Ուկրաինան «ամեն ինչ կանի Իսրայելին կանգնեցնելու համար». Զելենսկին պետք է այս մասին ասի եւ Ալիևին

  • 10:01 03.06.2024

Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Գազայի հատվածում ռազմական հակամարտությունը, ընդգծել է, որ Ուկրաինան հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի պետականությունը և «ամեն ինչ կանի, որպեսզի Իսրայելը կանգնեցնի»։ Այս մասին նախագահը հայտարարել է Սինգապուրում կայացած համաժողովում՝ մամուլի հետ զրույցում, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։

Զելենսկին նշել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայելի տարածք ներխուժելուց և խաղաղ բնակչության վրա հարձակումներից հետո Ուկրաինան հայտարարություն է արել Թել Ավիվի պաշտպանության իրավունքի մասին։ Իր հերթին, Գազայի հատված իսրայելական զորքերի մուտքից և այնտեղ հումանիտար ճգնաժամի ի հայտ գալուց հետո Կիևը հայտարարեց Գազային մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, ինչպես նաև կոչ արեց հարգել միջազգային իրավունքը։ «Ուկրաինան ճանաչում է երկու պետություն՝ և՛ Իսրայելը, և՛ Պաղեստինը»,- ընդգծել է նախագահը։

Զելենսկու դիրքորոշման փոփոխությունը Իսրայելի հարցում կարևոր է. հրեական ծագումով հակապուտինյան վերլուծաբանները, որոնք միլիոնավոր լսարաններ ունեն, մեթոդաբար փորձում են մեկ թելով կապել Ուկրաինայի և Իսրայելի խնդիրները՝ Ուկրաինային պարտադրելով Իսրայելի և՛ թշնամիներին, և՛ բարեկամներին։ Օրինակ, իբր «ուկրաինամետ» քարոզիչները ռուսական ցանկացած անօդաչու թռչող սարքին անվանում են իրանական «շահիդներ»՝ վարկաբեկելով Թեհրանը, իսկ «լավ» անօդաչուները կոչում են «բայրաքթարներ»՝ ի պատիվ իսրայելա-թուրքական բարեկամության։

Հենց այս բարեկամության վրա է հիմնված այն, որ Զելենսկին, ով 5 տարի առաջ Բաքվի SOCAR-ի ֆոնին է տոնել ընտրություններում իր հաղթանակը, առանձնահատուկ քիմիա ունի Ալիևի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ալիևը ստեղծեց հակամարտությունը ուժով լուծելու նախադեպ և օկուպացրեց Արցախը՝ արտաքսելով նրա հազարամյա բնիկ բնակչությանը, Զելենսկին շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» կապակցությամբ։ Թեև բոլորը գիտեն, որ չկա որևէ փաստաթուղթ, ըստ որի Արցախը «ադրբեջանի ամբողջականության» մաս է կազմում։

Իսրայելը օգտվեց այս նախադեպից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին փորձելով անեքսիայի ենթարկել Գազան, սակայն բախվեց անհաղթահարելի խոչընդոտների։ Ռուսաստանը օգտագործում է նույն նախադեպը, երբ առաջարկում է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում ներկայիս ռազմական գործողությունների գծով։ Ռուսաստանը մտադիր է օրինականացնել այն, ինչ բռնությամբ խլել է Ուկրաինայից, սակայն այս փորձերը նույնպես բախվում են անհաղթահարելի խոչընդոտի։

Արաբական և մահմեդական աշխարհը և համաշխարհային հանրության մեծամասնությունը դեմ է Գազայի անեքսիային և Պաղեստինի «վերացմանը», աշխարհում մեծամասնությունը դեմ է Ուկրաինայի ուժային մասնատմանը. և՛ Գազայում, և՛ Ուկրաինայում կա դիմադրություն։ Ավելին, եվրոպացի ազդեցիկ քաղաքական գործիչները Հայաստանի խորհրդարանի ամբիոնից արդեն հայտարարել են, որ պետք է դատապարտել 1994 թվականի ստատուս քվոյի խախտումը Ղարաբաղում, և սկսել Ղարաբաղի կարգավիճակի որոշմանն ուղղված գործընթացներ։

Իսրայելի վերաբերյալ Զելենսկու հռետորաբանության փոփոխությունը կարող է ցույց տալ, որ «Արցախյան նախադեպը» չի գործել, և հետընթաց է սկսվում։ Նույնիսկ Փաշինյանի կառավարության կամավոր հրաժարումը դիմադրությունից, ազգային իրավունքներից և միջազգային սկզբունքներից և «ադրբեջանի ամբողջականության ճանաչումը» չեն կարող նախապայման դառնալ տարածքի ուժով բռնակցման միջազգային ճանաչման համար։ Զելենսկին պետք է Ալիևին ասի այս մասին, իսկ Հայաստանին պետք է մի կառավարություն, որը «հետ կկանչի» Արցախյան նախադեպը։