Ինչո՞ւ օրինական կարգով անձնագիր եւ ID ստացած Արցախի բնակչությունն առանց որեւէ իրավական հիմքի հայտարարվեց փախստական

Step1.am-ի զրուցակիցն է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

ՀՀ կառավարությունը հաստատեց բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը, որ դժգոհություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրը։

-Ընդունված ծրագիրը չի համապատասանում արցախահայության սպասելիքներին։ Արցախցիներն ավելի ընդարձակ ու լայն հանարավորություններով ծրագիր էին սպասում, որովհետեւ այն, ինչ առաջարկում է ՀՀ կառավարությունը եւ այն գները, որոնք այսօր անշարժ գույքի շուկայում առկա են, անհամեմատելի են։

-Այդ ծրագրով նաեւ ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պայման է դրվում, ինչպե՞ս եք գնահատում դա։

-Հայաստանի քաղաքացի լինելու պարտադիր պայմանը ես նորմալ եմ գնահատում։ Շրջափակումից եւ ցեղասպանությունից հետո, երբ արցախցիները դուրս էին գալիս Արցախից, իրենք իրենց համարում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ քաղաքացիության մասին օրենքի երրորդ եւ չորրորդ հոդվածներով սահմանված կարգով ստացել էին ՀՀ անձնագիր եւ նույնականացման քարտ։ Ես չեմ կարողանում վերջնական հասկանալ՝ ո՞րն է Հայաստանի կառավարության նպատակը, որ օրինական կարգով անձնագիր եւ նույնականացման քարտ ստացած Արցախի բնակչությունն առանց որեւէ իրավական հիմքի հայտարարվեց եւ դիտարկվեց որպես փախստական։ Այսինքն՝ կառավարությունը, չունենալով օրենսդրական հիմք, ուղղակի քաղաքական այդպիսի մոտեցում ցուցաբերեց։ Այնուհետեւ ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, եւ մարդկանց հիմա նորից ստիպում են քաղաքացիություն ստանալու համար երկարատեւ քաշքշուկների ու թղթաբանության մեջ մտնել։ Բոլորս էլ գիտենք, որ քաղաքացիության ստացման պրոցեսը առնվազն 4 ամիս է տեւում՝ 90 աշխատանքային օր։ Եվ ծանր սոցիալական ու հոգեբանական վիճակում գտնվող բանկչության համար դա լրացուցիչ բեռ է։ Կառավարության այս վարքագիծն Արցախի բնակչության պատկերացումների վրա բացասական է անդրադառնում։

-Ինչի՞ կհանգեցնի այս քաղաքականությունը, կան կանխատեսումներ, որ արցախցիների արտագաղթը նոր թափ կստանա։

-Չեմ կարող ասել, թե կառավարության նպատակը որն է, երեւի հիմնական նպատակն այն է, որ արցախահայերը բնակեցվեն սահմանամերձ գոտիներում։ Բայց սա ավելի խորքային հետեւանքներ կունենա՝ բնակչության մի մասը ստիպված կլինի արտագաղթել։ Մարդիկ սպասում են, որ մայիսին երեխաները դպրոցն ավարտեն, եւ արտագաղթի նոր ալիք կլինի։ Այսինքն՝ սա նպաստելու է արտագաղթին եւ նրան, որ մարդիկ ուղղակի չեն կարողանալու նորմալ հասարակական սոցիալիզացիա անցնել եւ ներկա այս փոխհարաբերություններում չեն կարողանալու իրենց տեղը գտնել։

Ռոզա Հովհաննիսյան

Բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը

Քիչ առաջ իր բնակարանի խուզարկությունից հետո ձերբակալվել է Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նա ձերբակալվել է ինչ-որ մեղմ ասած անհասկանալի գործով, թե ինչ իրավունք ունեք ինչ-որ որոշում կայացնելու: Կարծում եմ սա ակնհայտորեն քաղաքական պատճառներով է: Ինչպես հայտնի է` ով Բագրատ Սրբազանի հետ շփվում է ռեպրեսիաներ է սկսվում: Երբ ես գնացի, ներս չէին թողնում, հետո ներս թողեցին: Բացատրեցի, որ ցեղասպանություն տեսած մարդիկ են, էդ ի՞նչ ֆինանսական  հարցեր են քննարկում»,-ասաց նա:

news.am

Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացնելու փորձերի մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայեն այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, որ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։

«Նոր Կալեդոնիան բռնության է ենթարկվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության ներքո, որոնք ձգտում են ապակայունացնել Ֆրանսիան և օգտագործել նրա ռեսուրսները, ներառյալ նիկելը: Հեռուստատեսային հաղորդումները ցույց են տվել, որ Նոր Կալեդոնիայում որոշ «անկախական» գործիչներ կրել են ադրբեջանական դրոշներով շապիկներ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարներով ցուցարարների պատկերներ: Այս պայթյունավտանգ իրավիճակը սրվում է օտարերկրյա միջամտություններով, որոնք չեն սահմանափակվում միայն Նոր Կալեդոնիայով: Ֆրանսիան դարձել է տեղեկատվական պատերազմի թիրախ, և այն նոր է սկսվում, Իսկ այդ հարձակման հետևում կանգնած է Ադրբեջանը։ Հարձակման առաջնագծում Ադրբեջանն է՝ մի երկիր, որը բռնատիրական ռեժիմ է՝ կախված գազի վաճառքից, Արցախում էթնիկ զտումներ է իրականացնում, հայերին տեղահանում և միջազգայնորեն ճանաչված պետության ինքնիշխանությունը ոտնահարում»,- հայտարարել է Բուայեն։

Նա հավելել է, որ վերջին տարիներին Ֆրանսիան Աֆրիկայում բախվել է տեղեկատվական հարձակումների, որոնք նախաձեռնվել են, մասնավորապես, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից, որոնք ձգտում են վարկաբեկել Ֆրանսիան՝ մեղադրելով նրան նեոգաղութատիրության մեջ։ «Այսօր այդ հարձակումների հիմնական թիրախը դարձել են ֆրանսիական տարածքները, հատկապես՝ անդրծովյան տարածքներում։ Այս բռնարարքների առաջնագծում են Նոր Կալեդոնիան և Պոլինեզիան, և կրկին Ադրբեջանը փորձում է ազդել տեղի բնակչության մի մասի վրա։ 2023 թվականին Չմիավորման շարժման գագաթնաժողովում Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրեց Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և անդրծովյան տարածքներում գաղութային հանցագործությունների և ցեղասպանության մեջ, ինչպես նաև պաշտպանեց Կոմորների ինքնիշխանությունը Հնդկական օվկիանոսում ֆրանսիական Մայոտ կղզու նկատմամբ՝ անտեսելով իրավունքի նորմերը, ժողովուրդների ինքնորոշումը, քանի որ Մայոտի բնակչությունը քվեարկել է Ֆրանսիայի կարգավիճակը պահպանելու օգտին 2023 թվականի նոյեմբերին։ Նա կրկնեց իր մեղադրանքները՝ ասելով, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում նոր պատերազմների համար՝ ապակայունացնելով ոչ միայն իր անցյալ ու ներկա գաղութները, այլեւ Հնդկական օվկիանոսը և իրենց տարածաշրջանը։ Սա անհավանական երեսպաշտություն է գերգաղութային կայսրությունների ՝ Ռուսաստանի ՝ իր արբանյակներով, Թուրքիայի կողմից, որը շարունակում է իր պանթուրքական նկրտումները ՝ երազելով Օսմանյան կայսրության վերականգնման մասին, և Ադրբեջանի կողմից, որը հայերի էթնիկ զտումներ է իրականացնում Արցախում՝ ամեն օր խաթարելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մոսկվան, Անկարան և Բաքուն տարածում են Ֆրանսիայի ՝ որպես դաժան գաղութային տերության կերպարը, մինչդեռ իրենք են ճնշում գործադրում ՝ նպատակ ունենալով թուլացնել ժողովրդավարությունը, ազգային համախմբվածությունը և խարխլել մեր երկրի միջազգային իմիջը»,- ասել է Ֆրանսիայի Սենատի անդամը։

Հաշվի առնելով Նոր Կալեդոնիայում տիրող իրավիճակը՝ Վալերի Բուայեն առաջարկել է սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն օգտագործել վնասը վերականգնելու համար, որը տվյալների համաձայն, Նոր Կալեդոնիայում հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։

«Մենք նույնն արեցինք՝ սառեցնելով ռուսական ակտիվները Ուկրաինայի համար։ Հուսով եմ, որ այս օրինագիծը կոլեկտիվ և ավելի լայն աշխատանքի մեկնարկ կլինի, օրինակ՝ մեր բուհերում արտաքին ազդեցության խնդրի շուրջ։ Ազգային ժողովի զեկույցից գիտենք, որ Չինաստանը ներգրավված է Ֆրանսիայի ակադեմիական և գիտական ​​ոլորտներում ազդեցության փորձերին 70-80%-ով։ Նույնը կարելի է ասել Թուրքիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի որոշ երկրների, այդ թվում՝ Իրանի մասին։ Ավելին, Ադրբեջանն իր դաշնակիցների ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ նպաստում է ապակայունացմանը ՝ ձգտելով գրավել մեր տարածքները: Մենք կարող ենք նշել «Մուսուլման եղբայրների» ազդեցությունը ՝ սկսած Սամուել Պատիի դեպքից մինչև իսլամաֆոբիայի դրսևորումների հետ կապված վիճելի միջոցառումներ: «Մուսուլման եղբայրների» ստվերը կախված է մեր երկրի վրա։ Ես հավատում եմ, որ մենք պետք է արագ գործենք այս պատերազմների և հակամարտությունների դեմ, որոնց մեջ մենք ներքաշված ենք։ Մենք այլևս չենք կարող աչք փակել այս միջամտության վրա, որը միայն ամրապնդվում է: Ժակ Շիրակին վերաձևակերպելով՝ թույլ տվեք ասել, որ մեր ժողովրդավարությունները այրվում են, իսկ մենք նայում ենք այլուր: Պետք է քաջություն ունենանք փրկելու մեր ազատությունը և թույլ տալ, որ այն շարունակի գոյություն ունենալ, քանի որ նա արժանի է դրան»,- ասել է Բուայեն:

Forrights. «Հունի մեջ էինք մտել, բայց նորից պատերազմ սկսվեց». արցախյան ազգային երգի-պարի համույթի հայաստանյան կյանքը

Forrights

Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգային երգի-պարի համույթը 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանումից հետո թեպետ նոսրացած կազմով, բայց փորձում է վերակենդանանալ։ Երևանի ծայրամասային մի հատվածում փոքրիկ տարածք են գտել, որտեղ շաբաթը երկու անգամ փորձեր են անցկացնում։

«Շատ դժվար է մեզ համար այստեղ հարմարվելը, բայց փորձում ենք», -Forrights.am-ին ասում է համույթի տնօրեն Էլինա Հարությունյանը։

Համույթը Արցախում ամեն ամիս համերգներ է տվել՝ գյուղերում, քաղաքներում, զորամասերում։ Տնօրենն ասում է՝ ամեն ինչ արել են արցախյան երգն ու պարը տարածելու համար։ «Մենք Արցախում ամեն ամիս մենահամերգներ էինք տալիս, գնում էինք զորամասեր, այնտեղ համերգներով հանդես էինք գալիս մեր զինվորների, սպայակազմի համար։ Ոգեշնչում էինք մեր զինվորներին, մեր բարբառով երգեր ենք երգում։ Հենց մեր երգերը երգում էինք, ամբողջ դահլիճը ոգեվորվում էր, սկսում էին պարել, երգել մեզ հետ միասին», -հիշում է Էլինան։

46-ամյա Էլինա Հարությունյանը օտար լեզուների՝ անգլերենի ու ֆրանսերենի մասնագետ է, Ստեփանակերտում 23 տարի անգլերեն է դասավանդել, նաև՝ երաժիշտ է, ջութակահարուհի։  «Մենք ենք մեր սարերը» համույթի տնօրեն նշանակվել է 2020-ի մայիսին․ «Մենք շատ լավ էինք ապրում, պետական համույթ էինք ու պետությունից աշխատավարձ էինք ստանում, բոլորը ամեն օր գալիս էին փորձերի։ Բլոկադայի ժամանակ նույնիսկ երբ վառելիք չկար, մարդիկ գյուղերից ոտքով էին գալիս փորձերի։ Այ էդպես նվիրված են եղել մեր համույթի անդամները իրենց գործին»։

Հետո սկսվել է 44-օրյա պատերազմը, տղաները գնացել են պատերազմ, աղջիկները՝ Հայաստան։ Սակայն, նրա խոսքով, պատերազմի դադարից հետո անմիջապես վերադարձել են Արցախ ու վերսկսել գործունեությունը։

«Հավաքվեցինք, հունի մեջ էինք մտել, բայց նորից պատերազմ սկսվեց»,- նշում է Էլինան։

2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանման հետևանքով «Մենք ենք մեր սարերը» համույթի 41 անդամներից 13-ն են մնացել համույթի կազմում։ Հայաստանի տարբեր բնակավայրերում հաստատված երգիչ-երգչուհիները շաբաթական երկու անգամ հաճախում են փորձերի։ «Անգամ Վանաձորից ունենք, որը գալիս է մասնակցում փորձերին։ Մասիսից, Չարենցավանից», -ասում է Էլինան։

Տեղահանված սեփական բազմանդամ ընտանիքի հոգսերից բացի, Էլինան փորձում է «Մենք ենք մեր սարեր»-ին կենդանի պահել․ հարազատների միջոցով փորձերի համար տարածք է գտել, ընկեր-ծանոթների միջոցով փնտրել են հովանավոր ընկերություններ, ստացել ֆինանսական փոքրիկ օժանդակություն, կարողացել են դրանով գնել հագուստ, տեխնիկա ու ամսական սիմվոլիկ՝ 50 հազար դրամ վճարել համույթի անդամներին։

«Հույս չունեի որ այստեղ կկարողանանք մեր գործունեությունը շարունակել։ Արեգա Հովսեփյանը և Նարե Սիմոնյանը մի օր պատահաբար հանդիպեցին, լսեցին մեր խնդիրը ու առաջարկեցին սիմվոլիկ գումարի դիմաց շարունակել համույթի գործունեությունը։ Աղջիկները դիմել էին տարբեր ֆոնդերի, անհատների, այդ պատճառով ստացվեց ֆինանսավորումը, որը սակայն կավարտվի շուտով։ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես մերժել է մեզ, նույսիկ մերժեցին դահլիճ տրամադրել համերգի համար։ Մեծ գումար չէ՝ 50 հազար դրամ, բավականացնում է միայն փորձերին գալուն, բայց այնուամենայնիվ բոլորս միաձայն համաձայնեցինք, որ շարունակենք մեր աշխատանքը», -ասում է Էլինան։

Աևդեն հասցրել մենահամերգով հանդես գալ․ այս տարվա փետրվարին, Առնո Բաբաջանյան փոքր համերգասրահում։ «Դահլիճ տրամադրելու հարցում բազմաթիվ մերժումներ ստացանք, ասում էին՝ ֆինանսավորում չկա, երկիրը այն վիճակում չի, որ անվճար դահլիճ տրամադրենք ձեզ։ Բայց գտնվեց մի բարերար, որը մեզ համար վարձակալեց դահլիճը ու հաջողությամբ համերգն անցավ։ Մյուս համերգը պատրաստվում էինք մայիսի 28-ին անել, բայց երկրի ներքին վիճակը հույսեր չի առաջացնում, դրա համար առայժմ կհետաձգենք», -ասում է «Մենք ենք մեր սարերը» համույթի ղեկավարը։

Նրա խոսքով, Երևանում իրենց հանդիաստեսի մեծ մասը արցախցիներ են եղել։ Նկատել է՝ կարոտով էին լցված․ «Կարծում եմ՝ մարդկանց սրտերում մտքերում հայրենասիրական, ազատագրական երգի կարոտը բոլորի մեջ ապրում է։ Մենք մեր երգով, մեր արցախյան բարբառով կարթնացնենք հայրենասիրություն։ Հիմա դրա կարիքը շատ կա»։

 

Հասմիկ Համբարձումյան

200-ից ավելի արցախյան կազմակերպությունների նամակը փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահին

200-ից ավելի արցախյան ՀԿ-ներ, համայնքների ղեկավարներ և անհատներ նամակ էին փոխանցել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար պարոն Յան Բորջին: Սույն բաց հայտարարությամբ նրանք պահանջում են պատասխանել Բաքու կատարած իր այցից հետո ծագած հարցերին

ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են համաշխարհային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության հարգում, պետությունների և ժողովուրդների ինքնորոշում։ Դիվանագետներն ու պաշտոնյաները մեզ վստահեցնում էին, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի նրա ժողովրդի մասնակցությամբ։ Այսօր Իլհամ Ալիևը հրապարակավ ծաղրում է բոլոր նրանց, ովքեր նման հայտարարություններ են անում և պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և հարակից ինստիտուտների վերացում։

Հասարակությունը փորձում է հասկանալ, թե որտեղ են անհետացել նախկինում հնչեցված հակամարտությունների կարգավորման սկզբունքները, և ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին, ով պարծենում է, որ հայերին Լեռնային Ղարաբաղից վտարել է ռազմական ուժով և դրանով իսկ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Այս կապակցությամբ խնդրում ենք Ձեզ՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պատասխանել պարզ հարցերի, որոնք կարող են ծագել յուրաքանչյուր խելամիտ մարդու մոտ Բաքու կատարած Ձեր վերջին այցից հետո:

  1. Արդյո՞ք 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, դրան հաջորդած շրջափակումը և հայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից վեճերի խաղաղ կարգավորման և ուժի չկիրառման սկզբունքների խախտում են։ Եթե այո, ապա ի՞նչ միջազգային հետեւանքներ կարող են առաջանալ Ադրբեջանի համար ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների խախտման արդյունքում։
  2. Արդյոք Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կազմակերպմանը և իրականացմանը՝ Ադրբեջանին ռազմական խորհրդատուներ տրամադրելով, Ադրբեջանում տեղակայված թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումների և F-16 կործանիչների մարտական կիրառումը, սիրիացի վարձկաններ վարձելը և տեղափոխելը խախտում է ուժի չկիրառման սկզբունքը։ Եթե այո, ապա ի՞նչ միջազգային հետեւանքներ էին սպասվում Թուրքիայի համար ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների խախտման արդյունքում։
  3. Կարո՞ղ է Ադրբեջանն այսօր Հայաստանին սպառնալ ռազմական ուժի կիրառմամբ և հարձակմամբ, եթե Հայաստանը չհրաժարվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին և Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից։ 1915-1923թթ. Արդյո՞ք նման պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը վավերական կլինի։

 

Մենք հուսով ենք, որ դուք չեք անտեսի մեր կոչը և անկեղծորեն կպատասխանեք այս հարցերին։ Միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշումն այսօր կարեւոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայության, այլեւ ողջ տարածաշրջանի ապագայի համար։

 

 

Եթե այսպես շարունակվի, բարբառը կվերանա. Քաջիկ Հարությունյան

Մանկությունս անցել է Արցախի Քոլատակ գյուղի չքնաղ բնությունը վայելելով: Քոլատակը միշտ հայկական էր: Մենք ունենք Հակոբավանքը, որն անվանում էին նաև Մեծարանաց վանք: 7-րդ դարում կառուցված վանքը վկայում է, որ այդտեղ միշտ հայեր են ապրել: Գյուղի եկեղեցում սովետական տարիներին  թատերական խաղեր էին բեմադրում, ես փոքր տարիքից ծակուծուկերով հետևում էի:

Մեր գյուղում մի հյուսն կար: 1915 թ. կոտորածի ժամանակ փախել էր, ընտանիք կազմել և նրա կյանքի պատմությամբ էլ նրան անվանեցին` Գաղթական դայի:

Մանուկ հասակում հաց ուտելիս չեմուչում էինք անում: Մաման ասում էր` «հացդ կեր, հազեր թորքը եկալչի, հանցու սոված չփախչիս»: Միջադեպեր շատ են եղել: Օրինակ, իմ ծառայության տարիներին երեք թուրք զինվոր գլխատել են մի հայ կնոջ Քռասնի գյուղի մոտակայքում: Երեխան իր մոր գլուխը գետի միջից է գտել:

Փոքր հասակից հայրս որոշեց ինձ տանել Շուշիի ինտերնացիոնալ գիշերօթիկ դպրոց, որի տնօրենը հայ էր` Խաչատրյան Արսենը: Ադրբեջանցի երեխաների հետ թշնամանքի պատճառով դպրոցում ամեն օր ծեծկռտուք էր: Ճիշտ է, միշտ իրենց ծեծում էինք և տնօրենը նեղվում էր:

Շուշիից հետո տեղափոխվում եմ Ստեփանակերտ: Քննություն եմ հանձնում բժշկական համալսարան ընդունվելու համար, այնուհետև եղբայրս Բաքվից հորդորում է, որ ընդունվեմ մեխանիզացիայի բաժին: Այնինչ` դերասան դառնալն իմ ճակատագիրն էր: Մի տարուց հետո սկսում եմ մասնակցել տարբեր թատերական խմբակների: Ժողովրդական դերասան Միքայել Հարությունյանը մի ամիս շարունակ ստուգում էր ունակություններս: Տաղանդից բացի ունեի նաև աշխատասիրություն: Բոլորը զարմանում էին, որ ամբողջ Թումանյանն անգիր գիտեմ:

Կարիերաս սկսելու գործում ճակատագրական է դառնում  ներկայացման օրը կենտրոնական դերակատարներից մեկի բացակայությունը: Առաջարկում եմ խաղալ նրա փոխարեն և այդպիսով «փրկում եմ» ներկայացումը: Հաջորդ օրն ինձ թատրոնում ընդունում են որպես դերասան: Ծառայությունից հետո Մոսկվայում դերասանական վարպետության կուրսերն ավարտեցի և ահա 60 տարի է թատրոնն իմ տարերքն է:

Մենք բոլորս խոսում էինք Արցախի երգեցիկ բարբառով: Հետաքրքիրն այն է, որ բարբառն ընդհանուր է, բայց` ճյուղավորված, և համարյա ամեն գյուղ իր բարբառն ունի, սովորույթները: Ռադիոյում երգիծական շարք էի վարում բարբառների մասին: Կարողանում էի բոլոր բարբառներով խոսել: Մեր տանը, մեր ընտանիքում, 8 երեխա էինք, կեսը Մարտակերտի վար-ով էր խոսում, կեսը վեր-ով:  Շատերը խրտնում են բարբառից, հուշտ (խուսափել) են լինում, չեն ուզում լսել, բայց այն շատ քաղցր, շատ մաքուր լեզու է: Եթե այս ձևով շարունակվի, այն ընթացքում կվերանա:

Եթե 1990-ական թթ-ի կեսի չափ հայրենասիրություն ունենայինք` այս օրերը չէինք տեսնի: Մի մարդու նման պայքարում էինք: Շատ լավ եմ հիշում հանրահավաքները: Գյուղերից հաց էին բերում հրապարակում կերակրում ժողովրդին, ոչ թե բլոկադայի ժամանակ հացի հերթերում իրար փրթում ու ասում` սա է հայը: Այն տարիներին մեծից փոքր հայրենասիրությամբ էին տոգորված:

Նկուղներում ինձ հետ միասին շատերը ներկայացումներ էին բեմադրում: Ժողովրդին ոգեշնչում էինք, դա մեր գործն էր: Ասմունքի խաղացանկում մեծ տեղ էի տալիս հայրենասիրական թեմաներին: Հոյակապ էր ամեն ինչ, զգում էինք, որ պետություն ենք կերտում: Մութ ու ցուրտ օրերին ներկայացում էինք խաղում, թատրոնը թնդում էր ծափահարություններից` չնայած ամեն օր 10-15 զոհ ունեինք: Անգամ առաջնագծում էինք ներկայացումներ կազմակերպում: Այսօր այդքանը ջնջել են, ջուրը նետել: Վախենում են Արցախ բառն ասել: Հայատանը իմ հայրենիքն է, բայց ինչպես է, որ մի աթոռ չունեմ այստեղ նստելու, տեղ չունեմ: Վարձավճարներն այնքան են թանկացրել, որ սա հայի պահվածք չէ:

Մենք չճանաչված պետություն էինք, բայց ամեն ինչում ամենաօրինակելի պետություններից մեկն էինք: Հիասթափած եմ Երևանի բնակչության այն խմբերից, որ երեխա ունենալու փոխարեն շուն ու կատու են պահում: Ազգի կեսը մոռացել է, որ տղան տղա է, աղջիկը` աղջիկ: Մեր թվաքանակը չի աճում… Հասել ենք այն օրերին, որ ամաչում ես, որ հայ ես: Պատմությունը շրջում են, և մենք լրիվ ցրված ենք: Չի կարելի…

Վերջին բռնատեղահանումը… Կոմիտասը տեսել է  այդ ամենը և խելագարվել: 60 տարի տուն եմ ստեղծել, քարը քարին դրել, հալալ քրտինքով աշխատել, որ վայելեմ ու վերջում շրջափակման ենթարկեցին ու վերջ, մեզ վռնդեցին…Կնոջս քույրը մահացել էր և վերջին օրերին չէինք կարող հուղարկավորել Արցախում: Ստիպված էինք դիակը մեզ հետ բերել:

Հայը «ցորեն ազգ է», բայց ղարաբաղցին «զյարդա ցորենա» (ընտիր ցորեն), հիմա կորեկից էլ վատ ենք: Ինչու ենք այս օրին հասել, չգիտենք…

Ամեն ինչ արվում է, որպեսզի մոռանանք Արցախի մասին: Ղեկավարության անդամները փտում են բանտում, իսկ աշխարհի ամենասիրուն քաղաքը քանդում են…

Տաթև Ազիզյան

Հին ու բարի “Լուսարար”․ “դասատվոցը” թերթը հիմա Երեւանում

«Լուսարար» թերթը Արցախի կրթության նախարարության պաշտոնական թերթն է: Այն ժողովրդի մեջ հայտնի է որպես «դասատվոցը թերթ»:

Լուսարարը առաջին անգամ լույս է տեսել 1999 թ., սկզբում ամենամսյա էր, իսկ հետո ամենշաբաթյա: Թերթը պարտադիր էր բոլոր դպրոցների համար: Այնտեղ լուսաբանվում էր Արցախի կրթական կյանքը, օլիմպիադաների և ստուգումների արդյունքները: Այն տրամադրվում էր ըստ ներկայացված հայտերի, բայց որպես կանոն բոլորը հայտագրվում էին, օրինակ` Հադրութի շրջանի Մարիամաձոր համայնքի դպրոցի հայտագրված թերթերի քանակը 18 էր:

Թերթը լույս էր տեսնում Ստեփանակերտում ու հասնում Արցախի բոլոր շրջանների դպրոցներ:

Հետպատերազմյան դժվար ժամանակահատվածում և համացանցի անհասանելիության պարագայում «Լուսարարը» կրթական ոլորտի գլխավոր տեղեկատուն էր և բոլոր դպրոցները անհամբեր սպասում էին թերթին, նամանավանդ, եթե այդ համարում պետք է գրեին իրենց դպրոցի մասին:

Այս տարվա մայիսի 18-ին Հ.Թումանյանի թանգարանում փոքր դարակի վրա տեսանք «Լուսարար» թերթի մի քանի օրինակ, որոնցից մեկը բաժին հասավ նաև մեզ, որպես «դասատվոց ընտանիք»:

Լուսարարը 24 տարի Ստեփանակերտում տպվելուց հոտո այս տարի առաջին անգամ հրապարակվել է Երևանում, բարեգործական հիմունքներով, մեր ընտանիքի ուսուցիչները եւս նկատել են , որ «Լուսարարը» մնում է որպես հին ու բարի թերթ:

Այս անգամ «Լուսարարը» բովանդակությամբ ոչ այդքան կրթության, դպրոցների մասին էր, այլ հիշողությունների, հարազատ գյուղերի, կարոտի:

Քրիստինե Ալավերդյան

Իրանը հերքում է թուրքական անօդաչուների որակը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նսեմացրել է թուրքական անօդաչու թռչող սարքի դերը նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայրի հայտնաբերման գործում և հայտարարել սեփական անօդաչու համակարգերի արդյունավետության մասին, հայտնում է Reuters-ը։

Իրանական կողմից մեկնաբանությունների առիթ է հանդիսացել թուրքական խոշորագույն պետական ​​«Անադոլու» գործակալության հրապարակած հոդվածների շարքն այն մասին, որ նորագույն հարվածային անօդաչու թռչող սարք Bayraktar Akıncı-ն, Թեհրանի խնդրանքով, երկու ժամից քիչ ժամանակ աշխատելով բարդ եղանակային պայմաններում հայտնաբերել է ընկած ուղղաթիռ։ Սելչուկ Բայրաքթարը սա վերածեց գովազդի՝ ասելով, որ Աքընջիի արդյունավետության պատճառով այս փրկարար գործողությունը «հետք կթողնի ամբողջ աշխարհում»։ Այնուհետև Anadolu-ն վերլուծական հոդված է հրապարակել՝ պնդելով, որ Իրանը չունի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են նման որոնողափրկարարական առաքելություն իրականացնել։

«Չնայած Թուրքիան անօդաչու թռչող սարք է ուղարկել, որը հագեցած է գիշերային տեսողության սարքերով և ջերմային տեսախցիկներով, անօդաչուն չի կարողացել ճշգրիտ տեղորոշել կործանման վայրը՝ ամպերի տակ հայտնաբերելու սարքավորումների և կառավարման կետերի բացակայության պատճառով», – ասվում է Իրանի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Թեհրանը նշում է, որ կործանման վայրը հայտնաբերել են իրանցի ցամաքային փրկարարները և Հնդկական օվկիանոսից հետ կանչված անօդաչու սարքերը։

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից փոխանցված ուղղաթիռի գտնվելու վայրի կոորդինատները իրական դիրքից շեղվել են 7 կմ-ով։ «Թուրքական անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է սև կետ, բայց երբ մեր ուժերը ժամանել են, պարզվել է, որ դա ուղղաթիռ չէ, որը հայտնաբերել է», – ասել է Արևելյան Ադրբեջանի նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Սարդար Ասղար Աբբասքոլիզադեն Tasnim-ին, հաղորդում է РБК-ն։

Պարզվում է, որ ՌԴ զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունը թաղված է կոռուպցիայի մեջ

ՌԴ ՊՆ-ում զտումները շարունակվում են. Իվանովին կալանավորելուց և Շոյգուին պաշտոնից հեռացնելուց հետո Կրեմլն անցավ Գերասիմովի մարդկանց։ Այսօր՝ մայիսի 23-ին, հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը։ Նա ներգրավված է կաշառքի գործով։

Մինչ այս գեներալ Պոպովն է ձերբակալվել կոռուպցիոն գործով։ 2024 թվականին արդեն կալանավորվել են Շոյգուի երկու տեղակալներ՝ Իվանովն ու Կուզնեցովը։ Նրանք բոլորը մեղադրվում են կոռուպցիայի մեջ։

Բլինքեն․ «Մենք վերանայում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանի համար»

Միացյալ Նահանգները վերանայում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք վերանայում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանի հետ մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար», – ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ չխորանալով մանրամասների մեջ։

Միաժամանակ Բլինքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի, եղել են հենց նրա համար, որ պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար»։ «Եվ մենք առաջ կգնանք մի շարք տարբեր ոլորտներում», – խոստացել է Բլինքենը:

Պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։

Ազնավուրը արգելքի տակ է Հայաստանում

Փարիզի քաղաքապետարանը հայկական ծագում ունեցող ֆրանսիացի շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի անունով է կոչել մայրաքաղաքի 8-րդ օկրուգում, քաղաքի պատմական կենտրոնում գտնվող պուրակը, տեղեկացրել է BFMTV-ն։

Արարողությունը նվիրված էր երգչի 100-ամյակին։ Ելիսեյան դաշտերի միջոցառմանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, երգչի հարազատներն ու ընկերները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ հայերենով գրառում է հրապարակել։

«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի գրառման մեջ:

Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են երեկ տեղի ունեցել նաեւ Հայաստանում։ Սակայն իշխանությունը, որը տառանջատում է հայրենիքն ու պետությունը, հայկականն ու Հայաստանը, այդպիսով արգելում է նաեւ Ազնավուրին։ Ազնավուրը ամբողջ իր կենսագրությամբ ապացուցում է հայկականի եւ Հայաստանի կապը, եւ դա վտանգավեր է, ինչպես վտանգավոր է Արցախի պետական մարմինների գործունեությունը Հայաստանում։   

Լյուքսեմբուրգը վերակենդանացման դեղատոմս է առաջարկել Հայաստանին․ Ալեն Սիմոնյանը ընտրել է թմրանյութը

Մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը փորձեց վերակենդանացնել սուցիդի մոլուցքի մեջ գտնվող Հայաստանը։

Նա Հայաստանին առաջարկեց փրկիչ դեղերը՝ հարուստ իրավական թղթապանակը, սակայն Հայաստանն արդեն տենչում է մահը։ Հայաստանի խորհրդարանի սիմպատիչնի նախագահը «ընտրեց» միայն թմրացնող դեղերը, հրաժարվելով հիմնական միջոցներից։

«Բարձր ենք գնահատում մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձեւը Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ:

Կարեւորում ենք, որ բանաձեւում դատապարտվում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից եւ կոչ արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ այժմ ամբողջ միջազգային հանրության կոչերն ուղղված են պաշտոնական Բաքվին` իրագործելու բոլոր պայմանները Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար իրենց դարավոր հայրենիք:

Ալեն Սիմոնյանը, սակայն, չտեսնելու է տվել հիմնականը։

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը հայոց խորհրդարանում հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման պարտադիր ուժի մասին։ Այսինքն՝ նա բաց տեքստով ասում է, որ Հայաստանը պետք է պահանջի ԱՄԴ որոշման անհապաղ կատարումը։ Ուրիշ ոչ ոք դա չի անելու։

Բացի այդ, Կլոդ Վիզլերը կրկին հայտարարեց, որ 1994 թվականի զինադադարի խախտող ռազմական գործողությունները պետք է դատապարտվեն։ Դա ամրագրված է Լյուքսեմբուրգի խորհրդարանի, նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի զույգ պալատների 4 բանաձեւերում։ Միջազգային իրավունքի տեսակետից առաջնային է համարվում 1994 թ․ ստատուս-քվոն, որը խախտվել է ուժով։ Կլոդ Վիզլերը ստատուս-քվոի խախտման դատապարտումը առաջարկում է որպես հիմնական դեղամիջոց, որը ցույց կրա, որ Հայաստանը դեռ կենդանի է։ Սակայն Ալեն Սիմոնյանը եւ դահլիճում նստած իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, հայացքը  թաքցնելով, մերժեցին դեղամիջոցը։ Հազիվ տաք տեղ են գտել։

Դրանից հետո հիմնական դեղն արդեն անօգութ է։ Կլոդ Վիզլերը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանն ուղղված քաղաքական գործընթացներ պետք է նախաձեռնել։ Ի՞նչ կարգավիճակ։ Իշխանական թեւը ասում է՝ Արցախ չկա եւ չի եղել, Վարդան Օսկանյանն էլ միայն անհասկանալի վերադարձն է լոբբինգ անում, բառ չասելով կարգավիճակի մասին։ Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնակատարն էլ կոչ է անում վառ պահել Արցախ վերադառնալու գաղափարը։

Ալեն Սիմոնյանը եւ այլոք չեն արձագանքել Կլոդ Վիզլերի իրավական դեղատոմսին, քանի որ լավ գիտեն՝ եթե այս իրավական մոտեցումը գերակշռի միջազգային հարաբերությունների մեջ, ապա Պուտինի, Ալիեւի, Նեթանյահուի եւ մնացածների հետ հայկական էլիտան եւս կանգնելու է միջազգային դատարանի առաջ՝ ցեղասպանությանը հանցակից լինելու մեղադրանքով։

Կլոդ Վիզլերը ափսոսանքով հեռացավ․ նա ասել է, որ Հայաստանը դիտարկվում է որպես կարևորագույն կրիտիկական հանգույց։ «Հայաստանն աննախադեպ հնարավորություն ունի, որպեսզի պայքարի և ստեղծի խաղաղություն, միջազգային համագործակցություն և ժողովրդավարական առաջխաղացում այս տարածաշրջանում»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց Վիզլերը:

Սակայն Հայաստանի էլիտան համաձայն է ոչ թե Լյուքսեմբուրի, այլ Պուտինի եւ Լուկաշենկոյի հետ, որը արդեն Կովկասի «նայող» է կարգել Ալիեւին․«Դուք արդեն պատասխանատու եք ամբողջ Կովկասում տիրող իրավիճակի համար, ինչի հույսը մենք՝ այն ժողովուրդները, որոնք Կովկասում չեն ապրում… Ժամանակն ընտրել է ձեզ, ինչպես ասում ենք, և դուք պատասխանատու եք Կովկասի համար։ տարածաշրջանը որպես առաջատար»,- ասել է Լուկաշենկոն Ալիեւին։

Ծափահարություններ։

Նաիրա Հայրումյան