ԱԺ նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ հարցին, որ բռնի տեղահանված արցախցիների մի մասն այնտեղ են թողել իրենց փաստաթղթերի բնօրինակները։
Հարցին, թե ինչպե՞ս է լուծվում մարդկանց փաստաթղթերի վերականգնման հարցը, կան բողոքներ, որ մարդիկ ստիպված են դատարանի միջոցով վերականգնել իրենց փաստաթղթերը, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց․
«Շատ դեպքերում տեղահանված մեր հայրենակիցներից մարդիկ չունեն բնօրինակ փաստաթղթեր, այն չափով, որ չափով այդ փաստաթղթերը եղել են թվայնացված, եւ բազաներում եղել են բավարար տեղեկություններ դրանց մասին: Մենք անցումային մի ժամանակահատվածում կազմակերպել ենք, որպեսզի նախկին պաշտոնատար անձինք այդ բազաները փոխանցեն մեր պատկան մարմիններին։ Այսինքն՝ Միգրացիայի եւ քաղաքացիության մեր ծառայությունն ընդունել է այդ բազաները եւ ըստ կարգի՝ տրամադրում է բոլոր այն քաղվածքները, որոնք այնտեղ տեսանելի են եւ հնարավոր է դրանց հղում կատարելով՝ տալ կրկնօրինակ փաստաթուղթ։ Ցավոք սրտի, ոչ բոլոր դեպքերում է դա այդպես, որովհետեւ որոշ դեպքերում ուղղակի դրանց վերաբերյալ թվային տեղեկությունները բացակայում են։ Այդ դեպքում արդարադատության նախարարության մեր գործընկերները պարզաբանել են, որ դա հնարավոր է վերականգնել միայն դատական ընթացակարգերով։ Կա նախատեսված կարգ, մի քիչ ժամանակատար ընթացակարգ է, բայց ցավոք սրտի, դա այն ընթացակարգն է, որը բոլոր կողմերի համար երաշխավորում է իրենց իրավունքների պաշտպանվածությունը»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: