Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում է ապրում Արցախի Ասկերան քաղաքից տեղահանված Հերսիկ Մարտիրոսյանի բազմանդամ ընտանիքը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմն իր խոր ու անջնջելի հետքն է թողել այս ընտանիքի վրա։ 23-ամյա որդին՝ աշխարհազորային Ռազմիկը, զոհվել է դիրքերում, նույն օրը Սառնաղբյուր գյուղում հրետակոծությունների զոհ են դարձել 2 թոռները՝ 10-ամյա Միքայելը և 8-ամյա Նվերը։ Ողբերգական օրից անցել է ավելի քան 8 ամիս: Հերսիկ Մարտիրոսյանը զարմանում է, որ դեռ չի խելագարվել, շարունակում է ապրել․․․
Տանջահար կինը 2020 թվականին կորցրել է իր Արթուր որդուն, որը թեև որդեգրված էր, սակայն երբեք չի տարբերվել նրա 6 զավակներից։ 2023-ի սեպտեմբերը բազմապատկել է մոր կորստի ցավը։
-Տեղահանումից հետո հաստատվել էինք Մասիս քաղաքում։ Թոռներիս հուղարկավորել ենք այնտեղ, իսկ որդիս հանգչում է Երևանի <<Եռաբլուր>> պանթեոնում։ Թե ինչերի միջով ենք անցել, չեմ կարող նկարագրել։ Այս ցավը երբեք չի կարող մեղմանալ, ոչինչ չի կարող համեմատվել զավակների կորստի հետ։ Հարսս՝ Զարինեն, առանց մայր է մեծացել։ Կյանքում շատ դժվարություններ է տեսել, բայց այս ողբերգությունն անհամեմատելի է ամեն ինչի հետ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին թշնամու հրետակոծությունները, հարսս գյուղում չէր․ ոտքով իջել էր Ասկերան՝ երեխաների համար սնունդ ձեռք բերելու։ Երբ շտապ օգնության մեքենան գյուղից իջեցրեց վիրավորներին, նրանց մեջ էր 6-ամյա թոռնիկս՝ Սեյրանը։ Զարինեն դեռ չգիտեր, որ ավագ որդիներն արդեն չկային։ Դաժան օր էր, սարսափելի․․․
Տղայիս՝ Ռազմիկին, հողին հանձնեցինք հոկտեմբերի 17-ին՝ ԴՆԹ միջոցով ինքնությունը պարզելուց հետո։ Անմեղ երեխաներս այս աշխարհից հեռացան դեռևս ոչինչ չտեսած։ Սփոփվում ենք սոսկ նրանով, որ կարող ենք այցելել նրանց շիրիմներին, զրուցել հետները, ծաղիկ խոնարհել։ Իսկ Արթուրս մնաց գերության մեջ՝ Արցախում։ Շուտով նրա ծննդյան օրն է, ո՞վ պետք է այցի գնա նրան,-ասում է որդեկորույս մայրն ու աչքերից անդադար արցունքներ են հոսում։
Մեծավանում, ինչպես բոլոր արցախցիներին, Հերսիկ Մարտիրոսյանի գերդաստանին լավ են ընդունել։ Տրամադրել են բնակելի տուն, ձմեռվա համար փայտ, ինչպես նաև պարբերաբար ստանում են սնունդ ու հիգիենայի պարագաներ։ Որդիներից երեքն ապրում են իր հետ՝ Ավագը, Հարութը և Ռուդիկը։ Մարտիկը մեկնել է Ռուսաստան՝ աշխատանք գտնելու հույսով, նրա ընտանիքը Հայաստանում է։
Ռադիկն ու Զարինեն 2 երեխաների՝ Սեյրանի ու Կարենի հետ ևս ապրում են այդ գյուղում։ Ողբերգություն տեսած մարդիկ չեն կարողանում հաշտվել իրականության հետ։ Վիշտն անասելի ծանր է, սակայն Հերսիկն ու Զարինեն, որպես մայր ու դուստր, թիկունք թիկունքի տված, շարունակում են պայքարել ապրելու համար։
-Տղաներս սկսել են զբաղվել խոզաբուծությամբ։ Եթե հողամաս լիներ, ապա հող կմշակեինք։ Ուրիշ աշխատանք այստեղ չկա։ Գյուղի տղամարդկանց զգալի մասն արտագնա աշխատանքների մեջ է։ Մեծավանում արցախցի շատ ընտանիքներ են բնակություն հաստատել, Ասկերանի շրջանից ևս կան։ Ամեն մեկը զբաղվում է ինչ-որ գործով, որ կարողանան գոյատևել։ Թեկուզ այստեղ մեզ շատ սրտացավորեն ու պատրաստակամությամբ են ընդունել, սակայն, երբ արցախցիներով հանդիպում, շփվում ենք իրար հետ, ասես մի փոքր թեթևանում է մեր ընդհանուր ցավը։ Այսօր իմ միակ ցանկությունն է, որ խաղաղություն լինի, ու ոչ մի մայր այլևս զավակ չկորցնի,-ավելացնում է որդեկորույս մայրը ու շոյում փոքրիկ Կարենի գլուխը, որ հյուր էր եկել տատիկին։
Զրույցի ընթացքում կողքի սենյակից մանկան լացի ձայն էր լսվում։ Հարցին, թե ո՞ւր է երեխայի մայրը, ինչո՞ւ է նա լալիս, լսվում է անհավատալի պատասխան։ Մայրը լքել է 4 ամսական երեխային ու հեռացել։ Այժմ փոքրիկը, որ հերոս հորեղբոր անունն է կրում, արդեն 6 ամսական է։ Փոքրիկ Ռազմիկը մնացել է տատիկի խնամքին, և հենց նա է ուժ տալիս, որ Հերսիկ Մարտիրոսյանը շարունակի հաղթահարել բոլոր դժվարությունները։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: