«Մեր նպատակն է, որպեսզի այս հակասահմանադրական ընթացքը իշխանությունն ինքն իրենով կարողանա փոփոխության ենթարկել»

  • 17:36 11.06.2024

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած Կառավարության հրաժարականի ուղերձի նախագիծը չպետք է շփոթել իմպիչմենտի գործընթացի հետ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իրենք իմպիչմենտի գործընթաց չեն նախաձեռնել։

«ԱԺ ուղերձի այս նախագծի նպատակը եղել է այն, որ ԱԺ-ն դիմում է գործադիր իշխանությանը, որպեսզի գործադիր իշխանությունն իր մեջ գտնի ուժ եւ փոփոխություն իրականցնի իր ծրագրում, որից շեղվել է։ Այսինքն՝ մեր նպատակն է, որպեսզի այս հակասահմանադրական ընթացքը իշխանությունն ինքն իրենով կարողանա փոփոխության ենթարկել»,- ասաց նա։ Բայց, Մինասյանի խոսքով, գործող իշխանությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ այդ քայլերն իրականացնել։

Հարցին, թե երբ կնախաձեռնեն իմպիչմենտի գործընթաց ու կառաջադրեն վարչապետի թեկնածու, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Բազմիցս ասել ենք, որ իմպիչմենտի գործընթացն իր տրամաբանական արդյունքին պիտի հասնի կանխատեսելի սպասումով, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Իսկ դա նշանակում է առնվազն հանրային այնպիսի ճնշում, որ մենք կարողանանք ինչ-որ տոկոսային հարաբերակցությամբ ունենալ նաեւ ՔՊ-ական շրջանակից որոշակի հատված, որը հակված է միանալ այս գործողությանը»։

Ըստ նրա՝ հանրային ճնշումն առայժմ դեռ բավարար չէ՝ այդ գործընթացը նախաձեռնելու համար։

Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները վայր չեն դնում մանդատները եւ քաղաքական ճգնաժամ չեն ստեղծում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք բազմիցս ասել ենք, որ մանդատները վայր դնելու հարցը մեր օրակարգում միշտ եղել է, կա եւ լինելու է։ Բայց դա պետք է լինի այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի արդյունք լինի։ Որեւէ իրավական հիմք չկա, որ մանդատները վայր դնելուց հետո արտահերթ ընտրություններ են լինելու։ Այս գործընթացի ամենավտանգավոր դրսեւորումն այն է, որ եթե անգամ մեր կողմից մանդատները վայր դնելուց հետո  քաղաքական իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների, այս քայլով վերարտադրվում են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ական խմբակը։ Մանդատները վայր դնելը չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը չի լինելու վարչապետի ժամանակավոր պաշոտանակատարը։ Հետեւաբար, եթե իշխանությունն ինքն է ասում՝ վայր դրեք մանդատները, գնանք ընտրությունների, հարց չկա, թող իրենք էլ դնեն։ Եվ ամենակարեւորը, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը հրաժարական է տալիս եւ չի հավակնում ժամանակավոր պաշտոնակատար լինել»։