Հայտնի չէ, թե Տավուշում “սահմանազատման” գործընթացից հետո ադրբեջանցիները որեւէ կետում նահանջե՞լ են

  • 19:05 13.06.2024

Կիրանց

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հստակ չգիտեն, թե Տավուշում այսպես կոչված սահմանազատման գործընթացից հետո ադրբեջանցիները որեւէ կետում նահանջե՞լ են։ Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեզ թույլ էլ չեն տալիս մոտենալ, դա փակ ինֆորմացիա է։ Գուղացիները չգիտեն՝ ո՞նց են գծել, ի՞նչ են գծել, ոչ քարտեզ կա, ոչ թուղթ կա։ Փաստ է, որ Կիրանցի սահմանը Խորհրդային միության ժամանակ հաստատ Կիրանց գյուղիի մեջտեղով չի անցել, ոչ 1976 թվականի, ոչ էլ 1986 թվականի քարտեզներով։ Այդ սահմանազատում կոչվածն ընդամենը Ալիեւի պատվերով արված գործընթաց է։ Ըստ իս՝ սա այլեւս շարունակություն չի ունենալու, որովհետեւ որտեղ իրենց պետք էր, իրենք ստացան, իսկ ինչ պիտի տան, բնականաբար չեն տալու»։

Նվեր Բեգլարյանն ասաց, որ Ոսկեպարում մարդիկ հուսահատված են, այսպես կոչված սահմանազատման սյուները դրել են գյուղի եկեղեցուց 40-50 մետր հեռավորության վրա։ Գյուղացիները դեռ ադրբեջանցիներ չեն տեսել Ոսկեպարի տարածքում, բայց, մեր զրուցակցի խոսքով, Բաղանիս գնալիս ճանապարհից 100 մետր հեռավորության վրա ադրբեջանցիներն արդեն տեսանելի են։ «Հայկական նախկին դիրքերում, որտեղից մերոնք հետ են քաշվել, այնտեղ նստած են։ Եթե Խորհրդային միության ժամանակ հաստատ գիտեինք, որ Բաղանիսի ու թուրքերի սահմանը Բաղանիս գետով է անցնում, հիմա Բաղանիսի տարածքով է անցնում, ոչ թե գետով։ Փաստորեն եկել են, Բաղանիսի տարածքից ահագին վերցրել են»,- ասաց Բեգլարյանը։

Անդրադառնալով հարցին, թե գյուղերից արտագաղթ կլինի՞, ի՞նչ տրամադրություններ են մարդկանց մոտ, նա ասաց․ «Եթե այսպես կոչված անկլավների հարցն էլ առաջ բերեն, եթե գան ասեն՝ Ոսկեպարի վերեւի հատվածն էլ պիտի տանք, ի՞նչ ապրելու մասին է խոսքը։ Եթե Կիրանցում թուրքին տեսնեն, արտագաղթ կլինի։ Այսօր դեռեւս թուրքին Կիրանցի կենտրոնում չեն տեսնել, երբ կտեսնեն, այն ժամանակ կտեսնեք, թե արտագաղթը ոնց է լինում։ Ոչ մեկը թուրքի հարեւանությամբ չի ուզում ապրել, հետն էլ երեխա պահել»։

Նշենք, որ Ազգային ժողովում լրագրողները հարցրել էին Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ Բերքաբերի հողերը չեն վերադարձվել Հայաստանին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանին կվերադարձվեն 33 գյուղերի կենսական նշանակության հողատարածքները։ Երեկ նա լրագրողների հարցին ի պատասխան ասաց«Այդ հատվածում սահմանազատում տեղի չի ունեցել»։ Փաշինյանը նաեւ չպատասխանեց հարցին, թե երբ են ադրբեջանցիները հետ քաշվելու ՀՀ տարածքներից։

Ռոզա Հովհաննիսյան