Արցախցիների բնակապահովման ծրագիրը հաստատվել է․ մանրամասներ

  • 14:28 14.06.2024

Գործադիրը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին։ Որոշման ընդունումը պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրն ունի երեք բաղադրիչ. «Առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով: Երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը, և երրորդը՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը: Հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում: Առաջինը՝ 5 մլն դրամ թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու: Երկրորդը՝ 4 մլն դրամ թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում: 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և 2 մլն դրամ, եթե արդեն ունի հիփոթեք, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից»:

Նախարարը ներկայացրել է ծրագրի հիմնական պայմանները. ««2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռք բերվող տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, սակայն ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարելու է ՀՀ կառավարությունը: Եթե հավաստագրի իրացման արդյունքում գումար է մնում՝ դրական մնացորդ, ապա մենք առաջարկելու ենք և հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի կարողանան այդ դրական մնացորդն ուղղել այս երեք ուղղություններով՝ գյուղնշանակության հողամասի գնում մինչև 5 մլն դրամ, հնարավորություն կտանք, եթե ձեռք բերված անշարժ գույքը ունենա վերանորոգման կարիք, վերանորոգել մինչև 4 մլն դրամի սահմաններում, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման հնարավորություն մինչև 2 մլն դրամի սահմաններում:

Որ ընտանիքները շահառու չեն լինի. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ- ից բռնի տեղահանված ընտանիքների մասին է խոսքը, բացառությամբ Քաշաթաղի ծրագրի շահառուների՝ անկախ իրավունքի իրացման փաստից. այս ծրագիրը ԼՂ առանձին շրջաններից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թվականին կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն, բնակելի տան կառուցման առանձնահատկություններ են: Շահառուն բնակելի տան կառուցման համար պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևիցե մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից:

Եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս այս աջակցության գումարից մինչև 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ, քան 400 քմ-ը»:

Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, ընդ որում՝ կարգը հաստատվելու պահից կգործի տան ձեռքբերման աջակցության բաղադրիչը, հունիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, և օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը: Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում կընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանան բանկից:

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ 2-րդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները. մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թ. հունվարի 1-ը, 3-րդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքներ, մեկնարկը՝ 2027 թ. հունվարի 1-ը:

Նշվել է նաև, որ ծրագիրը մշակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խմբի քննարկումների արդյունքում և կմտնի գործնական փուլ մինչև հունիսի 15-ը կարգի հաստատումից հետո:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխատանքային խումբն իսկապես շատ մեծ և շատ ծավալուն աշխատանք է կատարել, որովհետև արդեն զեկույցից, կարծում եմ, պարզ եղավ, թե ինչքան մանրամասներ կան: Եվ նախ ուզում եմ աշխատանքային խմբին՝ պարոն Խաչատրյանի գլխավորությամբ, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար: Բայց նաև ասել, որ այս մանրամասները պետք է այսօրվանից սկսած շատ պատշաճ լուսաբանվեն, որպեսզի մարդիկ այդ հարցերի պատասխանները ստանալու համար ստիպված չլինեն գերատեսչությունից գերատեսչություն գնալ, տարբեր տեղեր զանգել, տարբեր տեղեր դիմել»:

Վարչապետն այդ համատեքստում կարևոր արձանագրում է արել՝ կառավարությունը հրաժարվել է համահարթեցման տրամաբանությունից և մի բանաձև ու մի սկզբունք որդեգրելու տրամաբանությունից. «Կարծում եմ՝ ծրագիրը իսկապես շատ լավն է: Կրկին՝ մենք նույն մարտահրավերի հետ ենք բախվելու, որպեսզի կարողանանք տեղ հասցնել մարդկանց, թե այս ինչ է և ինչի մասին, կարողանանք բացատրել նաև, թե այս 242 բնակավայրն ինչ սկզբունքով է ընտրվել, հաջորդ 145 բնակավայրն ինչ սկզբունքով է ընտրվել: Այդտեղ մենք նաև փորձել ենք համադրություններ անել կառավարության այլ ռազմավարական ծրագրերի հետ՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման: Մենք տեղեր ունենք, որ դպրոցները կառուցվել ենք ոչ թե արդեն իսկ գյուղում կամ դպրոցի ունեցած աշակերտների թվով, այլև պոտենցիալը հաշվի առնելով: Եվ հիմա, եթե մեր քույրերը և եղբայրները կգնան բնակվելու այդ համայնքներում, սա նշանակում է, որ կառավարության ծրագրերը կհամադրվեն իրար հետ, և ինչ-որ առումով սիներգիայի էֆեկտ կունենանք»:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Մենք գնահատել էինք, որ այս ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 25 հազար ընտանիք, և եթե պարզ հաշվարկով մտածենք, որ դա միջին հատուցման չափով կարող է լինել, ապա 500 մլրդ դրամ կարող է կազմել այդ տների կամ բնակարանների կառուցման կամ ձեռքբերման արժեքը, բացի այն տոկոսային ծախսերից, որոնք ամբողջ ժամանակահատվածում կվճարենք այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք կիրականացնեն այս ծրագիրը: Ամենահամեստ հաշվարկներով՝ 700-800 միլիարդը գերազանցող ծախս է»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։
Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝
✅ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում),
✅ հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար,
✅ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝
📌 Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝
․ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
․ 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
․ զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
․ գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
․ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։
📌 Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել՝
☑️ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
☑️ 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն։
📌 Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝
․ ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։
Աջակցության չափը կազմում է՝
• 5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1),
• 4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2),
• 3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառություն կկազմեն Երևանի 1-ին և 2-րդ գոտիները),
• 2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի։
f