«Դուք կարո՞ղ եք կողմնորոշվել՝ պետք է զոհվել եւ տարածքներ գրավել, թե՞ պետք է չզոհվել․․․» եւ տարածքներ տալ

  • 15:01 04.06.2024

«Արցախի կորստի հարցով դուք բացարձակ կապ չունե՞ք, եւ միակ մեղավորներն այն չարամիտնե՞րն էին, որոնք 30 տարի կառավարում էին, որոնք չլսելով ձեզ՝ տարան կործանման»,- Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ես ուզում եմ հիշեցնել՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանը փաստացի Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներն էր հանձնում։ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված Արցախի ինքնիշխան հսկողության տակ գտնվող տարածքներն էր հանձնում, մոռացել եք դրա մասին երեւի։ Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի պաշտպնության հանձնառությունը ստանձնել էիք դուք, եւ այդ խոստումը կար նաեւ 2021 թվականի նախընտրական ծրագրում՝ դեօկուպացիայից սկսած, ավարտված ճանաչման գործընթացով։ Այնուհետեւ նշաձողն իջեցնելու հեղինակն ո՞վ էր, մե՞նք էինք, Նիկոլ Փաշինյանն էր։ Ձեր քաղաքական թիմն էր, որ շրջափակված, ցեղասպանության ենթարկվող ժողովրդի մասով հայտարարում էր, որ ՀՀ-ն չի կարող միջամտել, եւ այնտեղ ֆիզիկական ոչնչացում չի սպառնում։ Ամենասարսափելին՝ իշխանությունը եւ Հայաստանը ներկայացնելու մանդատը ձեր ձեռքին էր, ոչ մի ընդդիմություն ու քաղաքական ուժ չուներ այդ մանդատը, դուք պետք է քայլեր ձեռնարկեիք։ Հիմա էլ է այդ վիճակը, հիմա, երբ Արցախը հայաթափված է, ցեղասպանված է Արցախի ժողովուրդը, երբ հայկական ժառանգությունը ոչնչացվում է ամեն օր, դուք ունեք այդ մանդատը, ի՞նչ եք արել։ Ինչպե՞ս եք պաշտպանել Արցախի եւ հայ ժողովրդի ժառանգությունը։ 2023 թվականին այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվել՝ սկսած մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց, ավարտված Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք վերադարձի իրավունքի ապահովման հարցում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Երբ որ մենք ոչ լավ օրից հանգեցինք այն եզրակացության, որ Ղարաբաղի հարցում նշաձողը պետք է իջեցնել եւ խոսեցինք այս մասին բաց ու պարզ, դուք ոչ միայն չփորձեցիք լսել, թե ինչ ենք ասում, այլեւ բռնեցիք, բանաձեւ ընդունեցիք ԼՂ խորհրդարանում ծովից ծով ԼՂ մասին։ Դա հանգեցնում է հաջորդ աղետին։ Հիմա դուք մեղադրում եք մյուս խմբին, որն ասում է՝ այդ ճանապարհը անդունդ է տանում։ Դուք ասում եք՝ ինչո՞ւ եք հրաժարվում մեր սրբազան անդունդային ճանապարհից, գնանք ցեղասպանվենք, հետո խփենք ծնկներիս ու ասենք՝ անարդար մարդկությունը եւս մեկ անգամ հանդուրժեց հայոց ցեղասպանությունը։ Կարո՞ղ է ընենց անենք, որ չլինի այդ ցեղասպանությունը, ես դրա մասին եմ խոսում»։

Արարատ Միրզոյանը հավելեց․ «Ասում եք արցախահայերի վերադարձ Լեռնային Ղարաբաղ։ Որ ասում եք վերադարձ ԼՂ, խնդրում եմ մանրամասեք, թե դուք ի՞նչ նկատի ունեք ԼՂ վերադարձ ասելով՝ մասնավորապես կենտրոնանալով հետեւյալ քայլերի վրա՝ ի՞նչ պայմաններում եք առաջարկում, որ ԼՂ հայերը վերադառնան, արդյոք դրանք այն պայմաններն են, որոնք առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է, դուք ի՞նչ եք ուզում։ Եթե դա անկախ ԼՂ-ն եւ այն ստատուս քվոն է, որը կար 2019 թվականին, դուք հասկանո՞ւմ եք դա եւ պատրա՞ստ եք արդյոք դա անել առնվազն 4000 զոհի գնով։ Առաջարկ արեք հանրությանը, մեզ քննադատում եք, լավ եք անում, բա դուք ի՞նչ եք առաջարկում, հերթական պատերա՞զմ։ Դուք կարո՞ղ եք կողմնորոշվել՝ հիմա պետք է զոհվել եւ տարածքներ գրավել, թե՞ պետք է չզոհվել»։ Միրզոյանն այստեղ չշարունակեց՝ “եւ տարածքնել տալ”։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի լավագույն սկզբունքների հիման վրա հռչակել էր իր անկախությունը, ՀՀ-ն էլ հանձնառու էր աջակցել ու դառնալ առաջամարտիկը՝ ճանաչելու ԼՂՀ-ն։ «Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է, հրաժարում է բոլոր այն ձեռքբերումներից, որոնք եղել են։ Դուք չպատասխանեցիք, թե ի՞նչ եք անում արցախցիների վերադարձի համար կամ ո՞նց եք պատկերացնում։ Մենք դա դիտարկում ենք շատ պարզ՝ միջազգային իրավունքին համապատասխան, ոչ թե ռազմական գործողություններն առաջ մղելով։ Սա միջազգային լայն կոնսոլիդացիայի հնարավորություն է, վերադարձի իրավունքը պաշտպանվում է գրեթե բոլոր առաջադեմ երկրների կողմից։ Այո՛, միջազգային իրավունքների ու երաշխիքների ներքո Արցախի ժողովուրդը հետ վերադառնալու, իր պատմական հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա, այդ երաշխիքներով որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

«Ասում եք՝ Արցախի ինքնավարություն։ Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք այն պահին եւ պայմաններում, երբ ԼՂ-ում այլեւս հայեր չկան։ Երբ ԼՂ-ում հայեր կային, եւ մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը եւ խոսել այդ հարցերի մասին, մեզ ասում էին՝ դավաճան, թուրք, պիղծ։ Բա դուք ինչո՞ւ ավելի շուտ չէիք ասում՝ ինքնավարություն»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։