Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի տարածքից

  • 17:46 05.06.2024

«Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի տարածքից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Մեծամասամբ դուրս եկած տեղեր կան, բայց ես անձամբ չեմ եղել։ Այն տեղերից են դուրս եկել, որտեղ եկել էին 44-օրյա պատերազմից հետո, Ներքին Հանդում այլեւս ռուս սահմանապահներ չկան»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սյունիքում այլ համայնքներում կա՞ն ռուս սահմանապահներ, նա պատասխանեց․ «Տեսեք՝ եթե կա մի տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գան, մնացածը մնան, մինչեւ հաջորդները դուրս գան։ Հստակ չեմ կարող ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»։

Անդրադառնալով Տեղ գյուղի վարելահողերի ու արոտավայրերի օկուպացմանը՝ Ղուկասյանն ասաց․ «Համայնքի հետ միասին մենք նոր հողատարածքներ գյուղացիների մուտքն ապահովել ենք։ Այդ խնդիրն այդպես է լուծվում, մինչեւ սահմանազատում-սահմանագծումը, հույս ունենանք, որ գործընթացը կհասնի այնտեղ, եւ այդ տարածքներն արդեն կլինեն մերը»։

Անդրադառնալով Սյունիքի մարզում այսպես կոչված սահմանազատման գործընթացին՝ մարզպետն ասաց․ «Լինելու է այն քարտեզով, որի մասին բոլորս գիտենք, որը վարչապետը ներկայացրել է։ Եթե 1976 թվականի քարտեզով է լինելու, այդ գծով ոչ մի միլիմետր այս կողմ չի լինի։ Մենք բոլորս գիտենք, որ Սյունիքում կա սուվերեն տարածք ներխուժում, բնականաբար, պետք է հետ գնան»։

Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ հանձնաժողովի կազմում ինքը չկա, չի կարող ասել, թե ինչ է կատարվում եւ քանի քառակուսի կմ տարածք է օկուպացված Սյունիքից։ «Բնականաբար հետ պետք է գնան, 1976 թվի քարտեզն է դրված սեղանին, չէ՞»,- հավելեց նա։

f