«Ամառ է, հանգստանում եմ,-ասում է արցախցի լրագրող Դավիթ Սիմոնյանը․-Այգու ծառերը ջրելու կարիք չկա, բալ ու թութ հավաքելու կարիք չկա, խաղողի վազ հյուսելու կարիք չկա, մանավանդ, որ ես արդեն այգի էլ չունեմ: Հայն ինչու տուն կառուցի իր հայրենիքում, եթե ի վերջո ամեն ինչ մնում է թշնամուն: Այս հիասթափության տրամաբանությամբ շատերն արդեն լքել են Հայաստանը… Ես հեռանալու տեղ չունեմ, առայժմ ապրում եմ անցյալով…
Հունիսի 13-16-ը նախատեսել եմ հնագույն զենքերի հավաքածուի ցուցադրությունը, բոլոր մանրամասները` պաստառում: Հրավիրում եմ բոլորին, ովքեր հետաքրքրված են մարդկության պատմությամբ: Կենդանի հաղորդակցությունն ավելի լավ է, քան ինտերնետը, և դուք կարող եք դիպչել ցուցանմուշներին և զգալ անցյալի էներգիան: Ցույց կտանք իմ «Կատարսիս» ֆիլմը: Այն մասին է, թե ինչպես է ամեն ինչ միաձուլվել»:
Նախկինում Դավիթ Սիմոնյանն ականազերծող էր, մաքրում էր Արցախի հողը: Իր կոլեգաների հետ միասին են ամբողջը պեղել: Հետաքրքիր գործիքները բրոնզից, քարից ու երկաթից են, որոնք իրարից տարբերվում են չափերով, ձևերով, օգտագործման նպատակներով:
«Քարանձավում ապրող մարդու առաջին գրիչն ենք գտել: Առաջին բլոգերի առաջին գրիչը»,- նշում է Դավիթն, ասելով, որ այն մոտավոր 10 հազար տարեկան է: Հաստ ածելիով գործիքները մոնղոլական են: Սկյութներին (Հյուսիսայի Մերձսևծովյան շրջաններում բնակվող ազգակից հնագույն ցեղերի ընդհանուր անվանումը) պատկանող զենքերը ավելի փոքր են, սուր ծայրով: Եռաթև զինատեսակները ավելի լայն կիրառություն են ունեցել: Ձիերի սպանդի համար նախատեսված զենքերը հատուկ լայնություն ունեին: Նախկինում կար ինքնապաշտպանության համար նախատեսված 2 ձևի սաղավարտ, մեկն ամբողջական էր, մյուսը` կտրվածքներով: Կենդանիների կաշիներն օգտագործում էին որպես սաղավարտ և դրան համապատասխան ընտրում էին զենքերը, որոնք կծակեին այդ սաղավարտը:
Ադրբեջանցիները սպառնում էին Հակարի կամրջում առգրավել հնագիտական պեղումները:
«Արցախը կորել է… Մեզնից գողացել են այսօրը և վաղը, բայց երեկը դեռ մնացել է: Այդքան երջանիկ չապրեն մեր հողում, մեկ է…Մի օր վերադառնալու ենք…»,-ասում է լրագրողը:
Տաթև Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: