«Հայկական քաղաքական վերնախավի համար փորձաքար կլինի Մինսկի խմբի գործունեություն restart֊ը, կամ կխոստովանեն, որ անհույս անկարող են», -ասում է Մարիամ Ավագյանը։
Տավուշի գյուղերը հաջողությամբ “յուրացնելուց” հետո Ալիեւը երկու առանցքային պահանջ է ներկայացրել Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին, պահանջելով չեղարկել Մինսկի խումբը, եւ հանել ՀՀ Սահմանադրության հղումը Անկախության հռչակագրին եւ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի միացման մասին որոշմանը։
Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվել կատարել այդ պահանջները․ ԱԳՆ պատասխանի մեջ Մինսկի խմբի մասին չի հիշատակվում, իսկ Սահմանադրության մասով ասվում է, որ “Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար”։ Այլ կերպ ասած՝ ուշադրություն մի դարձրեք մեր սահմանադրությանը։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, Նիկոլ Փաշինյանն այս տարվա ապրիլին խորհրդարանում պնդել էր, թե Հայաստանի իշխանությունը փորձել է երկիը դուրս բերել աշխարհաքաղաքական այն մրցակցությունից, որը դրսևորում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Այսինքն, ուզում էր չեզոքացնել Մինսկի խումբը։
Իշխանական պատգամավորները Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ պնդում են, որ Մինսկի խումբը կչեղարկվի “խաղաղության պայմանագիրը” ստորագրելուց հետո։ Այսինքն,նրանք էլ չեն մերժում, որ խումբը պետք է չեղարկվի։
Արդեն քանի անգամ նշեցի, որ առանց երաշխավորների պարագայում արդեն ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարեւոր է։ Այս մասին միջազգային լրատվամիջոցներին տրված ասուլիսի ժամանակ հայտարարել է արքիեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։
«Միջազգային երաշխավորները, արդեն իսկ գոյություն ունեցող հարթակը այդ ամրադրումը կկատարի եւ նաեւ բանակցությունները կընթանան ավելի թափանցիկ եւ վստահելի մակարդակի վրա։ Չեն լինի պարտադրումներ, սպառնալիքներ, միակողմանի զիջման թելադրանքներ, այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Եւ այդ պատճառով էլ Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում է վերացնել այդ միջնորդական կամ երաշխավորների առաքելությունը, վերացնել ընդհանրապես եւ ընթանալ այն նույն ճանապարհով, ինչ-որ հիմա գոյություն ունի․ առանց բանակցությունների։ Նորից եմ կրկնում․ սա շատ կարեւոր հանգամանք է, որ պատրանքը, իմիտացիան, տրված է, թե բանակցություններ կան, բայց խորքում բանակցություններ գոյություն չունեն։ Եւ նաեւ աշխարհը մշակել է այդ սիստեմը, աշխարհը մշակել է այդ հնարավորությունը, որն այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն է», – շեշտել է Բագրատ Սրբազանը։
«Մեդիալաբի» հետ զրույցում քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ “Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ ընդունվելիս, փաստորեն, իրենց վրա վերցրել են պարտավորություն, որ Արցախի հարցը պետք է լուծեն Հելսինկյան ակտի հիման վրա, իսկ Մինսկի խումբը պետք է վերահսկեր բանակցությունները, որպեսզի չլինեն բռնություններ ու միակողմանի որոշումներ”։ “Կարող է որոշում ընդունվել ԵԱՀԿ շրջանակներում այլ ձևաչափ ստեղծելու, բայց մի բան կա, որ անփոփոխ է․ այն լուծումը, որն Ադրբեջանը համարում է վերջնական, ու ՀՀ կառավարությունն էլ փաստացի համարում է վերջնական, Արևմուտքի համար այդպես չէ։ Իսկ ի՞նչ է նշանակում Արևմուտքում առկախված որոշում, շատ լավ գիտի Ալիևը”, ասել է նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: