Արցախի ավելի քան 30.000 երեխա անցել է 44-օրյա պատերազմի, գրեթե 10-ամսյա շրջափակման և կրկին պատերազմի խառնարանի միջով։ Տասնյակ երեխաներ են զոհվել ու վիրավորվել։ Շրջափակման ու տեղահանության ժամանակ հարյուրավոր երեխաներ չեն ծնվել։
Հունիսի 1-ին Արցախի երեխաներին հրավիրել են մասնակցելու իրենց իրավունքների պաշտպանության Միջազգային օրվա միջոցառումներին։ Բանալի բառեր՝ միջազգային և իրավունքներ…
19 սեպտեմբերի, 2023 թ., Ստեփանակերտ։
Արմինեն այդ օրը ընկերուհու հետ էր։ Որոշեցին գնալ դպրոց ընկերուհու երեխայի հետեւից: Նա սովորում էր տարրական դպրոցում, և դպրոցական օրն ավարտվում էր կեսօրին։
Արևոտ օր է, ընկերուհու երեխան խոսում է դպրոցում զվարճալի իրադարձության մասին: Նրանց հետևում, բարձր խոսելով, գալիս է մի փոքր ավելի մեծ երեխաների խումբ։ Իսկ հետո սկսվում է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։
«Երեխաները, գրեթե մի ամբողջ դասարան էին, շրջապատեցին մեզ։ Եվ մենք՝ այս փողոցի միակ մեծահասակներս, փորձեցինք երեխաներին համար ապաստան գտնել։ Երեխաները հասկանում են մեր բոլոր հրահանգները՝ 44-օրյա պատերազմի փորձն իր ազդեցությունն է ունենում։ Մենք նաև հասկանում ենք, թե ինչ պետք է անել՝ խոսուն էր ղարաբաղյան չորս պատերազմների փորձը։
Երեխաներին տանում ենք մոտակայքում գտնվող շենք։ Ինչ-որ կահույքի արտադրամաս՝ շատ հայելիներով և ապակիներով։ Հանկարծ մտածեցի, որ այստեղ մնալը շատ ավելի վտանգավոր է, քանի որ յուրաքանչյուր հրթիռի պայթյունից ամեն ինչ ցնցվում էր, իսկ հայելիներն ու ապակիները կարող էին ընկնել երեխաների վրա։ Վազելով դուրս եմ գալիս փողոց և տեսնում եմ հարկային ծառայության շենքը։ Հիշում եմ, որ սա ամուր շենք է, հաստ պատերով։ Բոլոր երեխաներին հրամայում եմ վազել իմ հետևից, չնայել շուրջը ու գլխավերեւում թռչող հրթիռներին։ Վազում եմ որքան կարող եմ արագ ու սկսում եմ ձեռքերով ու ոտքերով թակել հարկայինի դռները։ Պահակը բացում է դուռը։ Նա անմիջապես հասկանում է ամեն ինչ։ Երեխաներին տանում ենք շենքի ներսը։ Ընկերուհիս գալիս է խմբի թիկունքում, որպեսզի ոչ ոք հետ չմնա: Այս ամենը մի քանի վայրկյանում։
Շենքի ցնցումից ու դղրդոցից հասկանում ենք, որ ամենուր արկեր են թափվում։ Բոլորս էլ հասկանում ենք, որ պատերազմ է։
Վախի հետ մեկտեղ երեխաների աչքերում կա նաև անհանգստություն. նրանք հասկանում են, որ իրենց փնտրում են հարազատները։ Նրանք խուճապի չեն մատնվում, չեն բղավում, բայց փորձում են զանգահարել իրենց ծնողներին, որպեսզի տեղեկացնեն, որ ողջ են: Բայց կապը վատ է: Միմյանց մոտ կծկվելով՝ նրանք աղոթում են և փորձում զանգահարել։
Որոշ ժամանակ անց ես որոշեցի նայել, թե ինչ է կատարվում բակում, գուցե՝ այնտեղ դեռ մարդ կա՞։ Եվ տեսնում եմ, որ արկը դիպել է այն շենքին, որտեղ մենք սկզբից էինք ուզում պատսպարվել։ Պատկերացնու՞մ եք։ Եթե ես չորոշեի երեխաներին տանել դիմացի շենք, մենք բոլորս կհայտնվեինք պայթյունի օջախում՝ ապակիներով լի սենյակում։ Երեխաների մի ամբողջ դասարան կարող էր դուրս չգար այնտեղից: Մինչ օրս դա համարում եմ ոգեշնչում և հրաշք։ Փառք եմ տալիս Աստծուն։
Անվտանգության աշխատակցին խնդրեցինք տեղեկացնել տարբեր մարմինների, որ թիվ 2 դպրոցի մի ամբողջ դասարան պատսպարվում է Հարկայինի շենքում։ Ծնողները մի կերպ տեղեկացվել էին։
Ո՞վ իմանար, որ երկօրյա պատերազմը այս և մյուս երեխաների համար միայն փորձությունների սկիզբն էր, եւ նրանք կզրկվեն տնից ու մանկությունից։
Ավելի ուշ, երբ պատերազմը դադարեցվեց, սկսեցին լուրեր հասնել, որ Արցախի վրա հրթիռակոծությունների հետեւանքով բազմաթիվ երեխաներ ու մեծահասակներ են զոհվել»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: