Հունիսի 10-ին, ժամը 17:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր-Սանահին ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք, ավտոճանապարհը երկկողմանի փակ է, կան արգելափակված ավտոմեքենաներ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։
Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերել երկու մարդատար ավտոմեքենա։ Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Գիշերը Դեբեդը քշել, տարել է Լոռու մարզի Քարկոփում տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալավերդու բնակիչ Նոնա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այդ կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով շրջափակման մեջ հայտնված բնակիչները կարողանում էին կապ հաստատել մնացած բնակավայրերի հետ:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: