Բագրատ սրբազանը հնչեցրեց պլանը․ 96 ժամ, անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ

  • 22:32 09.06.2024

«Այս պահից է սկսվում 96 ժամը», – հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ապա մեկնարկեց երթը Երևանի կենտրոնական փողոցներով:

«Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների մնացած տարբերակները», – ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ քաղաքական լուծումներ նկատի ունի։

«Ընդամենը 4 օր, 96 ժամ՝ և մենք կունենանք հավերժական Հայաստանի սկիզբը՝ պատիվ և հայրենիք վերականգնելու տեսիլքով, ընթանալու մեր ավետյաց երկրի ճանապարհով, հաղթանակած հայ ժողովրդի ճանապարհով, արժանի մեր հերոսներին, մեր ժառանգությանը և մեր գալիքին ու մեր հաղթանակներին», – հայտարարեց Բագրատ սրբազանը, ապա հայտնեց, որ երթով գնալու են Ամիրյան փողոցով, Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով. – «Մնացածը կհայտարարենք ճանապարհին»:

«Այս պահին մենք միասին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր, 96 ժամ առանց դադարի, առանց քնելու, առանց աշխատանքի գնալու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք», – հայտարարեց Բագրատ սրբազանը: – «4 օր, 96 ժամ այս նույն բազմությամբ և ավելի շատ խոստանում եմ ձեզ հասնել մեր ուզածին»:

Նա դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30 նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: «Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», – ասաց Բագրատ արքեպիսկոպոսը, – «Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել»:

«Մենք վճռական ենք: Ես զոհասեղանին դրել եմ ամեն ինչ, ինչ ունեմ, այո՛, զոհաբերել եմ, ամեն ինչ: Ժողովուրդ, ուզում եմ տեսնել՝ դուք որքանով եք վճռական», – հայտարարեց ընդդիմադիր շարժման առաջնորդը:

«Հիմա կամ երբեք», – ասաց Բագրատ արքեպիսկոպոսը:

Անցումային կառավարությունը կպատրաստվի արտահերթ ընտրությունների` առանց դրան մասնակցելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, թե անցումային կառավարությունը օրակարգային  ինչ երեք ուղղություններով է աշխատելու․

«ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։

բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով

գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»։