ԱՄՆ-Հայաստան երկխոսության մակարդակը “բարձրանոմ է” մինչ Ալմա-Աթայի հռչակագիր

  • 23:38 11.06.2024

Երևանում այսօր կայացել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որի արդյունքներով Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Նախ՝  կողմերը պատրաստվում են երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնել Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի:

Հայտարարության մեջ նշվել են  եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները։

Կողմերը նաև քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորությունները՝ առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների առևտուրը դյուրացնելու նպատակով:

Ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը և պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:

Քննարկումները կենտրոնացել են նաև Հայաստանի պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խթանման՝ ներառյալ ատոմային էներգիայի և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առևտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատև խաղաղության միջոցով խրախուսելով և ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապակցվածությունը: Այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը և էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին:

Այդ մասին ասված է հայտարարության մեջ, որը ԱՄՆ կողմից ստորագրել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

Հայ գործիչների հետ հանդիպումների ժամանակ նա շեշտել է, որ «մենք աշխատում ենք նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, և եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»։

Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Այս հայտարարությունների մեջ ուշագրավ են Միջին Ասիայից Միջերկրական ծով տանող ուղիների ու Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակումները։

Ի՞նչ նկատի ունի ԱՄՆ-ը․ արդյո՞ք «միջանցքը» պետք է անցնի Հայաստանի տարածքով, ի՞նչ կարգավիճակով։ Արդյո՞ք, խոսելով Ալմա-Աթայի մասին, ԱՄՆ հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատից եւ Արցախի կարգավիճակը քննարկելու հանձնառությունից։

Եթե ԱՄՆ-Հայաստան համագործակցության չափանիշը Ալմա-Աթայի հռչակագիրն է, դա նշանակում է, որ ԱՄՆ-ը ամեն կերպ սատարում է Հայաստանը կազմաքանդելու ռուս-թուրքական օրակարգին։ Պատահական չէ, որ Բայդեն-Մակրոն օրերս ընդունված հայտարարության մեջ “Հարավային Կովկաս” բաժնում Հայաստանի անունը չի հիշատակվում, ադրբեջանինը՝ եւս։  

f