Երբ պատերազմում կորցնում ես միակ հենարանդ ու պիտի միայնակ տանես քեզ բաժին հասած ծանր բախտաբաժինը, ապա ապրելու ուժ չես ունենում։
Երկու անգամ կյանքին հրաժեշտ տալուն մի անգամ ամուսինն է խանգարել, մյուս անգամ՝ նրա ձայնը, երբ արդեն ողջ չէր։
Կյանքի բերումով ուժեղ կին դարձած Ալվարդի ոդիսականը, ով հենաշարժային խնդիրներով իր զավակի համար միայնակ է կռիվ տալիս։
Երբ ամուսնացան, աշխարհի ամենաերջանիկ կինն էր։ Երկու քույրերով երկու եղբայրների հետ ամուսնացան։ Օդերի մեջ էր․ սիրող զույգ էին՝ լավ ապագայի սպասումով։ Ալվարդը կշարունակի ուսումը ասպիրանտուրայում, Կամոն՝ ընտանիքի հոգսը կհոգա։ Իրենց բալիկը աշխարհի ամենախելոք, ամենասիրուն, ամենաուժեղ տղան է լինելու: Երազանքները վարդագույն էին ներկված։
29 շաբաթական անհաս պտուղը, որ թթվածնային քաղցով էր ծնվել, դժվարությունների սկիզբը դրեց։ Ծնողները միանգամից հոգատարությամբ շրջապատեցին Ռոբերտին՝ սպասված բալիկ էր, սիրում էին, երբ դեռ չէր ծնվել։
Կամոն շատ ուշադիր էր, գիշերները նա էր կերակրում Ռոբերտին, լողացնում, ամեն մի կարիքը հոգում։ Տղան շատ էր կապված հոր հետ, ուժեղ հենարան ուներ ընտանիքը՝ ի դեմս հոգատար ու ուշադիր Կամոյի։
Երբ 2020 թվականի պատերազմը սկսվեց, Ալվարդը Ռոբերտի հետ Երևանում էր՝ հերթական ռեաբիլիտացիայի, իսկ հատուկջոկատային Կամոն՝ թեժ կետերում։ Սպասում էին, թե երբ է ամեն ինչ վերջանալու, որ պապան գա իրենց հետևից։ Հասկանում էին, որ ամեն ինչ կարող է պատահի: Վիրավոր էլ լինի, միայն թե տուն դառնա՝ շշնջում էր իր աղոթքներում Ալվարդը։ Կամոն տուն չդարձավ…
«Կյանքիս երկու անգամ հրաժեշտ տալու ցանկություն ունեի,- խոստովանում է Ալվարդը,- մեկը երեխայի հերթական ռեաբիլիատացիայից տուն դառնալու ժամանակ էր, երբ հասկացանք, որ Ռոբերտը չի կարողանալու քայլել, մյուսն՝ արդեն Կամոյի հեռանալուց հետո»։
Մի անգամ ամուսինը փրկեց՝ հետ քաշելով բլրի եզրից, մյուս անգամ՝ նրա ձայնը։
Հասկացավ՝ մեռնելու իրավունք չունի։ Այլևս պարտադրված է ուժեղ լինել։
Ամեն ինչ հաղթահարելի էր, երբ տանն էին՝ քո միջավայրում ես, քո ծառի տակ, հողուջրում։ «Արցախում ուրիշ կերպ էի ինձ զգում, հողը ուժ էր տալիս։ Աշխատանքի տեղավորվեցի, Մարտակերտը փոքր քաղաք է, եթե մի բան լիներ, իսկույն կհասնեի։ Երևանում, ճիշտ է, վերականգնողական բժշկությունը շատ զարգացած է, ու ավելի հեշտ է՝ ստիպված չես ամեն անգամ երկար ճանապարհ հատել հերթական վերականգնողական փուլի համար, սակայն հարմար աշխատանք գտնելն է դժվար, երեխայի կրթական իրավունքը իրացված չէ»,- ասում է նա:
Երբ քեզ մենակ չես զգում
Իրենից անկախ և՛ հայր, և՛ մայր դարձած Ալվարդը չգիտի քանի կես դառնա։ Մոր առողջությունն էլ այն չէ, ռիսկային է երեխաների հետ տանը մենակ թողնելը։ Նպաստներով էլ չես կերակրվի։ Արցախում կերակրողը կորցնողի նպաստ էին ստանում, այստեղ՝ ոչ։
Օրենքը պիտի վերանայվի, Հայաստանի նույն կարգավիճակում գտնվող երեխաները նպաստ ստանում են, արցախցի երեխաները՝ ոչ։
Կամոն մեր ընդհանուր հայրենիքի համար է զոհվել՝ անհեթեթություն է բաժանարար գծեր դնելը։
Հարմարավետ բնակարանն ու աշխատանքը առայժմ երազանքների շարքից են։ Անպայման աշխատանք է գտնելու, բարի մարդկանց հոգածության շնորհիվ իրեն մենակ չի զգում։ Պետական հոգածության կարիքն ունի իր և իր նմանների հանդեպ։ Վիճակագրական տվյալներ չունի, բայց ընտանիքները, որտեղ և՛ հայրն է բացակայում, և սահմանափակ կարողություններով երեխա է մեծանում, շատ չեն։
Նրանց խնդիրները առաջնահերթ պիտի լուծվեն։
Կինն իր փխրուն ուսերին նման ծանրություն տանել չի կարող։
Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութը պատրաստված է “Ստեփանակերտ” մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: