաշում, լումաները զրնգում են գանձարանում, սարկավագները փոխվում են ժամերգության համար, Տեր Մինասը ափով կրծքի խաչը պահած մկրտության է մտնում իր առույգ քայլվածքով, մոմավաճառը դիտում է տեսարանը փոքր պատունահից…

Օրեր առաջ Օպերայի հրապարակում նստած, մեկը տոպրակներով նստում է հենց կողքս:

— Բարեւ Ձեզ, Տեր Մինաս, – ասում եմ ես:

— Օ, բարեւ, – պատասխանում է Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան:

— Անունդ չհիշեցի, – ավելացնում է նա:

Վայրկյանների մեջ ես ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ես էլ եմ շատերի անունները մոռացել, արդարացնում ինձ, որ Ֆեյսբուքն է մեղավոր, որ չեմ կարող բոլորին հիշել, որ մարդիկ սոցցանցերում այլ տեսք ունեն, իրականում` այլ:

Մի օր մեկը մեքենան կանգնեցրել բարեւել էր, ես էլ ձեւ եմ արել, իբր հիշում եմ, հարցնում եմ՝ գործերն ինչպես են, տեղավորվե՞լ, տուն գտե՞լ է, երկխոսությունը շարունակում, հաջող ենք անում` բաժանվում, երկու օր հետո եմ տեղը բերել, թե ով էր…  Հետո, երբ ուրիշ արցախցիների մոտ էլ եմ սկսել նկատել այս «դիագնոզը» (Պարույր, հո՞ւնց ըս, – Երեւանում հարցրել էր ինձ ղարաբաղցի մի տաքսիստ), հասկացել եմ, որ Ղարաբաղը ֆիզիկապես կորցնելուց հետո, նրա նախկին բնակիչներն էլ են կորցնում, մոռանում իրար: Արդեն ոչ մեկը ոչ մեկի տեղը չգիտի: Թվում է թե ինտերնետում գոնե կարող ենք միասին լինել, բայց ես նաեւ այնտեղ «չեմ տեսնում» ղարաբաղցիներին:

— Տե՛ր Մինաս, քիչ առաջ ձեզանից էինք խոսում եւ ահա դուք, – անակնկալի եկած ասում են երկու ստեփանակերտցիներ, – քիչ առաջ ձեզանից էինք խոսում, ու դուք այստեղ նստած եք, – իրար վկայակոչելով ասում են ստեփանակերտցիները, որ հենց նոր մոտեցան:
Ես նրանց թողնում ու իմ ավստրալացի հյուրի հետ հեռանում եմ:

Արցախցիներին Հայաստանում տարբեր տեղեր հանդիպելով, տարօրինակ մի զգացում է պատում հաճախ. որքա՞ն չեն սազում այս մարդիկ այս տարածքին: Ասենք մի աղջկա, ում չես ճանաչում, բայց ամեն օր տեսնում էիր, գիտես, որ Կոլցեվոյի գեղեցկության սրահի վարսահարդարն է, հիմա Գազանանոցի ճանապարհին կանգառում տրանսպորտի է սպասում: Չէ էլի չէ, մարդիկ կան, ում հենց Հեքիմյան, Կոլցիվոյ, Պիտաչոկ, ստոկվարտիրնի, Պալիտի դիմաց կանգնած, ԿԳԲ-ի պարկում կամ եկեղեցում պետք է տեսնել, բայց ոչ Օպերա, Կոմիտաս ու Երրորդ մաս:

«Բրատ, երեսուն տարեկան եմ, կյանքումս Երեւան գնացած չկամ», – ասում էր մի ստեփանակերտցի: Տատս էլ, ով ամբողջ կյանքը գյուղում է ապրել, Ստեփանակերտի մեր տան պատուհանից նայելով ասում էր. «դե սա ի՞նչ է, Հաթերքը սրա տաս չափ կա…»:

Տեր Մինասի հետ մի օր ուխտագնացության էինք գնացել Ղայբալուշենի եկեղեցի, ձորով բարձրացել Շուշի, ճանապարհին եղնիկ տեսել: Դա այն նույն ձորն է, որտեղ սպանվեցին ոստիկանները: Մեկօրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտի գերեզմանատնից տեսնում էի ադրբեջանական հրետանու հեղեղը, որ թափվում էի տեղանքում, նկարում հեռախոսով` թաքնվելով գերեզմանաքարերի եւ կիպարիսների հետեւում: Տեսանյութը հրապարակել էր Sky News-ը:

Երեսուն տարի անց նորից նույն ձայները նույն տեղում: Վստահեցնում եմ, հրետանու ձայնն ավելի սարսափեցնող է, քան նրա բեկորները: Օդային տագնապից ավելի էս շփոթվում, քան կործանիչից:

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «գրադը» տապալել էր Ստեփանակերտի մեր հնգհարկի մի մասը: Լավ հիշում եմ փռված նաստիլների ու Սեգո ձյաձայի ճմրթված կանաչ ժիգուլին բակում, թե ինչպես են նկուղի մարդիկ գազից խեղդվելուց փրկվել: Դե գիտեք, կարկուտը թակած տեղն է թակում: 2020 ժամանակ, ավիառումբի ալիքից ու ֆիզիկայի օրենքներով շենքի աղյուսները դուրս են շպրվել՝ նույն աղյուսները, որոնցով վերանորոգել էին առաջին պատերազմից հետո:

Դրանից առաջ էլ, հենց 2020 պատերազմի առաջին օրը` սեպտեմբերի 27-ին «սմերչի» գնդակներն են փշրել պատուհանները:

Այնքան, որ մինչեւ 2023-ը շենքն էլ չդիմացավ ու ասաց՝ բոլ ա, էլ չեմ դիմանում, գնացեք… Մենք էլ գնացինք:

Հույս ունեմ, թատրոնի շենքը, եկեղեցին կդիմանան:


Մարութ Վանյան

 

«Ռուսներն ադրբեջանցիների հետ եկան և հրամայեցին հանձնել զենքերը»

Կամո Սողոմոնյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Մարտական ​​սպա, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից։

2020 թվականի սեպտեմբերի 26-ին Կամոն վերադարձել է մարտական ​​հերթապահությունից։ Այդ օրերին նա ծրագրել էր արձակուրդ գնալ։ Բայց, ցավոք, նա այդպես էլ չի կարողացել հանգստանալ։ Պատերազմի բռնկումը խաթարեց բոլոր ծրագրերը։

Տեղեկանալով լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին՝ Կամոն շտապել է Ասկերանի իր հերթապահ վայր։ Այնտեղից նա իր ստորաբաժանման հետ գնաց մարտական ​​դիրքեր։ Հոկտեմբերի 2-ին նրանք տեղափոխվել են Ջրական, որտեղ հակառակորդի հարձակման են ենթարկվել։

Թշնամու ուժերը թե՛ տեխնիկայով, թե՛ կենդանի ուժով բազմիցս գերազանցում էին։

«Մեր տղաները քաջաբար կռվեցին։ Այդ գիշեր Ստեփանակերտից օգնություն է հասել, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել։ Ու նորից մնացինք անհավասար կռվի մեջ։ Եվ այսպես՝ մինչև հոկտեմբերի 10-ը, երբ ստացվեց նահանջի հրամանը։ Մենք թողեցինք խրամատները և անմիջապես ընկանք հրետանու կրակի տակ։ Մեր տղաներից շատերը մահացան։ 18 մարդ ողջ է մնացել, հիմնականում վիրավոր։ Փորձեցի հրետակոծությունից հանել վիրավորներին, ինչի արդյունքում բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացա։ Մեզ հաջողվեց դուրս գալ այս դժոխքից։

Ինձ ուղարկեցին Մարտունու հիվանդանոց, որտեղ արյունահոսությունը կանգնեցրին և առաջին բուժօգնություն ցուցաբերեցին։ Չեմ հիշում, թե ինչ է եղել հետո։ Երեւան գնալու ճանապարհին շտապօգնության մեքենայում ուշքի եկա։ Ինձ տեղափոխեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մի քանի վիրահատության ենթարկվեցի։ Դրան հաջորդեց բուժման և վերականգնման երկար, հոգնեցուցիչ գործընթացը:

Ամբողջ մարմինս ոտքից գլուխ պատված էր բեկորներով։ Վնասվել է նաև մի աչքս։ Բուժման գործընթացը տեւել է վեց ամիս։ Որից հետո վերադարձա Արցախ և շարունակեցի վերականգնումը Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում։ Վերականգնումը տվել է դրական արդյունքներ։ Եթե ​​նախկինում քայլում էի քայլողով, հիմա քայլում եմ ձեռնափայտով։

Անցնելով այս բոլոր փորձությունների միջով, մտքովս անգամ չէր անցնում, որ մի օր ստիպված կլինենք թողնել այն ամենը, ինչին այսքան ժամանակ ձգտել էինք… Անգամ շրջափակման ժամանակ ես, ինչպես ողջ արցախցիները, հույսս չկորցրեցի։ Բայց, ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ եղավ։

Մեկօրյա պատերազմի ժամանակ զինապահեստում էի։ Ռազմական գործողությունների ավարտից հետո ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ միասին եկան մեր պահեստ և հրամայեցին հանձնել մեր զենքերը։ Հետո գնացին բոլոր գյուղերով ու շարունակեցին զինաթափվել։ Մի երկու օր հետո գյուղապետարանն ինձ վառելիք տրամադրեց՝ ընտանիքս տարհանելու համար։

Ստեփանակերտի ճանապարհին ադրբեջանցին կանգնեցրեց մեզ, ամեն կերպ վիրավորեցին ու նվաստացրեցին ինձ ու ընտանիքիս, իսկ հետո մեքենայի մեջ կախված շղթայով խաչն ու տեսանկարահանող սարքն խլեցին։

Տեղահանությունից հետո 7 հոգանոց ընտանիքով հաստատվեցինք Գյումրիում։ Ես աշխատանքի ընդունվեցի ավտոտեխսպասարկման կենտրոնում, իսկ գիշերը աշխատում եմ որպես տաքսու վարորդ։ Ապրում ենք վարձով բնակարանում և 100 հազ. դրամ ենք վճարում։

Հուսամ, որ արդարությունը մի օր կհաղթի։ Այս ողբերգության բոլոր մեղավորները կպատժվեն, և մենք կկարողանանք վերադառնալ հայրենիք»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց Կամոն։

Արսեն Աղաջանյան