Օրինագիծ․ Արցախում կուտակված կենսաթոշակային գումարները կտեղափոխվեն հայաստանյան ֆոնդեր

  • 17:14 07.06.2024

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին։ Այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Այս նախագծով Արցախում կուտակված կենսաթոշակային գումարները կտեղափոխվեն հայաստանյան ֆոնդեր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հանձնաժողովի նիստում մանրամասնեց նախագիծը․ «Լեռնային Ղարաբաղում գործում էր կուտակային կենսաթոշակային հայաստանյան համակարգի համանման տարբերակը։ Եվ նույն օրենսդրության շրջանակներում մեր հայրենակիցների կողմից կատարվել են այդ կուտակումները։ Եվ 2024 թվականի հունվարից սկսած անհրաժեշտություն էր առաջացել կուտակված միջոցների հետագա ճակատագիրը հստակեցնել եւ իրավական որոշակի հիմքեր ստեղծել՝ դրանց ծախսման, օգտագործման ու կանոնակարգման հետ կապված։ Այս նախագծով առաջարկում ենք կուտակված միջոցները, անհատական հաշիվներում եղած միջոցները տեղափոխելու համար երեք ամսվա ընթացքում դիմելու հնարավորություն ընձեռենք մեր հայրենակիցներին։ Այդ ժամանակահատվածում նրանք կկարողանան ընտրել ՀՀ-ում գործող կուտակային կենսաթոշակային որեւէ ֆոնդ եւ իրենց միջոցները կտեղափոխվեն այդ ֆոնդեր։ Եվ եթե երեք ամսվա ընթացքում նրանք չդիմեն, ապա դրանք որեւէ ֆոնդ կտեղափոխվեն ինքնաշխատ եղանակով»,- ասաց Դավիթ Խաչատրյանը։

Օրենքի նախագծում նշվում է՝ «Սահմանել Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը: Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը»։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները արցախցիներին չեն ճանաչում որպես ՀՀ քաղաքացի, եւ հարցադրումներ են հնչում, թե ի՞նչ իրավունքով են տնօրինելու արցախցիների կենսաթոշակային գումարները։

Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ եթե անձը աշխատում է Հայաստանում եւ վճարում է հարկեր, ապա անկախ նրանից՝ հանդիսանում է ՀՀ քաղաքացի, փախստական, թե այլ երկրի քաղաքացի, նրա կողմից այդ կուտակումները կատարվում են։ «Եվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, երբ կսկսեն Հայաստանում աշխատել, ապա նույնությամբ այդ կուտակումները կիրականացվեն կենսաթոշակային համակարգում։ Եվ եթե նրանք նախկինում ունեցել են կուտակված միջեցներ ԼՂ-ում, ապա դրանք կհամատեղվեն մեկ ֆոնդի եւ հաշվի մեջ»,- հավելեց փոխնախարարը։

Ռոզա Հովհաննիսյան

f