ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը Վաշինգտոնին հնարավորություն կտա պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ` ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ անցկացվող հետաքննությունների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Axios լրատվական հարթակը հայտնում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել 247 օրենսդիր, 155-ը դեմ է արտահայտվել:
Հանրապետականների նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի տեքստում ընդգծվում է, որ Վաշինգտոնի վարչակազմը պետք է պատժամիջոցներ սահմանի ՄՔԴ-ի դեմ, եթե այս մարմինը փորձի հետաքննություն անցկացնել, ձերբակալել, կալանավորել կամ պատասխանատվության ենթարկել որևէ անձի, որը գտնվում է պաշտպանության ներքո: Այս կատեգորիային են պատկանում ամերիկացիները, ներառյալ զինվորականները, բոլորը, ովքեր աշխատում են ԱՄՆ կառավարության համար, Վաշինգտոնի դաշնակից երկրների քաղաքացիները, եթե այդ պետությունները չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է այցագրերի մերժում, ակտիվների սառեցում ԱՄՆ-ում և ԱՄՆ-ի քաղաքացիների ու ընկերությունների համար արգելք` բիզնես վարելու պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց հետ։
Միեւնույն ժամանակ, այս նախագիծը դժվար թե քվեարկության դրվի Սենատում, որը վերահսկվում է Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից։
Նախաձեռնությանը «կտրականապես դեմ» է հանդես եկել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը։ «Վարչակազմը խորապես մտահոգված է ՄՔԴ դատախազի անխոհեմ շտապողականությամբ՝ իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր տրամադրելու հարցում: Միևնույն ժամանակ, վարչակազմը դեմ է ՄՔԴ-ի, նրա աշխատակազմի, դատավորների կամ նրա աշխատանքին աջակցող անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն: Իսրայելը պաշտպանելու, ՄՔԴ-ում ԱՄՆ-ի դիրքորոշումն առաջ մղելու և միջազգային արդարադատությունն ու հաշվետվողականությունը խթանելու ավելի արդյունավետ ուղիներ կան, և վարչակազմը հավատարիմ է Կոնգրեսի հետ աշխատելու այդ տարբերակների շուրջ», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Մայիսին ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար՝ նշելով, որ ողջամիտ հիմքեր կան կարծելու, որ նրանք պատասխանատվություն են կրում «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»: