ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության 66 կետերից, որոնք վերաբերում են է աշխարհի տարբեր տարածաշրջանների ու ոլորտների, մեկը կապված է Հարավային Կովկասի հետ։ Հատկանշական է, որ այս կետում նշվում է միայն Վրաստանի անունը, իսկ Հայաստանի և Ադրբեջանի անունները չեն հիշատակվում։
9-րդ կետում ասվում է. «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աջակցելու Վրաստանի ժողովրդի եվրաատլանտյան ձգտումներին: Նախագահները կոչ են անում իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հարգել հանրության ցանկությունները և վերադառնալ եվրատլանտյան ուղի։ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա: Նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրմանը` ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»:
Տարածաշրջանում այժմ արագացող գործընթացների՝ առանց իրավական հիմքի «սահմանազատման», բայց իրականում՝ տարածքների հանձնման, Հայաստանին Սահմանադրություն փոխելու պարտադրանքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը չեղարկելու “առաջարկի” համատեքստում՝ Բայդենի և Մակրոնի հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես այս գործընթացներին դեմ գնալ։
Չնայած Ալիևի և Փաշինյանի հայտարարություններին, թե միջազգային բոլոր դերակատարներն իբր սատարում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիրը», Հայաստանի «կառուցողականությունը», բայց իրականում նահանջը իր միջազգային իրավունքներից և պարտավորություններից, Բայդենի և Մակրոնի հայտարարությունը հուշում է. ԱՄՆ-ը և Ֆրանսիան «խաղաղ գործընթացը» դիտարկում են որպես Հայաստանի, նաև Ադրբեջանի վերացում։
Բայդենն ու Մակրոնն իրենց հայտարարության մեջ փաստացի ասում են, որ չի լինելու Հայաստան և Ադրբեջան, նույնիսկ Վրաստան, լինելու է ինչ-որ «տարածաշրջանային ինտեգրացիա», առանց պետական սահմանների և ինքնիշխանության։
Մյուս տարածաշրջանների վերաբերյալ Մակրոնի ու Բայդենի հայտարարությունները շատ ավելի հստակ են։ Օրինակ, դա վերաբերում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը աջակցելուն և Կիևին «ինքնապաշտպանության իրավունքի իրացման» հարցում լիարժեք աջակցություն ցուցաբերելուն։
Բացի այդ, նախագահները վերահաստատել են իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի՝ երկու պետությունների ստեղծմամբ լուծման իրենց հանձնառությունը: Ի դեպ, չնշելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: