Թեհրանն ու Բաքուն միաժամանակ զորավարժություններ են անցկացնում. ո՞վ է դիվերսիա պատրաստում

  • 21:36 11.06.2024

Ադրբեջանի և Իրանի բանակները միաժամանակյա համակարգված զորավարժանքներ կանցկացնեն իրենց երկրների տարածքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝  հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։

2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 12-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կանցկացվեն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների մարտավարական զորավարժություններ։

Զորավարժություններին ներգրավվելու են անձնակազմ, ռազմական տեխնիկա, ինքնաթիռներ և անօդաչու սարքեր։
«Հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է հրամանատարների որոշումներ կայացնելու հմտությունների կատարելագործմանը, նրանց մասնագիտական ​​մակարդակի բարձրացմանը և ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավմանը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի և Իրանի միջև պայմանավորվածության համաձայն՝ մարտավարական զորավարժություններ կանցկացվեն նաև Իրանի տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների մասնակցությամբ։

«Երկու երկրներում էլ զորավարժությունները համակարգվելու են և նպատակաուղղված են լինելու ռազմավարական օբյեկտները և կապի գծերը «հնարավոր դիվերսիոն գործողություններից» պաշտպանելու տարբեր խնդիրների իրականացմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքրքիր է, թե ո՞ւմ կողմից են Բաքուն և Թեհրանը սպասում դիվերսիայի Նախիջևանում ։