Հերթական շանտաժ․ քանի արցախցի է լքել Հայաստանը

  • 12:31 07.06.2024

2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստան եկած ու երկրից հեռացած արցախցիների գրեթե կեսը վերադարձել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Իհարկե, շարժեր եղել են։ Մոտ 15 000 ելք է եղել, բայց շուրջ 7-8 հազար էլ մուտք է եղել։ Այսինքն` ոմանք, օրինակ, ձմեռն են անցկացրել արտերկրում` ընտանիքիներով։ Որոշ մարդիկ կարճ ճամփորդություն են ունեցել։ Ըստ էության, ամիսներով բացակայածների թիվը երևի կարելի է գնահատել շուրջ 7-8 հազարի կարգի։ Այսինքն` կարող ենք ասել, որ կեսը վերադարձել է։ Սահմանահատումների տվյալներով` մոտ 7-8 հազարն են գտնվում դրսում»,– ասաց փոխնախարարը։

Խաչատրյանը համոզված է, որ մյուսները ևս առաջիկայում կվերադառնան, քանի որ կառավարության հաստատած` արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը, ինչի համար հարկավոր է վերադառնալ ՀՀ և դիմել պատկան մարմիններին, արդեն ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելուց հետո` այդ բնակարանում 10 տարի շարունակ ապրելը։

«Իհարկե, բացակայելու հնարավորություններ կան` տարբեր պատճառներով, բայց ասել ենք, որ եթե ընտանիքի չափահաս երկու անդամներ տարվա ընթացքում 6 ամսից ավել միաժամանակ երկրից բացակայել են, դա սեփականության իրավունքի գրանցման համար խոչընդոտ է հանդիսանալու։ Հետևաբար կարծում ենք, որ գնացածների մի մասը ևս վերադառնալու է գոնե այս ծրագրի նպատակով»,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ փորձագիտական գնահատականներով` 2023թ–ի աշնանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շուրջ 15 տոկոսը (15 000 մարդ) տեղահանությունից հետո հեռացել է Հայաստանից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտարարեց, որ այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Նա վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, և հավելեց` ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ արցախցիները ՀՀ–ից գնում և գալիս են, գրում է news. am-ը։

Արցախցիների բնակապահովման այսպես կոչված ծրագիրը ՀՀ իշխանությունների ձեռքում բազմաֆունկցիոնալ գործիք է դարձել։ Մի կողմից նրանք այդ ծրագրով “ապացուցում են” միջազգային մտահոգ հանրությանը, որ ինքնուրույն կարող են “լուծել” փախստականների խնդիրները, եւ միջամտության կարիք չկա, մյուս կողմից այդ ծրագրով փող են “բերում” նույն միջազգային դոնորներից։ Թե ինչքան գումար է արդեն այդ նպատակով տրամադվել, անհայտ է, ինչպես նաեւ պարզ չէ՝ ստեղծվե՞լ է արդյոք հատուկ ֆոնդ, որտեղ այդ գումարները կուտակվում են։  Թե՞ դրանք օգտագործվում են “ըստ պահանջարկի”։ 

Արցախցիների՝ քաղաքացիություն ստանալու պահանջը “թույլ է տալիս” անվերջ երկարաձգել ծրագիրը, եւ համապատասխանաբար՝ “խնայել” գումարները ու օգտագործել այլ նպատակներով։ Իսկ դոնորներին կարելի է ասել, որ արցախցիները գնում-գալիս են ռուսաստաններ, քաղաքացիություն չեն ուզում վերցնել։ 

Մյուս կողմից, այդ ծրագիրը արցախցիներին վերահսկելու, նրանց շանտաժ անելու հարմար միջոց է։ Պատահական չէ, որ տարբեր աղբյուրներից լուրեր են տարածվում, որ հանրահավաքներին մասնակցող եւ “իրենց խելոք չպահող” արցախցիներին կզրկեն բնակարանային աջակցություննից։ Յա, իրո՞ք։ Դա էլ կա՞ ծրագրում որպես պայման։  

f