«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովելու ու նիստը տապալելու:
Երեկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Արդեն իսկ կա ԱԺ նախագահի կարգադրությունն այդ մասով:
Ի՞նչ կլինի, երբ հունիսի 17-ի նիստը տապալվի։ Պատասխանելով այդ հարցին՝ Բագրատ սրբազանը, որի առաջնորդությամբ բողոքի կողմնակիցներն արդեն երկրորդ օրը գիշերում են Բաղրամյան պողոտայում, ասել է, որ այդ դեպքում ստիպված կլինեն թույլ չտալ պատգամավորներին աշխատանքի գնալ։
ՔՊ-ի կողմից նիստը տապալելը եւ բողոքի դուրս եկած մարդկանց “չորով” մերժելը կարելի է դիտարկել որպես “փողոցը” ուժային լուծման մղելու փորձ։ Եթե իշխանության փոփոխության օրինական ճանապարհները փակում ես, ուրեմն մղում ես ուժային լուծումների։ Հատկապես, որ արտաքին քաղաքական կրիզիսի այլ լուծում, կարծես, չի մնում, եւ կարելի է մոտալուտ կոլլապսի մեղքը դնել բողոքի դուրս եկած մարդկանց վրա։