«Ալիեւն ամեն օր ցույց է տալիս, որ ինքն է Հայաստանի իշխանություններին թելադրողը։ Իսկ սրանք անատամ, ոչ մի բան չասող հայտարարություններ են անում։ Ալիեւի պահանջներին ի պատասխան ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանը, ասում է՝ մենք պատրաստ ենք մեկ ամսից խաղաղության պայմանագիր կնքելու։ Պատրաստ են մեկ ամսից խաղաղության պայմանագիր կնքել, եւ դեռ մեր ռազմագերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում են Բաքվի բանտում։ Ի՞նչ է այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որեւէ մեկդ տեղյա՞կ է։ Ուրեմն, սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել մեր գլխին, Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ սա չիմանալը մեղք է մեզ համար»,- Վանաձորում հրավիրած հանրահավաքում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ ուժերի գերլարումով ամեն ինչ պետք է անել, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ «Եվ այդ օրերը շատ մոտ են, ժողովուրդ, մոտեցրել եք դուք այդ օրերը։ Մենք մեր պայքարի վճռական փուլ ենք մուտք գործել, պարզ է, որ այս իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստելու եւ չեն նստում։ Բոլոր միջոցները գործադրում են, բայց քարոզչական դաշտում արդեն ձախողվել են։
Մեր երկրում գործում է միայն մեկ մարդու քմահաճույք, եւ այդ մեկ մարդը պետք է հեռանա։ Իսկ եթե ինքը չի հեռանում, մենք պետք է հեռացնենք։ Ամսի 9-ը ոչ թե վերջին օրն է, այլ ամենակարեւոր, առանցքային օրն է մեզ համար։ Դրանից հետո մենք ամեն օր անելիք ունենք, որքան կտեւի, ես թիվ չասեմ, բայց մեր ծրագիրն այդպիսին է։ Մենք շատ կարճ ժամանակ ունենք այլեւս, արդեն անոնսը արել եմ՝ մեկ ամիս, որովհետեւ սրանք հայտարարել են, որ մեկ ամսից պատրաստ են «խաղաղության պայմանագիր» կնքել»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: