Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերին

  • 18:07 05.06.2024

Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի նույն օրը՝ մի քանի ժամ առաջ: Տեղակայված են եղել Սոթքի հատվածում։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Դրանից հետո ռուս սահմանապահները եղել են Վերին Շորժայի հատվածում, փորձել են որեւէ գործողություն կազմակերպել, գործողություն ասելով՝ նկատի ունեմ՝ հանդիպում ադրբեջանական զինված ուժերի հետ եւ ռմբակոծության տակ են ընկել։ Մամուլում շրջանառվել է այդ նյութը, բոլորդ տեսել եք, որ ռուսական մեքենաները եւս գնդակոծվել են»,- ասաց նա։

Կարեն Սարգսյանը նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո երկու միջադեպ եւս եղել է, եւ մեր Զինված ուժերը կարողացել են իրենց առաջ դրված խնդիրները պատշաճ իրականացնել։

«Կոնկրետ մեր մարզում տեղակայված իքս բանակային կորպուսն իր առջեւ դրված խնդիրները կատարել է լիարժեք»,- ասաց նա։

Հարցին, թե այսինքն՝ ադրբեջանական հարձակումից առաջ ռուս սահմանապահներն իրեն վստահված տարածքներից փախուստի՞ են դիմել, Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց․ «Իմ պատկերացմամբ՝ այնտեղ տարածքները վստահված են եղել մեր պաշտպանության նախարարությանը»։

f