«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր հանրահավաք անցկացրեց Վանաձորում։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց․ «Ապօրինի սահմանազատման ու սահմանագծման համար պայքարում մենք արդեն իսկ հասել ենք հաջողությունների, թշնամի պետությունն իր պահանջները ավելացրել է։ Ադրբեջանի պահանջներն անհատնելի են, նոր պահանջներ են դրվում Հայաստանի առջեւ՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, նոր տարածքների հավակնություններ։ Եվ չկա մեկ օր, որ Ադրբեջանը հոխորտանքներով հանդես չգա։
Իսկ այս իշխանությունները խուլի ու համրի կեցվածք են ընդունել եւ որեւէ կերպ չեն արձանագանքում Ադրբեջանի հոխորտանքներին։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր պայքարն արդարացի է, եւ մենք իրավունք չունենք այս պայքարը չտանել մինչեւ իր տրամաբանական ավարտ, որովհետեւ Ադրբեջանի վերջնական նպատակը ՀՀ-ն «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելն է»։
Գառնիկ Դանիելյանը նշեց, որ այս օրերին պետք է ուժերը կրկնապատկել ու եռապատկել, առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է շատ կարեւոր ու վճռորոշ շաբաթ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը նույնպես հայտարարեց, որ Ադրբեջանը շտապում է նոր զիջումներ կորզել Հայաստանից։ Եվ եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, թե վերջին օրերին Ադրբեջանն ինչպես է ավելացրել եւ ճնշումները, եւ պահանջները՝ սկսած չակերտավոր «Խոջալուի ցեղասպանությունից», վերջացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումով, որովհետեւ շատ լավ պատկերացնում են, որ այլեւս ասպիսի հնարավորություն չեն ունենալու իրենց ողջ պատմության ընթացքում։
Սա երեւի իրենց վերջին հնարավորությունն է, վերջին շաբաթներն են, կամ վերջին ամիսն է, որ նրանք ունեն։ Եվ այս պատուհանից փորձում են առավելագույնս օգտվել։ Հետեւաբար, այս պայքարը գործնականում չհաջողել չի կարող, ուղղակի հնարավոր չէ, այս պայքարն այլեւս անցել է անդառնալիության կետը»,- հայտարարեց Սուրեն Պետրոսյանը՝ կոչ անելով համախմբվել ու դուրս գալ փողոց։