Արարատ Միրզոյանը Դաշնակցությանը մեղադրեց Արցախը հանձնելու մեջ

  • 14:33 04.06.2024

Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ներկայացնում էր 2023 թվականի բյուջեի կատարողականը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Արցախի հարցին․ «Անդրադառնանք ձեր արձանագրած «արդյունքներին» հերթով։ Մայիսի 5-ի արդյունքը՝ դուք ճանաչեցիք Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը։ Հետո տեղի ուենցավ Արցախի հայաթափումը եւ բռնակցումը։ Դուք դա փորձում եք ներկայացնել, որ եթե Ղարաբաղի իշխանությունն այսպես չաներ, այդպես չէր լինի։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, ձեր քաղաքականությունը այդ թոկից ազատվելն էր։ Ձեր կառավարության ղեկավարն է ասում, որ այդ թոկը գցել էին Հայաստանի վիզը։ Դուք ասացիք՝ Արցախն Ադրբեջանի մաս է, Ադրբեջանն ասաց՝ ինչ կուզեմ, կանեմ, դուք էլ ասացիք՝ ձեռքներս լվանում ենք։ Ով էլ լիներ այնտեղ, դա լինելու էր, որովհետեւ որեւէ մեկը չէր հանդուրժի մի երկրում երկու նախագահ, որովհետեւ դուք ասացիք՝ այն մի նախագահը գոյություն չունի, ապալեգիտիմացրեցիք։ Երկու բանակ որեւէ մեկը չէր հանդուրժի։ Ադրբեջանի դեմ 100 հազարանոց Արցախ, մեկին 100 հարաբերակցությամբ, պա՞րզ է, չէ, թե ինչ պետք է տեղի ունենար։ Հայաստանն էր նժարները հավասարեցնում, դուք հետ քաշվեցիք, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Դրան ընդհանրապես որեւէ գնահատական չեղավ, Ադրբեջանի պահանջները գնալով մեծացան, հիմա էլ խոսում են Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության մասին, մի արձագանք Հայաստանից չի եղել։ Ես այսքան ձախողում նշեցի, մի հաջողություն դուք նշեք»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ասում եք՝ ով ուզում է լիներ, նույն արդյունքն էլ լինելու Լեռնային Ղարաբաղում։ Սա երեւի նոր ձեւ է՝ քողարկելու այն հեղաշրջումը, որին ձեր ուժը մասնակցում էր այնտեղ։ Ես հիշում եմ, որ երբ այդ շրջանում մենք ասում էինք՝ պետք է գնալ, երկխոսել, հասկանալ, թե ինչ զիջումներ կարող են արվել, ինչ փոխզիջումներ կարող են լինել, ինչ լուծումներ, որոնք անշուշտ ցավոտ են պատերազմից հետո, ձեր մասնակցությամբ այնտեղ խորհրդարանը ծովից ծով Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւեր էր ընդունում ու հռչակում։ Մենք պայմանավորվում էինք ինչ-որ հանդիպում, ձեր մասնակցությամբ այնտեղ ջրվում էր այդ հանդիպումը։ Եվ արեցիք, ամեն ինչ ջրեցիք ու փչացրեցիք, վերջում էլ հեղաշրջում արեցիք, բերեցիք ուրիշ ղեկավարություն, որը երկու օրվա ընթաացքում լուծարեց այդ միավորը, ստորագրեց ու լուծարեց։ Մեղադրել եք ուզո՞ւմ, ուրեմն լավ իմացեք՝ ձեր ուժի անմիջական մասնակցությունն այդ արհավիրքի մեջ շատ հյութալի, ուժեղ ու մարմնեղ է»։

Արթուր Խաչատրյանն ասաց․ «Արցախում հեղաշրջում չի եղել, Արայիկ Հարությունյանը ձեռքերը լվացել, մի կողմ էր քաշվել։ Եվ իր հայտարարությունները կային, որ Հայաստանն իրավունք չունի որեւէ բան բանակցելու, որն Ադրբեջանի կազմում է թողնում Արցախը։ Չմոռանանք, որ իր ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց, որ երկու մեքենա այստեղից գնար, մեկը՝ Ակնայից։ Բայց դա չէր բավարարում ո՛չ ձեզ, ո՛չ Ադրբեջանին, որովհետեւ ձեր քաղաքական ղեկավարը հայտարարել է, որ Արցախը թոկ է, պավադոկ։ Այսինքն՝ պատերազմով կտրվեց թոկը, որը դուք ուզում էիք կտրել։ Ինչ տեղի ունեցավ, ձեր քաղաքականության նյութականացումն է, մնացածը գեղեցիկ խաղ էր, որպեսզի կարողանայիք մեղադրել, ասել՝ եթե Սամվել Շահրամանյանը չգար, այդ ամենը չէր լինի»։

Արթուր Խաչատրյանը նաեւ նշեց, որ մեր դիվանագիտությունը չի կարողացել նաեւ ՀՀ անվտանգային մակարդակը բարձրացնել։ «Չկա այսօր մի պետություն, որը կասի՝ ես պատրաստ եմ երաշխավոր հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությանը։ Դա, ի դեպ, Ադրբեջանի պահանջն է, իրենք են դա պահանջում»,- հավելեց նա։