Իրանը դեմ է Հայաստանում 200-300 հազար «ադրբեջանցիների» բնակեցմանը

  • 11:46 10.06.2024

Իրանական կողմը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, սակայն չի ընդունում տարածաշրջանային սահմանների փոփոխությունները։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝  հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։

«Իրանական կողմը աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Թեհրանը, սակայն, դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնությունների, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ընդգծել է Կանին։

«Ժողովրդագրությունը» նորություն է տարածաշրջանի վերաբերյալ Իրանի հրապարակային հռետորաբանության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Բաքուն և Թեհրանը բանակցում էին, որ «Ադրբեջանից» Նախիջևան, այնտեղից էլ  Թուրքիա ճանապարհն անցնի ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով։ Ալիևը միաժամանակ ասում է, որ դա չի նշանակում հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից»՝ ձգտելով Հայաստանի կողմից այն տարածքների «խաղաղ» հանձնմանը եւ վերաբնակեցմանը, որոնցով պետք է անցնի “միջանցքը”։

Վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ խոսել Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, Վայոց ձորում և Արարատում 200-300 հազար ադրբեջանցիների բնակեցման հնարավորության մասին։ Հայաստանի իշխանությունը չի հերքում նման հավանականությունը։ Իսկ Իրանը, ըստ երեւույթին, դեմ է արտահայտվում նման կարգավորմանը, որը կփոխի «ժողովրդագրությունը»։

Իրանը, սակայն, չխոսեց Արցախի բնիկ հայ բնակչության տեղահանությունից հետո «ժողովրդագրությունը» փոխելու մասին, թեկուզ իր հյուսիսային սահմանին ստանալով ևս մեկ անբարյացակամ տարածաշրջան։

Թեհրանը փորձում է խստացնել իր հռետորաբանությունը այն բանից հետո, երբ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահն ու արտգործնախարարը, կործանվել է՝ Ալիեւի հետ հանդիպումից վերադառնալիս։

f