Հրեշտակների քաղաք Շուշիում երկար տարիներ աշխատելով՝ Լուսինե Գասպարյանը ոգեշնչվել է Ղազանչեցոց եկեղեցու պահապան հրեշտակներից։ Այսօր իր միակ մխիթարանքը հենց տիկնիկ-հրեշտակներ արարելն է։
Լուսինեն «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր։ Արվեստն ամենուր իր շուրջն էր, թանգարանային նմուշներն՝ իր ընկերները: Գեղեցիկը տեսնում, գնահատում էր, բայց միայն 2020թ․ պատերազմից հետո որոշեց ինքն էլ արարել, այն էլ՝ կորսյալ քաղաքի հրեշտակներ։
«Հրեշտակների գոյությանը միշտ հավատացել եմ, սիրով եմ վերաբերվել, ունեի հրեշտակների հավաքածու, որոնք, ցավոք, չեմ կարողացել բերել, մնացել են Ստեփանակերտի իմ տանը։ Դրանք արվեստի տարբեր ստեղծագործություններ էին՝ թղթից, կերամիկայից մինչեւ քարե քանդակներ»,- պատմում է Լուսինեն։
Ասում է՝ Շուշիի երկնքում միշտ մտովի հրեշտակներ է փնտրել։
«Ինձ թվում էր՝ Ղազանչեցոցի վերեւում միշտ հրեշտակները շուրջպար են բռնել»,- ասում է նա։
Ասեղնագործ, ժանյակներով, հուլունքներով, բազմագույն տիկնիկները հրեշտակի տեսք ունեն, եւ ամոքիչ այս արարումը հիմա փրկում է խավար օրերում։
2020-ից հետո արցախցիների մեծ մասը երկմտում էր՝ մնա՞լ Արցախում, թե՞ ավելի իրատես գտնվել եւ չհայտնվել հակառակորդի ուղիղ նշանառության տակ։
Լուսինեն մեկն էր այն հազարավորներից, որ վերադարձավ տուն, հիմա Արցախում ապրած վերջին երեք տարիները մեծ ձեռքբերում է համարում։
-Միանշանակ՝ չեմ ափսոսում, որովհետեւ շատ ավելի երկար ապրեցի իմ տանը, իմ Արցախում։ Դժվար էր, վերջին տարում հատկապես, բայց լիահույս էի, որ ամեն ինչ լավ է լինելու,- պատմում է Լուսինեն։
8 ամիս է անցել արցախցիների բռնատեղահանումից։ Ժամանակն արագ է անցնում, բայց կարոտը սաստկանում է։ Հուզմունքով է պատմում իր տանը հրաժեշտ տալու մասին, տունը վերջին տեսարանն է, որ հիշում է Արցախից։
«Չէի ուզում դուռը փակել, բայց մեծ դժվարությամբ փակեցի։ Փակեցի՝ ինձ համոզելով, որ աշխատանքի եմ գնում, երեկոյան կգամ, դուռս բացեմ»,- վերհիշում է Լուսինեն՝ հավատով, որ մի օր իսկապես կգնա ու իր դուռը կբացի։
Արցախի, տան կարոտը դժվարացնում է Երեւանում ապրելուն սովորելը։ Ասում է՝ չի կարողանում հավաքել իրեն։ Միակ աշխատանքը, որ փրկում է կարոտագին ապրումներից, հենց տիկնիկագործությունն է։
-Երկար տարիներ վարչական աշխատանք կատարելով՝ ստեղծագործական ներուժս չեմ օգտագործել։ Հիմա, երբ ոչ մի տեղ չեմ աշխատում, նորից թել ու ասեղ եմ վերցրել,- ասում է հրեշտակագործը։
Երփներանգ թելերը, կտորները եւ հուլունքները միասին դառնում են հրեշտակներ՝ հեղինակային տիկնիկներ՝ «Լուսե»։
«Տիկնիկագործությունն ավելի շատ թերապիա է։ Եւ եթե լինում է վաճառքի հնարավորություն՝ դժվարությամբ եմ բաժանվում իմ սիրելի հրեշտակներից»,- անկեղծանում է Լուսինեն։
Արցախահայության բռնատեղահանումից հետո շատերը սկսեցին նոր մասնագիտություն սովորել կամ վերհիշել իրենց կարողությունները՝ նոր կյանքին ու դժվարությունները հաղթահարելու համար։
Լուսինեն մեկն է, ով իր նիրհած կարողություններն արթնացրեց՝ ստեղծելով գեղեցիկ հրեշտակներ, որոնցից դժվարությամբ է բաժանվում։
Տիկնիկներն իրեն մտովի տանում են Արցախ՝ Շուշի, որտեղ էլ հենց ծագել է հրեշտակներ հյուսելու միտքը։
Ասում է, որ ամեն մի տիկնիկ գործելով՝ հավատում է, որ մի օր նորից տուն գնալու հնարավորություն է լինելու եւ վստահեցնում է, որ երբ այդ պահը գա՝ ինքն առաջին շարքում է լինելու։
Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: