12-ը վճռական օր է լինելու, ասում են Բաղրամյան պողոտան արդեն 3 օր փակած “Տավուշը հանուն հայրենիքի” շարժման առաջնորդները, որոնք կոչ են արել այսօր ժ․ 15.00-ից սկսած հավաքվել ԱԺ-ի մոտ։
Այսօր խորհրդարան է եկել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ երեկ իշխող կուսակցությունը “չորով” մերժել է ընդդիմության բոլոր առաջարկները՝ սկսած վարչապետի հրաժարականից, արտահերթ ընտրություններից մինչեւ նույն իշխող ուժի նոր ծրագրով կառավարության ձեւավորում։ “Դուք մեզնից իշխանություն չեք ստանա”,- ասում են իշխանական պատգամավորները։
Քաղաքական գործիչներին հետաքրքրել է՝ եթե կրիտիկական զանգված հավաքվի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Բագրատ սրբազանը հարցն անպատասխան է թողել, ասելով՝ թող հավաքվի, կտեսնենք։ Ի դեպ, իշխանական թիմում այս օրերին ակտիվ ներքին քննարկումներ են ընթանում ՝ հնարավոր սցենարների վերաբերյալ։ ՔՊ-ում վախենում են, որ եթե 30 հազար մարդ հավաքվի ԱԺ-ի դիմաց, կգրոհեն շենքի վրա, իսկ այս դեպքում իրավապահները «պարտավոր են գործողություններ ձեռնարկել»` ընդհուպ ռազմական զենք»,- գրում են ԶԼՄ-ները:
Եթե իշխող կուսակցությունը Սահմանադրության եւ քաղաքական էթիկայի սահմաններում չի ուզում հրապարակավ քննարկի խնդիրները, չի ճանաչում, որ իր կառավարության ծրագիրը ձախողվել է, հակառակը՝ պնդում է, որ “չի տալու իշխանությունը”, դա կարելի է որակել որպես ընդդիմությանը ուժային քայլերի մղելու քաղաքականություն։ Սոցցանցերում գրում են՝ Փաշինյանի սիրտը մարտի 1 է ուզում։
Բախումները կարծես անխուսափելի են դառնում, հարցը այն է, թե ո՞ր կողմն է այն սադրելու։ Իշխանությունը ամեն ինչ անում է, որ սադրանքի մեջ մեղադրի ընդդիմությանը /նախկիններին, Եկեղեցուն, ղարաբախցիներին, Ռուսաստանին, ազգայնականներին/։ Ընդդիմությունը զգուշացնում է, որ ուժային կառույցները իրենք կարող են սադրել։
ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է․ “Պլանը սա է. այս ֆարսի միջոցով հնարավորինս շատ մարդ հավաքել Ազգային ժողովի դիմաց, բախումներ հրահրել ու ստեղծել քաոս”:
Ազգային անվտանգության ծառայությունն այսօր կոչով դիմել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին՝ հորդորելով պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ ԱԱԾ-ն զգուշացրել է՝ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ Ոստիկանությունն իր հերթին հորդորել է՝ զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:
Իշխանության ներկայացուցիչների անզիջում պահվածքը, որը ճիշտ կլինի երկրի թշնամիների դեմ օգտագործել, միտումնավոր բախումներից հինգ պակաս իրավիճակ է ստեղծում։