«Մայակի» հացի դատարկ կրպակը | 2 սեպտեմբեր 2023 | Step1.am/Մարութ Վանյան
Տալոնով հացի գիշերային հերթի տրտունջն ու ժխորը չլսելու համար պատուհանը բակ նայող սենյակ էի տեղափոխվել: Սննդի պակասը չարացրել էր մարդկանց: Այնպես, որ ոստիկանության բարձրաստիճան սպաներն էին հսկում մսի, հացի եւ ծխախոտի հերթերը: Մեկը ճեղքում, ծանոթով հինգ հաց էր վերցնում` իսկույն բորբոքվում էր ամբոխը. «կարո՞ղ է իր արյունն իմից մուգ է, կարո՞ղ է մեր երեխաներն ուտել չեն ուզում»:
2023թ. սեպտեմբերի 4-ին Ստեփանակերտում մեկնարկել է հացի կտրոնների տրամադրման գործընթացը | Step1.am/Մարութ Վանյան
Ամբողջ գիշեր հերթ կանգնած երկու կին լուսադեմին լացելով եւ ձեռնունայն հեռանում էին հացի հերթից, բայց ոչ նրա համար, որ հաց չեն կարողացել գնել, այլ նրա համար, որ մի մարդ նրանց կշտամբել էր, իբր ինչու են եկել այս շենքի մոտ փռում հերթ կանգնել, թող գնան իրենց շենքի մոտ գտնվող փուռ: Փրկարար ծառայության մի սպա բարկացել էր այդ մարդու վրա, եւ դրանից կանանց լացը հեծեծանքի էր վերածվել:
Մյուս սենյակում էլ մի այլ ձայն էր ինձ խանգարում քնել: Ըստ իս, հարեւանի լվացքի մեքենայի միալար դզզոցը: Ուրիշ սենյակ եմ գնում (Ստեփանակերտի մեր կիեւյան նախագծով բնակարանը չորս սենյակ ուներ), դարձյալ ձանը հետապնդում է ինձ:
Հաջորդ առավոտ հանրապետական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանն ինձ հայտնեց, որ մեր հարեւանի «լվացքի մեքենան» լռելու է միայն իմ քթի միջնապատի վիրահատությունից հետո: «Ազատ չեք կարողանում շնչել, դրա համար էլ դզզոց եք լսում ականջում` որ սենյակ էլ գնաք”: Քանի որ պլանային վիրահատությունները դադարեցված էին եւ դեղատները դատարկված, բժշկի դեղատոմսից ես միայն ծամոնը գտա: Նա ասել էր, որ պետք է ծամեմ, որպեսզի բացվի ականջներս:
Մի ուրիշ բժշկի դեղատոմսով էլ ծովային աղ պետք էր գնել, դեղագետը ծիծաղում էր. «լավ գիտեք, որ անգամ կերակրի աղ չկա…»:
Բլոկադայի հերթերի վերջը երեւում էր: Մարդիկ խորը հավատ ունեին, որ շուտով ամեն ինչ ավարտվելու է եւ պետք է ընդամենը մի քիչ համբերել: Հավատում էին դրական ինչ-որ հանգուցալուծման: «Աստված ասում է, չի կարելի տրտնջալ, պետք է համբերատար լինենք», – ասում էի քրիստոնեա մի տատիկ, ով կես պարկ սոխ ձեռքին, ցելոֆան հագած գնում էր Կրկժանի իր տունը: Այն ժամանակ արդեն վտանգավոր էր այդ թաղամաս գնալ, դրա համար տատիկն ինձ մի բուռ կոնֆետ է տվել, որ ուղեկցել եւ օգնել եմ նրան: Հրաժարվելու իմ բոլոր փորձերն ապարդյուն էին: «Դու չուտես` կտաս մի երեխայի…», – ասում էր տատիկը:
Հացի գիշերային հերթ Ստեփանակերտում. 27 օգոստոս 2023 | Step1.am/Մարութ Վանյան
Չգիտեմ, հերթերի վիճակն ինչպես է հիմա Հայաստանում, երեկ մի ընկեր ասել է, որ անձնագրայիններում արդեն շատ հերթեր չկան: Ամեն դեպքում, դժվար թե արցախցիների կյանքում հիմա ամեն ինչ օքեյ է: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում անընդհատ պետք է սպասել: Սուպերմարկետում, սվետաֆորի տակ, կանգառում, ամեն տեղ: Ասես ամեն ինչ հատուկ է արված` մարդկանց կյանքը դժվարացնելու համար:
Հայաստանում նստելու տեղ չի գտնվում: Միշտ նստարաններն զբաղված են: Ազատ տեղն արեւի տակ է կամ ջարդված նստարանին: Մյուսի վրա անտունն է քնած: Իսկ երրորդի չուգունե չորս ոտքերը թաղել են ցեմենտում, մյուսը շղթայել (չտանեն), մեկն էլ ագռավներն են սպիտակ ներկել: Մյուսի վրա փիրսինգ, մուգ շրթներկով թինէյջերներն են յոգի պես նստել: Կողքինի վրա ճաղատ մի ռուս տաք ականջակալներ հագած այգով մեկ բոլորին լսելի արդարանում է ընկերուհու կամ չգիտեմ ում մոտ իբր «…не то что я боялся, просто… »: Կենտրոնի շենքերի բակերում էլ հավաքել են նստարանները, որպեսզի մարդիկ սրաճարանում նստեն, կամ էլ որ իրենց բակը ձրի սրճարանի չվերածեն, չաղմկեն:
Արդարության համար պետք է ասել, որ սրճարանները եզակի լավ բաներից են Հայաստանում: Կժպտան, կսպասարկեն, օրդ լավը կդարձնեն…
Բայց սա ավելի շատ Երեւանի մասին է:
Աբովյանում էլ գրեթե բոլոր շենքերի բակերում բեսեդկա, սեղան կա, բայց սրանք էլ ավելի շատ նառդի-բլոտի համար են, մի խոսքով, նույնքան անհարմար, որքան զոդած մանկական խաղահրապարակներն այս երկրում:
Եկեղեցու հարեւանությամբ այդպիսի մի բեսեդկայում նստած էի մի առավոտ, երբ սեւ շորերով, ակներեւ սպիտակող մազերով մի կին մոտենում է ինձ եւ հարցնում, թե արդյո՞ք չճանաչեցի.
— Տոչկաս Կոլցեվոյում է եղել, հիշո՞ւմ ես, բլոկադայի ժամանակ… Էլիտ սուպերմարկետի մոտ, աստիճանների վրա… Օվոշնոյը… անցնում էիր, նկարում, հիշեցի՞ր- հարցնում է իր վարձած բնակարանից նոր դուրս եկած կինը:
— Հա, հիշում եմ…, – որորում եմ ես:
— Ի՞նչ անեմ, գնում եմ գործի… Խոխեքս գնացել են… Բենզինը… Էրկու խոխաս…
«Խոխեք» ու «բենզին»: Ոչինչ չես կարդում կնոջ դեմքին: Հեղուկի գրամ չկա աչքերում, անորոշ մի հայացք… Երկու բառ, «խոխեք» ու «բենզին», Արցախում տեղի ունեցածի ամբողջ խրոնոլոգիան երկու բառով պատմում է կինն ու հեռանում:
Մեկը դեմքն այլանդակված մեքենայով անցնում է Օպերայի մոտով, անգամ դրանից հետո ես ճանաչեցի նրան: Լավ, ենթադրենք սրան Աստված է պատժել նրա համար, որ աթոռով մի խեղճ տղայի ծեծում էր, իսկ մնացածների՞ն որ մեղքի համար․․․ Մտածում եմ ես:
Մեկը Հերացու վրա սուրճ է հանում ապարատից։ Մինչ մոտենալս զգում էի, որ բենզինի մասին մի բան էլ նա է պատմելու:
«Կարող է սաղ մնացած լինի, կարող է թուրքերն Աղդամ տարած լինեն: Կարմիր Խաչում ծանոթ չունե՞ս», — հարցնում է անհետ կորածի եղբայրը:
Արցախցիների զրույցները գրեթե միշտ նույն բովանդակությունն ունեն. «Գիտեմ, անիմաստ է հարցնել, բայց ո՞նց ես: Դե տաքսի եմ քշում, չգիտեմ, ուզում եմ գնալ, ես հեչ, բա խոխեքը, չի ստացվում, հինգ տուն եմ փոխել արդեն, ասել են սեպտեմբերին, էրկու դիմպլոմ ձեռս, ուր գնում ես… երեք միլիոնն ինչի՞ս է պետք, որքա՞ն ապրել էսպես բոմժավարի… Թղթերի եմ սպասում…»
Հակարիի կամուրջն անցած Արցախցիների գրանցումը Գորիսում. 26 սեպտեմբեր 2023 | Step1.am/Մարութ Վանյան
Արցախում սպասելն ավարտ է ունեցել: Չնայած ողբերգական, բայց ունեցել է: Հայաստանում սպասում ես, բայց չգիտես ինչի: Չգիտես քո հերթը երբ է հասնելու, ինչի համար ես սպասում: Կոռնիձորի հերթն ավարտվել, Երեւանինն է սկսվել, օգնությանն ավարտվել, անձնագրայինն է սկսվել, անձնագրայինն ավարտվել, բնակարանայինն է սկսվել… Մինչ արցախցիները սպասում են, տավուշեցիք են «հերթ» բռնել: Անորոշ ու անվերջ կեղեքիչ մի սպասում:
Դուք ինչի՞ եք սպասում, ո՞ր ցուցակում, ո՞ւր եք հասել:
Մարութ Վանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: