«Ես ուզում եմ անդրադառնալ այն գնահատականին, որ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին թողել է մենակ։ Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականից հետո ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել Լեռնային Ղարաբաղին։ Եվ այն մարդիկ, ովքեր իմ ասուլիսներում Լեռնային Ղարաբաղից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրկում՝ ասելով, որ ԼՂ հերոսական ժողովուրդը եւ մենք մինչեւ վերջ կանգնելու ենք եւ ոչ մի բան չենք զիջելու, Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգում էին ինձ, ասում էին՝ մի բան արա, մենք ըստեղից փախնենք»,- Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին։
Պատգամավորները բարձրաձայնեցին հարցը, որ քաղաքական դրդապատճառով մինչեւ հիմա բանտում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը։ Անդրադառնալով զինվորականներին՝ Փաշինյանն ասաց․ «Էտ ձեր նշած գեներալները 2018-2019 թվերին գիտե՞ք ինչ հայրենասիրական կենացներ են խմել իմ ներկայությամբ։ Այդ մարդիկ, որ ասում եք բանտերում են, ասում եմ՝ վախկոտ դասալիքներ են։ Բոլոր վախկոտ դասալիքները պիտի հայտնվեն բանտերում եւ երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում։ Դա Հայաստանի Հանրապետության արժանապատվության հարցն է»։
Փաշինյանի այս հայտարարությունից հետո վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ նիստում։ Ընդդիմադիր պատգամավորները «դավաճան» անվանեցին Փաշինյանին։