Արցախցիների «հանրաքվեի» արհամարhումը կայսրություններ է ոչնչացրել

  • 23:58 04.06.2024

Այսօր Հայաստանի խորհրդարանում հետաքրքիր ապրիորի քննարկում է տեղի ունեցել, քանի որ խոսում էին արցախցիների ճակատագրի մասին՝ առանց բուն արցախցիների կարծիքը հարցնելու։ Ընդհանրապես, Հայաստանում մովետոն է դարձել արցախցիների մասին խոսելը, հատկապես նրանց ուզածի մասին։ Թեկուզ, հավաքական կարծիք արտահայտող էլ չկա. նախկին ղեկավարությունը լուռ նստած է Բաքվի բանտում, իսկ վտարանդի իշխանությունը համարվել է Հայաստանում ազգային անվտանգության սպառնալիք։

Եթե հակիրճ, «Հայաստան» խմբակցության պատգամավորները իրավացիորեն մեղադրեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Արցախի ժողովրդին պաշտպանելու  մասին կառավարության ծրագրի դրույթը չկատարելու մեջ։ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ մեղադրելով ՀՅԴ-ին. Միրզոյանն ասաց, որ 2023 թվականի ամռանը Հայաստանի իշխանություններն առաջարկել են «իջեցնել» Արցախի կարգավիճակի նշաձողը, որին ի պատասխան՝ Արցախի խորհրդարանը ՀՅԴ ակտիվ մասնակցությամբ ընդունել է «Ղարաբաղը ծովից ծով» բանաձեւ։

Այդպես վիճելով հասան նրան, որ Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ եթե չլիներ պատերազմը, Հայաստանի՝ Արցախին օգնելուց հրաժարվելը և մայիսի 5-ի հայտարարությունը Արցախի նկատմամբ Բաքվի իրավասությունը ճանաչելու մասին, ապա ցեղասպանություն կլիներ։ Այսինքն՝ հողը հանձնել են մարդկանց փրկելու համար։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն պնդում արցախցիների վերադարձի իրավունքը, Արարատ Միրզոյանն ուղիղ հարցրեց՝ իսկ ի՞նչ ձևաչափով է ընդդիմությունը պատկերացնում վերադարձը։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց՝ ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ «Ինչո՞ւ եք հիմա խոսում ինքնավարության մասին, երբ ԼՂ-ում արդեն հայեր չկան»,- զայրացած հարցրեց Միրզոյանը՝ հավելելով, որ իշխանությունները վաղուց էին առաջարկում «իջեցնել կարգավիճակը»։

Աստիճանաբար պարզ է դառնում, թե ինչ են առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերը Արցախի ժողովրդին՝ մնալ Ադրբեջանի կազմում որպես պատանդ, ռուսական զորքերի «երաշխիքների» ներքո՝ ֆիզիկական ցեղասպանության հեռանկարով։ Հողի, ինքնորոշման, սեփականության իրավունքների մասին խոսք չկա։

Հայաստանի իշխանություններն իրենց «սիրելի քույրերին ու եղբայրներին» առաջարկել են ապրել մի պետության կազմում, որի հետ Արցախը 30 տարի պատերազմում էր։ Իսկ ընդդիմությունը պնդում էր «ինքնավարություն»՝ նույնպես ռուսական երաշխիքներով և նույնպես որպես պատանդ։ Ոչ մի տարբերություն։

Արցախցիները երկուսին էլ «ոչ» ասացին՝ դժվարին որոշում կայացնելով ժամանակավորապես լքել հազարամյա հայրենիքը։ Այս որոշումը ամենահուսալի պլեբիսցիտն էր, որը նշանակում էր ռուս-թուրքական ծրագրի լիակատար ֆիասկո։ Հենց այս ծրագիրն էր ակտիվորեն առաջ մղվում Հայաստանի իշխանությունների և ընդդիմության կողմից՝ մի փոքր ցեղասպանություն կլիներ, մեկ-երկու ֆիլտրացիոն ճամբար, ողջ մնացածների համար էլ՝ ինտեգրում, ինքնավարությամբ կամ առանց դրան։

Արցախի ժողովրդի կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կայսրություններ է ոչնչացրել և կուսակցություններ ուղարկել գրողի ծոցը։

Նաիրա Հայրումյան