Արևիկ Ավանեսյանը Ճարտարում ունեցած երազանքերը կյանքի է կոչում Ապարանում։ Բռնի տեղահանված 46-ամյա կինը ձեռագործ պայուսակներ է պատրաստում՝ արցախյան հիշողությունները վառ պահելու և բազմանդամ ընտանիքի սոցալական խնդիրները փոքր-ինչ լուծելու համար։
«Գործել միշտ եմ սիրել, մանկուց գործել եմ։ 2020 թվականից հետո միշտ մտածել եմ այս աշխատանքն անել, բայց բլոկադան սկսվեց, թելեր չկարողացա գտնել, հետո որ եկանք Հայաստան, որոշեցի անել»,-ասում է տիկին Արևիկը, որի աշխատանքային սեղանին տարբեր գույնի ու չափսի ձեռագործ պայուսակներ են դրված՝ փոքրերի ու մեծահասակների համար։ «Գործում եմ ինքս ինձ հանգստացնելու համար»,-ասում է նա։
Տիկին Արևիկն ասում է՝ իր երազանքն է եղել այս աշխատանքով զբաղվելը։ Սակայն, արձանագրում է՝ երազանքերի աշխատանքով չի կարողանում գումար վաստակել։ Իր աշխատանքերին դեռ Ապարանում ծանոթ չեն։
«Դեռ գումար չեմ կարողանում աշխատել, տեղից տեղ ենք տեղափոխվում, միջավայրը փոխվում է։ Հարևանուհին առաջարկեց, որ այստեղ վաճառքի հանենք, ես ծանոթ չունեմ, ասաց՝ ես քեզ կօգնեմ, սպասում եմ»,-ասաց նա։
Տիկին Արևիկն ընտանիքի հետ Ներքին Ճարտարում է բնակվել։ Այն գյուղ է Ճարտար քաղաքի մոտակայքում։ 2020 թվականի պատերազմից հետո գյուղն անցել է թշնամու վերահսկողության տակ, տեղափոխվել են Ճարտար։ Այնտեղ են ապրել մինչև բռնի տեղահանումը։
«Սեպտեմբերի 25-ին դուրս եկանք Ճարտարից»,- տիկին Արևիկը հիշում է Ճարտարում ստեղծված իրավիճակը։ «Ճարտարում խուճապ էր, տագնապ, ափսոսանք, ցավ․․․Ժամը մեկն էր, երբ սկսվեց, երեխաերը վախենում էին, վազում էին, չգիտեին, թե ուր գնան։ Տղմարդիկ՝ բոլորը, առաջնագծում էին»,-խորը հոգոցով ասում է արցախցի կինը։
Նրանց համար Ճարտարը միայն բնակավայր չի եղել, հիշողություններ ու պատմություն ունեն այնտեղ թողած։ «Արմատներով հողին էինք կպած, մենք մեր ապագան այդ հողում ենք պատկերացնում։ Դաժան էր, որ պետք է թողնեինք ու դուրս գայինք։ Տան ու ունեցվածքի մասին չէինք մտածում, մեր հարստությունն ու սրբությունն այն հողն է, որը թողել ենք։ Այդ հողը շաղաղված է արյունով։ Ապրում էինք մեկս մյուսի ցավով։ Այս վիճակոն ամբողջ Արցախում էր, ոչ միայն Ճարտարում»,-ասում է նա։
Բռնի տեղահանումից հետո Արևիկ Ավանեսյանի ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատել Գյումրիում, հետո տեղափոխվել են Արագած գյուղ, քանի որ ամուսինը պետք է աշխատանքի անցներ ԱԱԾ-ում։ Հետո տեղափոխվել են Ապարան։ Սակայն, որքան մոտեցել են Երևանին, այնքան ԱԱԾ-ում աշխատելու հնարավորությունները նվազել են։ Նրա փոխանցմամբ՝ այդպես էլ կառույցից հստակ պատասխան չեն առաջարկել։ Նշում է, որ ամուսինը երկար տարիներ ծառայել է Արցախի ԱԱԾ-ում։
«Ամուսնուս գործն այդպես էլ չեղավ։ Ասացին՝ սպասի։ Էլ չենք սպասում, որ կկանչեն, յոթ ամիս անցել է»,-ասում է նա և նշում, որ ամուսինն Ապարանի դաշտերից շուշան, սինդիրիկ է հավաքում։
«Բերում է, ես էլ պահածոացնում եմ, որ հնարավորության դեպքում վաճառենք»։
Տիկին Արևիկն ապրում է ամուսնու և դստեր հետ։ Վերջերս իրենց մոտ են տեղափոխվել նաև մյուս դուստրը՝ ամուսնու և երեխաների հետ։
Տիկին Արևիկի որդին՝ Արթուրը, պատերազմի ժամանակ է զոհվել։ Նա հետախույզ է եղել՝ հերոսական ուղիով, որը կներկայացնենք հաջորդ հրապարակմամբ։
Նարեկ Կիրակոսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: