Միացյալ Նահանգները ընդունում է շարունակվող տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելիս, և մտադիր է շարունակել աջակցել այս ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին, ասված է երեկ Երեւանում ստորագրված ԱՄՆ-ՀՀ համատեղ հայտարարության մեջ։
Արցախի խնդրի կարգավիճակին, բանակցություններին եւ քաղաքական լուծումներին համատեղ հայտարարության մեջ անդրադարձ չկա։ Միեւնույն ժամանակ չի ասվում, որ ԱՄՆ հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերից։ Այդ խմբի մանդատը ոչ մի կապ չունի Հայաստան-ադրբեջան հարաբերությունների հետ, Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու եւ երաշխավորելու համար։ Եւ մանդատը գործում է, ինչը հաստատում է առաջին հերթին Ալիեւը։
ԱՄՆ, խոսելով Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ ադրբեջանի սահմանազատման մասին, չի մանրամասնում, թե չնչպես է “կարդում” այդ հռչակագիրը։ Չնայած ներկայիս իշխանության հայտարարություններին, որ Ղարաբաղը ճանաչում են ադրբեջանի մաս, գոյություն ունեն իրավական անհերքելի փաստեր։ Եթե ԱՄՆ ճանաչում է 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես փաստ, պետք է ճանաչի նաեւ Հայաստանի այն ժամանակվա Հայաստանի իշխանությունների վերապահումները՝ այդ հռչակագրին միանալիս։ Պետք է ճանաչի նաեւ այն, թե ինչ սահմաններով է ադրբեջանը միացել այդ հռչակագրին։
Այն, որ ԱՄՆ չի պնդում Մինսկի խմբի մանդատի հետ կանչումը, կարող է հուշել, որ “կարգավորումը” վերջնական չի համարում, եւ Ալմա-Աթայի հռչակագիրը Ալիեւի եւ Փաշինյանի պես միանշանակ չի ընկալում։ Թեկուզ ԱՄՆ մասնակցությունը 2023 թ․ սեպտեմբերի 17-ին Պոլսում կայացած՝ Արցախի վերացման մասին “ԵՄ-ԱՄՆ-ՌԴ եւ Թուրքիա” հանդիպմանը խոսուն փաստ է, թե ինչպես է ԱՄՆ-ը տեսնում “կարգավորումը”։
ԱՄՆ չի կարող ճանաչել Արցախի խնդրի ուժային լուծումը եւ միջազգային իրավունքի տապալումը, քանի որ այդ դեպքում պետք է ճանաչի Ղրիմի “ազատագրումը” Ռուսաստանի կողմից, հետագայում՝ Թայվանի անեքսիան Չինաստանի կողմից եւ թուրքական Հյուսիսային Կիպրոսը։ Արցախը՝ ԱՄՆ քաղաքականության եւ միջազգային կարգը պահելու ունակության էտալոնն է։
Հիմա Միացյալ Նահանգները “բարձր է գնահատում Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը, իսկ Հայաստանը երախտագիտություն է հայտնել ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար, որը Միացյալ Նահանգները տրամադրել է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու համար”։
Հիմա դեռ ղարաբաղյան հարցը “փողով փակելու” ժամանակն է։
Փաշինյանը ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ “կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը”: Այսինքն, փող տվեք, ուրիշ ոչինչ պետք չէ։
ԱՄՆ սակայն քաջ գիտակցում է, որ Արցախի խնդիրը, որը հաջողությամբ օգտագործեցին ԽՍՀՄ-ը քանդելու համար եւ նույնիսկ չհավատացին արդյունքին, չի լուծվել եւ դեռ շատ կայսրություններ կքանդի։