2022 թ․ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Արմինե Ավագյանի գլխավորությամբ իրականացվել է «Ապրելու ձայնը» նախագիծը։ Նախագծի գլխավոր նպատակն էր, որպեսզի արվեստագետները իրենց վրձինների, գրիչների, քանդակների միջոցով ցույց տան աշխարհին, որ ի հեճուկս ցավին, կորուստներին, մենք շարունակում ենք ապրել և արարել։ Այս ծրագրի շրջանակներում 2022 թ․ կազմակերպվել էր Գոռ Իսրայելյանի և Մուշեղ Մուսայելյանի ցուցահանդեսը։ 2023 թ․ հայտնի դարձավ Գոռի զոհվելու մասին լուրը։
Գոռ Իսրայելյանը զոհվել է 2023թ․ սեպտեմբերին՝ պաշտպանելով Արցախը հերթական ագրեսիայից։
Հունիսի 10-ին Համազգայինի Արցախի գրասենյակը հուշ-երեկո և աշխատանքների ցուցահանդես կազմակերպեց Երեւանում։ Ընտանիքի համար կարևոր էր, որ միջոցառումը տեղի ունենար հունիսին։ Հունիսի 10֊ին Գոռը կդառնար 30 տարեկան։
Ընդամենը մի քանի աշխատանքներ է հաջողվել փրկել, որոնք Գոռի երիտասարդ կինը՝ Անժելիկան, կարողացավ իր հետ բերել Արցախից։
Մնացած ստեղծագործությունները ներկայացված էին լուսանկարներով։ Կազմակերպիչները ֆիլմ են ներկայացրել Գոռի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին՝ որպես քանդակագործի ու նկարչի։ Հնչեցին Հայաստանի և Արցախի օրհներգերը։
Պատմում է Համազգայինի Արցախի գրասնյակի տնօրեն Արմինե Ավագյանը։
«Մեծ ցավ ապրեցինք, երբ իմացանք, որ Գոռը զոհվել էր այս վերջին պատերազմի ժամանակ։ Մենք նպատակ ենք դրել մեր առաջ, որ պետք է միջոցառում կազմակերպենք ի պատիվ Գոռին։ Եվ այսօր՝ հունիսի 10-ին, մեր բոլորիս ջանքերով կանքի է կոչվել Գոռի հուշ-երեկոն։
Միջոցառումն այս անգամ ևս կրում է «Ապրելու ձայնը» խորագիրը՝ իր մեջ ամփոփելով Գոռի անցած ճանապարհը, և այն կիսատ ճանապարհը, որը մենք արժանապատվորեն պետք է անցնենք նրա փոխարեն։Մեզ հաջողվեց կազմակերպել հուշ-երեկո՝ նվիրված Գոռին։ Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, Գոռի զինակից ընկերները։ Գոռը և մեր մյուս հերոս տղաները զոհվել են հանուն մեզ, հանուն մեր երեխաների ապագայի։
Գոռը այն տաղանդաշատ երիտասարդներից էր, ով կոչված էր ավելի լավը դարձնելու մեր ապագան, ցավոք, պատերազմները միշտ իրենց հետ տանում են լավագույններին՝ փոխարենը տալով ցավ և կարոտ։
Համազգայինի գրասենյակը ժամանակ առ ժամանակ հավաքում և պատկերագրքի տեսքով հրապարակում է երիտասարդ նկարիչների աշխատանքները։ Մի անգամ Արմինեն Գոռին նվիրել էր այդ պատկերագրքերից մեկը, խոստանալով, որ նրա աշխատանքները ևս կընդգրկվեն այնտեղ։ Հաջորդ տարի նախատեսում է տպագրել նոր պատկերագիրք՝ «Ես եմ» խորագրով, որտեղ անպայման կլինեն Գոռի աշխատանքները ևս»։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: