Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ անձանց Հայաստանի կառավարության կողմից հատկացված բնակարանների գնման վկայագրերի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, բայց ավելի քան 1000 ընտանիքներ չեն հասցրել օգտվել այս ծրագրից։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը։ Դեռ հատնի չէ՝ ՀՀ կառավարությունը երկարաձգելու է սերտիֆիկատների ժամկետը, թե՞ ոչ։
Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Արցախից բռնի տեղահանված անձանց մի մասը չեն կարողանում այդ վկայագրերով բնակարան ձեռք բերել Հայաստանում, Արմեն Չամոյանը պատասխանեց․ «Պատճառը գումարի քանակն է, որ մարդիկ չեն կարողանում այդ գումարի չափով տուն ճարել»։ Նշենք, որ ավելի վաղ մարդիկ ահազանգել էին, որ գնահատող ընկերություններն ավելի թանկ են գնահատում բնակարանը, եւ հատկացված գումարի չափը չի բավականացնում գնել այն։
Արցախից Հայաստան տեղափոխված վերաբնակիչ համարվող անձանց մեծ մասը հենց Քաշաթաղի շրջանից են, կան նաև ընտանիքներ Շուշիից ու Քարվաճառից։
Ըստ կառավարության ծրագրի՝ Երեւանում բնակարան ձեռք բերելու համար առաջարկվում է 8 մլն, մարզերում՝ 10 մլն դրամ։ Այս ծրագիրը, նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը, ուներ բաղադրիչ, որ Արցախ վերադառնալու դեպքում հատկացնում էին 12 մլն դրամ արժեքով վկայական։
Դեռեւս 2022 թվականի աշնանը կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան ձեռքբերման դեպքում 14 մլն դրամ վարկի մայր գումարը եւ 13 տոկոս տոկոսագումարը կվճարի պետությունը, իսկ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար հիփոթեքային վարկի դեպքում պետությունը կվճարի 16 մլն դրամ եւ 13 տոկոս տոկոսադրույք: Այն ժամանակ հայտարարվեց, որ արցախցիները եւս կարող են օգտվել այս ծրագրից, այնինչ, բռնի տեղահանված անձանց խոսքով, սահմանամերձ տարածքներին բանկերը հաճախ մոտ չեն գնում, ասում են՝ ռիսկային գոտի է։
Արցախից բռնի տեղահանված վերաբնակիչներն ամիսներ առաջ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ էին արել ու ներկայացրել իրենց խնդիրները։ Նրանք նաեւ նամակ էին հանձնել կառավարությանը՝ շարադրելով իրենց խնդիրները։ Արմեն Չոմոյանն ասաց, որ մինչ օրս իրենց հարցերի պատասխանը չեն ստացել։ «Մեր հարցերը մի քիչ հետաձգել ենք այս ներքաղաքական խառը վիճակի պատճառով։ Դեռ կառավարությունից պատասխան չունենք, բայց այս լարվածության ֆոնի վրա չեն էլ լսի մեզ, առանց այդ էլ չէին լսում»,- ասաց նա։
Անդրադառնալով կառավարության կողմից հաստատված Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ Արմեն Չոմոյանն ասաց, որ արցախցիների սպասելիքները չեն արդարացել։ «Արտագաղթը կմեծանա, որովհետեւ բնակապահովման այս երկրորդ ծրագիրը խայտառակ ծրագիր է։ Այնտեղ ժամկետներ կան, ծրագիրն իրականացվելու է առաջին, երկրորդ, երրորդ փուլերով, եւ բնական է, որ երրորդ փուլի մասնակիցները մինչ այդ հաստատ դուրս կգան Հայաստանից, չեն սպասելու մինչեւ իրենց հերթը հասնի։ Եթե դրան զուգահեռ «40+10 հազար» ծրագիրն էլ դադարեցվի, արտագաղթը մեծ թափով կմեծանա»,- ասաց նա։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: