Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խումբի մանդատը, որը միջնորդական առաքելություն է իրականացնում ղարաբաղյան խնդրի լուծման գործում։ Այդ մասին Ալիեւը հայտարարել է Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նա նաև ասել է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության չի կարող լինել «խաղաղության պայմանագիր»։
Ալիևը, փաստորեն, հնչեցրել է Հայաստանին ուղղված առանցքային պահանջները՝ խոստովանելով, որ հակամարտության ուժային «լուծումը», բնիկ բնակչության տեղահանումը, Արցախում հայկական ժառանգության ոչնչացումն ու այն մինարեթներով կառուցապատումը, թուրքական զորքերի և ռուսական «հյուպատոսության» առկայությունը, «Ղարաբաղի հարցը փակված է» հայտարարությունները ոչինչ չեն նշանակում։ Ինչպես և Փաշինյանի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» բանավոր ճանաչումը և 1976 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ու քարտեզները։
Անառարկելի իրողությունն այն է, որ կա Մինսկի խմբի գործող մանդատ, և դրանով իսկ 1994 թվականի ճանաչված ստատուս քվոն, միևնույն ժամանակ, Ղարաբաղը, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հայաստանի մաս է կազմում։
Այս որոշումը, որն «ընդհատվեց» հայկական երկու պետությունների անկախության հռչակմամբ, ճակատագրի հեգնանքով նորից ուժի մեջ մտավ Արցախի պետական կառույցների «լուծարումից» հետո։ Եւ որքան էլ Հայաստանում դա փորձում են “չնկատել”, ձեռքերը լվալ, դա այդպես է՝ Ալիեւը վկա։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա ԵԱՀԿ գործող նախագահը, ով վերջերս եղել է Երեւանում եւ Բաքվում, ոչինչ չի ասել Մինսկի խմբի մանդատը հետ կանչելու մասին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երեւանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ միտումնավոր չխոսեց ԵԱՀԿ մանդատի մասին, բայց Բաքուն ուղղակիորեն պահանջեց մանդատի չեղարկումը։ ԵԱՀԿ-ն, ըստ երևույթին, Ալիևին ասել է, որ Հայաստանի բողոքարկումից հետո միայն հետ կկանչեն մանդատը։
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ գրեթե զուգահեռ Երեւան ժամանեց Լյուքսեմբուրգի Համայնքների պալատի նախագահը եւ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց միջազգային հանրության դիրքորոշումը՝ դատապարտել 1994 թվականի ստատուս քվոյի խախտումը եւ Թուրքիայի՝ պատերազմին մասնակցությունը, ինչպես նաև Արցախի կարգավիճակի որոշման գործընթաց նախաձեռնել։
Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չարձագանքեցին ո՛չ եվրոպացի դիվանագետի հայտարարություններին, ո՛չ էլ Ալիևի՝ Մինսկի խումբը փակելու պահանջներին՝ հաստատելով, որ իրենք Հայաստանի վերացման ռուս-թուրքական ծրագրի և համաշխարհային հայկական գործոնի վերացման անմիջական մեղսակիցներն են։
Լռությունը վկայում է այն մասին, որ Ալիևի պահանջները՝ Մինսկի խմբի մանդատից համատեղ հրաժարվելու և Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջները կկատարվեն։