ԱՄՆ-ը հայտարարել է «Վրացական երազանք»-ի դեմ պատժամիջոցների մասին

  • 09:41 07.06.2024

Միացյալ Նահանգները հայտարարեց մի քանի տասնյակ վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին՝ երկրի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ, օրենքը ընդունած պատգամավորներ, ինչպես նաև իրավապահ մարմինների պաշտոնյաներ, ովքեր պատասխանատու են ցուցարարներին ցրելու համար, հինգշաբթի օրը՝ հունիսի 6-ին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ճեպազրույցում հայտարարելով պատժամիջոցների մասին՝ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չի նշել կոնկրետ անուններ, սակայն նշել է, որ «մի քանի տասնյակ» մարդիկ պատասխանատվության կենթարկվեն հակադեմոկրատական ​​գործունեության և մարդու իրավունքների խախտման համար։

«Այդ գործողությունները սպառնում են խաթարել Վրաստանի եվրոպական ապագան և հակասում են Վրաստանի Սահմանադրությանը և նրա ժողովրդի ցանկություններին»,- ընդգծել է Միլլերը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները միայն առաջին քայլն են։ Վրաստանը նոր պատժամիջոցների կենթարկվի, եթե չփոխի իր ընթացքը, հավելել է նա։