Հայաստանը պետք է օգտագործի Իրանի հայտարարությունը. ժողովրդագրության փոփոխությունն անընդունելի է

  • 21:16 10.06.2024

«Իրանական կողմը աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Թեհրանը, սակայն, դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնության, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ասել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին CNN Turk-ին տված հարցազրույցում, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին հարցին։

Առարկան, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նոր չէ, այն սկսել է քննարկվել անմիջապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները հանձնվեցին ադրբեջանին։

Այն ժամանակ արդեն պարզ էր, որ պատերազմի այս փուլի նման հանգուցալուծմամբ շահագրգիռ կողմերը (մասնավորապես՝ ռուսաստանն ու թուրքիան) ձգտում էին վերականգնել խորհրդային տարիներին գործող Հորադիզից Երասխ երկաթուղային կապը։

Սակայն ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ։ Նախ, ավելի քան 30 տարի Իրանը չի վերականգնում ճանապարհի Ջուլֆա-Աստարա հատվածը։ Երկրորդ՝ Ադրբեջանի հետ համատեղ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի կառուցման ժամանակ Մինջևանի տարածքում գտնվող երկաթուղու մի մասը ջրի տակ է մնացել։ Այսինքն՝ երկաթուղու աշխատանքը վերսկսելու համար հսկայական վերականգնողական աշխատանքներ են անհրաժեշտ։

Ինչպես հայտնի է, դեռ 2021 թվականին և՛ Իրանը, և՛ Թուրքիան գործի դրեցին այն թեզը, որ ադրբեջանը կարող է Նախիջևանի հետ կապ հաստատել Իրանի տարածքով։ Բայց «Զանգեզուրի միջանցքի» թեման չի կորցնում արդիականությունը, և ադրբեջանը պարբերաբար հայտարարում է այդ «տրանսպորտային միջանցքին» տիրանալու ցանկության մասին։

200-300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի թեման, որը ահաբեկչական կազմավորումը  անվանում է «Արևմտյան Ադրբեջան», նույնպես քննարկվել է վերջին 3,5 տարիների ընթացքում։ Իսկ այս «վերադարձողների» վերաբնակեցումը նախատեսվում է Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում։

Այս ամենը նորություն չէ, եւ հնարավոր է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ենթարկվի ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակի քաղաքական այս ճնշմանը եւս։

Ալի Բաղերի Կանիի հայտարարությունը «ժողովրդագրության» մասին հարցեր է առաջացնում. Ինչո՞ւ է Իրանը հիմա անհամաձայնության հայտնում «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով ադրբեջանցիների տեղակայմանը։

Արդյո՞ք Իրանը 2020 թվականին չէր հասկանում, որ Հադրութի և Քաշաթաղի շրջանների օկուպացիան կհանգեցնի նրան, որ Թուրքիայի և Իսրայելի զինված ուժերը կտեղակայվեն անմիջապես Իրանի հետ սահմանին։

Արդյո՞ք Իրանը իսկապես չէր ենթադրում, որ ողջունելով «ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը», նրանք համաձայնություն են տալիս փոխել իրենց սահմանի ժողովրդագրական իրավիճակը։

26 տարի այս սահմանը պահպանում էին հայ սահմանապահները, ովքեր ասում էին, որ իրանական սահմանապահները հանգիստ, «հողաթափերով» սպորտային «բագգիներով», քայլում և հսկում էին սահմանը, քանի որ «այն կողմում» ոչ մի վտանգ չկար, այնտեղ կային բարեկամ հայեր, ովքեր իրենց հետ ոչ մի կոնֆլիկտ կամ պահանջ չունեն։

Ինչո՞ւ 2020 թվականին Իրանը թույլ տվեց ադրբեջանական, թուրքական զորքերին և սիրիացի վարձկաններին անմիջապես սահմանային գծի երկայնքով ներթափանցել Արցախի բանակի թիկունք և հասնել Հադրութ, որտեղ դաժանաբար սպանվեցին խաղաղ բնակիչները, ովքեր չեն հասցրել կամ չէին ցանկանում հեռանալ։

Իրանն իրոք չհասկացա՞վ, որ օկուպացիայից հետո այս տարածքում ադրբեջանցիներ (և գուցե այլ ազգի մարդիկ) կբնակեցվեն, և սահմանից այն կողմ ժողովրդագրական իրավիճակը կփոխվի։

Ինչո՞ւ է Իրանը հիմա խոսում սահմանների փոփոխության հետ մեկտեղ ժողովրդագրական իրավիճակը փոխելու անթույլատրելիության մասին։ Թե՞ միայն Սյունիքի մասին է խոսքը, որ խնդիր է դառնում Իրանի համար։

Իրանը, հավանաբար, այն ժամանակ էլ հասկանում էր, որ «տարածքային ամբողջականության վերականգնման» և «կոմունիկացիաների բացման» քողի տակ Ադրբեջանը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, այն է՝ օտար տարածքների զավթում, սահմանների և ժողովրդագրության փոփոխություն ամբողջ տարածաշրջանում։

Այդ դեպքում ինչու հենց հիմա՝ 3,5 տարի անց, Իրանը հասկացավ, որ սահմանների և ժողովրդագրության փոփոխություններով Ադրբեջանը ձեռք է բերելու գերիշխող պետության կարգավիճակ՝ դրանից բխող հետևանքներով։

Փոքր արցախահայության շահերի ու իրավունքների հաշվին ահաբեկչական, ֆաշիստական ​​ադրբեջանի հետ սիրախաղը թանկ կարժենա նույնիսկ հսկայական Իրանի համար։ Նրան այլ բան չի մնում, քան ատամներով կառչել Հայաստանից։ Բայց Հայաստանը նույնպես պետք է օգտագործի այդ գործոնը ադրբեջանի հետ իր բանակցային դիրքերն ամրապնդելու համար։

Թե որքանով են սրան ընդունակ Հայաստանի իշխանությունները, ցույց կտա ժամանակը։

Մարգարիտա Քարամյան