Իմ զրուցակիցը Քարին տակից է, հայրը սպա էր, և ինչպես բոլոր սպաների ընտանիքները, նրանք ևս կիսել են հոր դժվարին ծառայությունը՝ մի վայրից տեղափոխվելով մեկ այլ վայր: Վերջին տարիներին տուն էին ստացել Շուշիիում և ապրում էին այնտեղ:
Չէին պատկերացնում, որ սեպտեմբերները այդքան ցավ կարող են պատճառել: 2 տուն են կորցրել՝ Քարին տակում և Շուշիում և այնտեղից ոչ մի բան չեն վերցնել: Հիմա Քարին տակի տունը չեն փնտրում՝ չկա այլևս, ու չգիտեն, թե դեռ ինչքան ժամանակ կկարողանան ամեն մի նկարում, հոլովակում Շուշիի տունը փնտրել:
-Ի՞նչ ես վերցրել։
-Ես…մենք Շուշիից ենք, Քարին տակից նաև, 2020 թվականին, դե, ոչ մի բան չենք վերցրել, վերջում տնից ես ու մայրս ենք դուրս եկել, տան հագուստով ու հողաթափերով: Մինչեւ Շուշիի և Քարին տակի անկումը, կամ, ավելի ճիշտ՝ գուցե հանձնումը, ինչևէ, չեմ ուզում հիմա դրա մասին խոսալ… մի խոսքով, կարծում էինք, որ այդ վայրերը ամենաապահովն էին:
Նոյեմբերի 9-ից հետո Ստեփանակերտ ենք տեղափոխվել, էլի ինչ որ բաներ գնել ենք, պետք է չէ՞ շարունակել ապրել: 2023 թ. արդեն մի քիչ պատրաստ էինք, գոնե հողաթափերով դուրս չեկանք, դե, կյանքը լավ ուսուցիչ է: Իրականում ամենաշատը հայրիկիս զինվորական համազգեստն էինք ցանկանում վերցնել, բայց անհնար էր, ասացին այրեք: Բայց ո՞նց այրեինք, ո՞ւմ ձեռքը կբարձրանար այդքան տարվա հայրենիքի հանդեպ նվիրմամբ ներծծված համազգեստը այրել՝ չկարողացանք, թողեցինք պահարանում կախված:
Մեկ կախիչ, մեկ համազգեստ՝ այդ մեծ պահարանում կախված:
Շրջափակման այդ դժվար օրերին միայն միսն էր, որ դեռ, մենք էլ ունեինք: Վերջին օրը մայրս թավայի մեջ հարևաններին էր թողել, նրանք դեռ մի քանի օր պետք է մնային, մինչ մեքենա կգտնեին, որ ևս ստիպված թողնեն իրենց հայրենիքը:
Տեղահանումից հետո անսպասելի զանգ ստացանք՝ մեր հարևաններն էին, ասել են, որ բան պետք է փոխանցեն՝ Արցախից բերված թավան էր, որի մեջ միսը մայրս այդպես ես չհասցրեց պատրաստել…
Հիմա հետ եմ նայում ու չեմ հավատում, թե ինչպես կարող է սովորական թավան իր մեջ այդքան հիշողություն տեղավորել։
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: