2019 թ․
Ազգային ժողովի նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց իր այն թեզը, թե միջազգային հանրությունն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։
Նա կրկնեց, որ 1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ձեւավորվել էր կոնսենսուս մինուս մեկ իրավիճակ, որտեղ մինուս մեկը Հայաստանն էր։
«Միջազգային հանրությունն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, եւ ԼՂ-ն պետք է բարձր կառավարման կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում։ Ես այս մասին այսքան ժամանակ խոսում եմ, ճիշտն ասած, երեկ իմ շրջապատի եւ միջավայրի անձանց շրջանում մի փոքր հարցում անցկացրի, պարզաբանելու՝ արդյոք նրանք ծանո՞թ են այն փաստաթղթին, որի վրա ես արդեն երկու տարի հղում եմ անում։ Ու հետո զարմանքով արձանագրեցի, որ այդ փաստաթուղթը, որը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ըստ էության միջազգայնորեն ընդունված սահմանադրությունն է, մեր իրականության մեջ ընթերցված չէ։ Ես հիմա կկարդամ այդ թուղթը, որը գործող նախագահողի հայտարարությունն է 1996 թվականի ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքներով։ Այդ ժամանակ եղել է Շվեյցարիայի արտգործնախարարը։ Մեջբերում եմ՝ թարգմանած հայերեն․ «Դուք բոլորդ գիտեք, որ վերջին երկու տարիների ընթացքում որեւէ առաջընթաց ձեռք չի բերվել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խնդիրը։ Ցավում եմ, որ Մինսկի համաժողովի համանախագահների ջանքերը՝ համաձայնեցնելու կողմերի տեսակետները կարգավորման սկզբունքների շուրջ, հաջողության չեն հասել։ Երեք սկզբունքները, որոնք պետք է դառնան ԼՂ հակամարտության կարգավորման մաս, առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այդ երեք սկզբունքներին աջակցում են Մինսկի խմբի բոլոր անդամ երկրները։ Այդ սկզբունքներն են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ԼՂ իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում՝ Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի եւ նրա ողջ բնակչության անվտանգության ապահովում՝ ներառյալ կողմերի կողմից փոխադրաձ պարտավորություն՝ երաշխավորելու համապատասխանությունը կարգավորման սկզբունքներին։ Ցավում եմ, որ մասնակից պետություններից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ սա ընդունել։ Այդ սկզբունքներին աջակցում են մասնակից բոլոր պետությունները, ԵԱՀԿ բոլոր պետությունները։ Այս հայտարարությունն ընդգրկվելու է Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերում»»։
«Սա ԼՂ խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունն է։ Սա նշանակում է, որ հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը նշանակել են, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետեւ 1996 թվականից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին։ Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան, Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով եւ նենգափոխելով, ԼՂ հարցն օգտագործել է՝ Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ 1996 թ․ ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի հայտարարության վրա վետո է դրել այն ժամանակ նախագահող Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 2022-ին Փաշինյանին “պատուհաս” է անվանել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: