Եկել են, ասում են՝ էն իշխանությունը, որ դուք ստացել եք 2021 թվականին, տվե՛ք Բագրատ Գալստանյանին: Մենք մեր վարչապետի թեկնածուն ունենք, ժոդղովրդի սատարումը ունեցող վարչապետ կա: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:
«Ընտրությունները 2026 թվականին են: Էս մարդիկ իրենց սխալների վրա չեն սովորում: Հիմա ով 10 կամ 20 հազար մարդ հավաքի փողոցում, պետք ա գա նոր վարչապետի թեկնածու առաջակի՞: Լու՞րջ եք ասում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե որքա՞ն մարդ պետք է լինի փողոցում, որպեսզի խոսք գնա վարչապետի նոր թեկնածուի մասին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես մարդկանց հաշվելով չեմ զբաղվում: Ես ասում եմ, որ ՀՀ-ում նման պահանջ չկա: Երբ մարդիկ ուզում են իշխանություն փոխեն, գնում են ընտրությունների: Հիմա Բագրատ Գալստանյանն ա, հետո Վազգեն Մանուկյանն ա, հետո մյուսին բերեն, հո էդպես չի՞ ձևը»:
Հարցին, թե արդյոք պատրաստվում են մերժել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ պետք է չմերժենք: Տարին մեկ պիտի մարդ փոխե՞ն, գան նորից նույն բանն ասե՞ն: Հիմա եթե Վահրամ Բաղդասարյանով, Կարեն Ավագյանով մնացած հանրապետականներով նույն պալատկաները բերեն նույն տեղը շարեն, մենք պիտի բան փոխե՞նք»:
«Ես հարգանքով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր գալիս են և որևէ բանից դժգոհում: Բոլոր մարդիկ չեն կարող նույն կարծիքն ունենալ: Բայց երբ արդեն ակնհայտ է դարձել, որ դերակատարները կատարյալ նույնն են՝ անուն առ անուն, ես սա իշխանության կռիվ, աթոռակռիվ, ունեցվածքը վերականգնելու փորձ եմ դիտարկում և կատեգորիկ եմ դրան վերաբերվում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, նա պատասխանեց. «Ոչ մի բան: Ընտրություն կլինի, և մարդիկ, եթե մտածում են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կատարում էս, էս, էս, էս, կգնան կընտրեն այն ուժին, որը իրենց որևէ բան կառաջարկի: Իսկ ընդդիմությունը իր հայտարարած օրակարգի մի տոկոսը կատարե՞լ ա»:
Դեռ պարզ չէ, արդյո՞ք ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները վայր կդնեն մանդատները, եթե իշխանությունը հրաժարվի արտահերթ ընտրություններից։