Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ ՀՀ քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին» նախագիծը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելու համար նախատեսված է փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջ, ինչը սոցիալական, ինչպես նաև տեխնիկական բարդությունների հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար խնդրահարույց է։
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության ժամանակ՝
1) փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունն ամբողջությամբ կատարելու մասին տեղեկանք ներկայացնելու և
2) հաշվառվող տրանսպորտային միջոցի հաշվառման համարնիշերը չփոխարինելու մասով։
Վերը նշվածի արդյունքում նախագծով նախատեսված կարգավորումները միաժամանակ կնպաստեն բռնի տեղահանվածների՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի իրացմամբ պայմանավորված սոցիալական բեռի նվազեցմանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: