ԱԺ նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների կուտակային կենսաթոշակային գումարներին։
«35 հազար շահառուներ ունեցել են 16 մլրդ դրամից մի քիչ ավելի կուտակային հաշիվների մնացորդներ։ Մենք իրավական հիմքեր ստեղծելով՝ կազմակերպում ենք այնպես, որ այդ մարդկանց բոլոր իրավունքները պաշտպանված լինեն, եւ իրենց հաշիվների մնացորդները փոխանցվեն Հայաստանում համապատասխան հաշիվներին։ Դա կնշանակի, որ երբ իրենք շարունակեն աշխատել, իրենց նոր աշխատանքից ստացվող եկամուտների նկատմամբ կկատարվեն համապատասխան վճարումներ, այդ մնացորդները մենք կտեղափոխենք եւ կծառայեն նույն մարդկանց՝ հետագայում կենսաթոշակ ստանալու համար ձեւավորվող դրամագլխին»,- ասաց նա։
Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Արցախում ծնված երրորդ եւ հաջորդ երեխաների համար դրամագլուխ սահմանելու ծրագրին եւ հարցին, թե ի՞նչ է լինելու այդ գումարների ճակատագիրը։ «Եթե չեմ սխալվում, 2009-2019 թվականների ժամանակահատվածում եղել է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը երրորդ եւ հաջորդ երեխաների համար դրամագլուխ է սահմանել, որը մարդուն հասանելի կդառնար, եթե 18 տարին լրանում էր։ Եվ եթե նա մշտապես բնակվել էր Լեռնային Ղարաբաղում, ապա կկարողանար դիմել բանկ եւ ստանալ այդ գումարները։ 2019 թվականից հետո ԼՂ իրավական ակտերով այդ կարգավորումը դադարեցվել է։ Եվ այդ դեպքում այդ երրորդ եւ հաջորդ երեխաների համար տրվել է կանխիկ նպաստ։ Այնպես, ինչպես դրան համարժեքը գործում էր ՀՀ-ում։ Հետեւաբար, այն գումարները, որոնք այդ տարիների ընթացքում կուտակված էին համապատասխան բանկում, երբ որ 18 տարին կլրանա, հասանելի կլինեն այն մարդկանց համար, ում անուններով այդ հաշիվները բացված են»,- նշեց նա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: