«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը այսօր՝ ժամը 15:30-ին քաղաքացիներին հրավիրում է Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենքի մոտ։ Ժամը 16։00-ին ԱԺ խորհուրդը պետք է նիստ գումարի՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցով։ Օրակարգում կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցն է։
Բագրատ սրբազանը Բաղրամյան պողոտայից դիմեց ժողովրդին․ «Լինելու եք այստեղ, եւ մենք մեր առջեւ դրված խնդիրները կատարում ենք։ Բոլորիդ անխտիր սպասում եմ՝ պատիվ եւ հայրենիք ունենալու համար։ Ժամանակը հիմա է, այլեւս սպասելը մի կողմ թողեք։ Եթե իսկապես ուզում եք, որ մեր երկիրը չդառնա թշնամու ծառայության վայր, եթե իհարկե, մնանք այստեղ, ժամ առաջ պետք է ազատվենք այս չարիքից»։
Միաժամանակ Բագրատ սրբազանն ասաց, որ իր՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին դեռ խոսք չկա, սա գործընթացի առաջին փուլն է, որով պահանջ է դրվում, որպեսզի այս կառավարությունը հրաժարական ներկայացնի։
«Մենք ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ եւ իրավական, եւ օրինական, որպեսզի արդյունք արձանագրվի։ Իսկ արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը»,- ասաց նա։